Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Արարքցյան. Թող Տեր-Պետրոսյանն ինքը որոշում կայացնի

Դեկտեմբեր 22,2012 12:41

«Ինքս ինձ համար որ մտածում եմ՝ չեմ կարող հասկանալ, թե կշեռքի նժարը որ կողմն է ավելի շատ թեքվում»,- ասաց ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը՝ պատասխանելով «Առավոտի» հարցին՝ իր կարծիքով, առաջին նախագահի առաջադրումն այժմ ի՞նչ կտա քաղաքական դաշտին՝ նկատի ունենալով 2008-ի փետրվարի զարգացումները եւ վերջին մեկ տարում ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի համագործակցության ֆոնին առկա հիասթափությունը:

Բաբկեն Արարքցյանն ասաց, որ համամիտ է Տեր-Պետրոսյանի այն գնահատականին, թե ներկայիս իշխանությունը քաղաքականությունը հասկանում է միայն իշխանություն եւ փող: Ըստ նրա՝ մինչդեռ քաղաքականությունը գաղափարներ եւ իդեալներ են:

Միաժամանակ, պրն Արարքցյանի համոզմամբ, դրան զուգահեռ, չպետք է անտեսել պրագմատիկ մոտեցումները, քանի որ ռեալ պոլիտիկ կոչվածը հատկապես ժամանակակից աշխարհում իր դերը խաղում է, ուստի Արարքցյանի կարծիքով՝ շատ բան մտածելու կարիք կա՝ մանավանդ որ նախ սա խորհրդարանական ընտրություն չէ, նաեւ անձնավորված հարց է. «Սխալ կլինի… քաղաքական ուժերը հայտարարել են, որ իրեն սատարելու են, բայց այս պահին նաեւ կրիտիկական մասսան պետք է հաշվի առնել: Իր անձնական որոշումն է՝ պետք է թողնել, որ առանց ճնշումների եւ ազդեցությունների ինքը որոշում կայացնի»:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Բաբկեն Արարքցյանն ասաց, որ ՀԱԿ-ի կողմից համընդհանուր աջակցություն կունենա միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իսկ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հնարավոր առաջադրման մասին Արարքցյանն ասաց. «Նա իրականացնում է իր սահմանադրական իրավունքը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31