Կառավարության նիստերի դահլիճում մեկնարկեց ՀՀՇ 17-րդ համագումարը: Համագումարի աշխատանքներին մասնակցում է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրան ընդունեցին «Լեւոն-Լեւոն» վանկարկումներով: ՀՀ հիմնի ներքո ողջ դահլիճը կանգնեց՝ բռունցքները պարզած: Համագումարին ներկա են ՀԱԿ անդամ բոլոր կուսակցությունների ղեկավարները: Հրավիրված են խորհրդարանական ընդդիմադիր եւ այլընտրանք ուժերի ներկայացուցիչները: Ներկա են «Ժառանգության» եւ ՀՅԴ ներկայացուցիչները: ԲՀԿ-ից այս պահին դահլիճում ոչ մեկը չկա:
Համագումարին ներկա չէ նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Օրակարգում է համագումարի բանաձեւի ընդունումը: Բանաձեւի նախագծում ներքաղաքական խնդիրների վերաբերյալ ասված է. «Հայաստանը շարունակում է կանգնած մնալ ճակատագրական մարտահրավերների առաջ: 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետեւանքով ձեւավորված ավազակապետական ռեժիմը ավելի եւ ավելի է առարկայանում, որպես իրական վտանգ Հայաստանի ոչ միայն պետության, այլեւ ազգային գոյության համար»:
ՀՀՇ-ում գտնում են, որ «առաջիկա նախագահական ընտրություններում հնարավոր է գտնել այն ամենաարդյունավետ միջոցները, որոնք կբերեն ռեժիմի վախճանին եւ սահմանադրական կարգին»:
Կարդացեք նաև
Բանաձեւի նախագծում անդրադարձ կա նաեւ ՀԱԿ-ի հնգամյա գործունեությանը, ինչն, ըստ հեղինակների, թուլացրել է ռեժիմի հիմքերը. «Վերջին շրջանում քաղաքական դաշտում կատարվող որակական տեղաշարժերը, նոր իրողությունները ցույց են տալիս, որ էականորեն պակասել են վարչախմբի ռեսուրսները եւ ավելացել է նրա խուճապը: Իշխող ուժը, ըստ էության, մնացել է միայնակ, նրա միակ հույսը մնացել է ընտրակեղծիքների՝ կատարելիության հասցված մեխանիզմը: Եթե առաջիկայում ռեժիմին հաջողվի վերարտադրվել՝ կխորանան անդառնալի գործընթացները, կշարունակվի բարձրանալ աղքատության մակարդակը, կաճի արտագաղթը, ԼՂՀ հարցում կարձանագրվեն նորանոր կորուստներ: Հասարակական եւ պետական շահը պատասխանատվություն են պահանջում քաղաքական բոլոր ուժերից»:
Ընտրությունների մասնակցության ձեւի մասին բանաձեւի նախագծում որեւէ խոսք չկա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Տեսանյութը՝ «Ա1+»-ի