ՀՀՇ համագումարում այս պահին ելույթ է ունենում ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա քննադատում է հայաստանյան քաղաքական իրողության «նորահայտ որակը», այն է՝ ռուսամետների եւ եվրոպամետների բաժանումը:
Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ միանշանակ չի կարելի սահմանել արժեքային համակարգ եւ նշել, թե որ համակարգում պետք է Հայաստանը լինի: Նրա խոսքով, լիբերալիզմը, պառլամենտարիզմը ստեղծվել են Եվրոպայում, բայց Եվրոպայում են ստեղծվել նաեւ ֆաշիզմը, ինկվիզիցիան:
Տեր-Պետրոսյանը Սահմանադրության խախտում եւ խառնակչություն է համարում հայ ժողովրդին մասերի բաժանելը: Իսկ նման կողմնորոշումը` ավելի շատ գործակալական, քան քաղաքական: Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքով, սա հավասարապես վերաբերվում է եւ ռուսամետություն եւ արեւմտամետություն քարոզողներին: «Ո՞վ ասաց, որ Հայաստանը պետք է կամ դեպի Ռուսաստան կողմնորոշվի, կամ դեպի Եվրոպա: Կողմնորոշումները կարող են լինել ժամանակավոր դաշինքների ձեւով, կախված երկրի կոնկրետ շահից: Մենք ոչ արեւմտամետ պետք է լինենք, ոչ ռուսամետ: Միակողմանի կողմնորոշումը ոչ մի ազգի ոչ մի լավ բանի չի բերել: Այդ դեպքում լինում են բարեկամներ եւ բազմաթիվ թշնամիներ: Ըստ նրա կործանարար է նաեւ հակաամերիկյան կամ հակառուսական լինելու քարոզչությունը: Հայաստանը հակա-որեւէ երկրի չպետք է լինի»,- վստահ է Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Բերելով օրինակներ համաշխարհային փորձից՝ՀՀ առաջին նախագահը նկատեց, որ այդ երկու ուժերի արդյունավետ միավորմամբ հնարավոր է երրորդ՝ ավելի վտանգավոր ուժերի դեմ պայքարել:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ