Լրահոս
Օրվա լրահոսը

Անհամարժեքների մի ցուցակ կազմեք, պրծեք

Դեկտեմբեր 22,2012 10:37

Պատգամավոր Մհեր Սեդրակյանի կողմից լրագրողին սպառնալու պատմությունը երեկ նոր զարգացում ստացավ։ Տեղի ունեցած խայտառակ միջադեպի առնչությամբ շուրջ 160 լրագրողի ստորագրությամբ նամակ-պահանջագիր է հղվել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին։
Հատկանշական է, որ պահանջագիրը վերաբերում է ոչ միայն կոնկրետ Մհեր Սեդրակյանի «ինքնադրսեւորմանը», այլեւ այլ «ինքնատիպ» պատգամավորների նմանօրինակ վարքին։ Հիշեցնենք, որ պատգամավոր Մհեր Սեդրակյանը խորհրդարանի նիստերի դահլիճի հարեւանությամբ գտնվող ճեմասրահում մոտեցել էր տվյալ պահին իր մասնագիտական պարտականությունները կատարող «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանին եւ նրան սպառնացել՝ «… կտամ ծնոտդ կպոկեմ»։
ԱԺ նախագահին ուղղված նամակում նաեւ նշվում է. «Հարգելի պարոն Աբրահամյան, օրինակները քիչ չեն, երբ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները, մեղմ ասած, անվայել վարք են դրսեւորել լրագրողների նկատմամբ: Նման պատգամավորները մեկը կամ երկուսը չեն. Առաքել Մովսիսյան, Կարո Կարապետյան, Սամվել Ալեքսանյան, Նահապետ Գեւորգյան։
Մհեր Սեդրակյանի դեպքը միայն թարմ օրինակ է, որը լցրել է մեր՝ ներքոստորագրյալ լրագրողներիս համբերության բաժակը: Մենք մեր աշխատանքներն իրականացնելիս հաճախ շփվում ենք նման պատգամավորների հետ, ովքեր հասարակ, մարդկային շփման կանոններին չեն տիրապետում»:
Լրագրողները հիշատակում են այն պատգամավորներին, որոնք «աչքի են ընկել»։
Այսպես. «Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի մասն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքը ներկայացնող պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով մեկ անգամ արդեն արժանացել է Էթիկայի հանձնաժողովի կոպիտ գնահատականին, լրագրողներին դիմում է «քուր ջան, ազիզ ջան, ցավդ տանեմ» եւ նման բառապաշարով:
ՀՀԿ համամասնական ցուցակով ԱԺ մուտք գործած մեկ այլ պատգամավոր՝ Նահապետ Գեւորգյանը (Նովո), լրագրողին Հանրապետության հրապարակում հայհոյում է: Կան պատգամավորներ, որոնց երբ լրագրողները փորձում են հարց տալ, պատգամավորին ոչ վայել արտահայտություններով են արձագանքում` «թռաք ստից, սրանցից պրծում չկա, դու մուտիլովշիկ ես, ինձ մի նկարի»:
Նամակում նաեւ նշվում է, որ նման դեպքերի կրկնությունը հետեւանք է նաեւ այն բանի, որ անքաղաքավարի պատգամավորներին առնվազն կարգի հրավիրողներ չկան։
«Մենք չենք ակնկալում միջադեպը կամ երեւույթը դատապարտող հայտարարություններ, խորին ցավի կամ ափսոսանքի արտահայտություններ,- նշված է ԱԺ նախագահին ուղղված նամակում։- Պահանջում ենք քաղաքական գնահատական տալ կատարվածին եւ Ձեր՝ որպես ԱԺ նախագահի հավաստիացումը, որ այսուհետեւ նմանօրինակ ոչ մի դեպք անհետեւանք չի մնա, եւ յուրաքանչյուր ոք կստանա համարժեք պատասխան: Պահանջում ենք նաեւ, որ պատգամավոր Սեդրակյանն իր դեպքում գուցեեւ սովորական դարձած պահվածքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրի լրագրող Արշակյանից:
Հակառակ դեպքում խնդրում ենք հրապարակել այն պատգամավորների ցուցակը, որոնց հարց ուղղելու ողջ պատասխանատվությունը՝ իր հետեւանքներով հանդերձ, ընկնում է բացառապես մեր՝ լրագրողներիս վրա»:
Այս վերջին շեշտադրումը, որքան էլ որ հեգնական երանգ ունենա, թերեւս տեղին է։ Իսկապես, թող կոնկրետ ցանկ լինի, ու երբ, ասենք, լրագրողին հավատարմագրում են ԱԺ-ում, հավատարմագրի հետ տան նաեւ «անտաշների սեւ ցուցակը», համապատասխան ինստրուկցիայով՝ «Այսինչյանին, այնինչյանին ու յեսիմինչյանին հարց տալը վնասակար է ձեր առողջությանը։ Խնդրում ենք խուսափել նրանց 5 մետրից ավելի մոտենալուց»։ Այդպես գոնե ավելի ազնիվ կլինի։
Իսկ ընդհանրապես, կարծում ենք, անկախ նրանից՝ ԱԺ նախագահն ինչ քաղաքական գնահատական կտա կամ չի տա կատարվածին, ճիշտ է նախ՝ օգտվել օրենսդրության ընձեռած հնարավորությունից՝ դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով։ Նույնը՝ կատարվածի իրավական հետեւանքների առումով։ Ի վերջո, կա Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածը՝ «Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու» վերաբերյալ։ Թերեւս դժվար չէ դիմել համապատասխան իրավապահ մարմիններին, որպեսզի համապատասխան ընթացք տան այդ դեպքին։
Մյուս կողմից, ինչ հավաստիացում էլ տա ԱԺ նախագահը, հիմնական հարցն այն է մնում, թե բռի վարք դրսեւորող զանազան անձինք իսկապես ի՞նչ գործ ունեն խորհրդարանում, առհասարակ։ Նրանցից, ախր, ի՞նչ քաղաքական գործիչ։
Լավ, սահմանադրությունն ու օրենքները թույլ են տալիս, որ այս կամ այն անձը դառնա խորհրդարանի պատգամավոր, սակայն դա ի՞նչ է տալիս երկրին, հասարակությանը։ Ավելին՝ դա վնասից ու գլխացավանքից բացի ոչինչ չի տալիս նաեւ նման անձանց պատգամավորության բերողներին։ Բայց, եթե որոշում են, որ նրանց բերելու են ԱԺ, ապա գուցե, նախ, տվյալ անձանց հասանելի կերպով հասկացնե՞ն, որ մտնում են քաղաքական դաշտ, որ պարտավոր են իրենց կարգին պահել, «վրա չքշել» լրագրողների ու իրենց դիմող քաղաքացիների վրա, որ…, որ…, որ…, պատկերավոր ասած՝ գլուխները պիտի մտցնեն, որ ԱԺ-ն իրենց «քուչեն» չի ու այստեղ չի կարելի «քիթը քչփորել»։ Սա՛ է բուն հարցը։ Մնացյալը հետեւանքներն են։
Ինչ վերաբերում է վերը նշված նամակին, ապա ես՝ «Հայոց Աշխարհ» օրաթերթի թղթակից Արմեն Հակոբյանս, նույնպես ստորագրում եմ հիշյալ նամակ-պահանջագիրը։

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31