Լրահոս
Օրվա լրահոսը

Մնանք ռեալ պոլիտիկի վերադարձին սպասող

Դեկտեմբեր 22,2012 10:18

Հատված «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ հարցազրույցից:

-Դուք հրաժարվեցիք մասնակցել նախագահական ընտրություններին, այսօր ձեր օրինակին հետեւեց Արամ Սարգսյանը, Դաշնակցությունը եւ ՀԱԿ-ը նույնպես չեն բացառում ընտրությունները «բոյկոտելու» տարբերակը։ Այդպիսով չե՞ք նպաստում «ռեժիմի վերարտադրությանը»։

-Իհարկե, ձեր ասածի մեջ կա տրամաբանություն, որը այս դեպքում, իմ կարծիքով, չի աշխատում։
Դասական առումով ընտրությունները մտքի, այլընտրանքային խոսքի, ծրագրերի պայքար են։ Ցավոք սրտի, այդ պայքարը այսօր Հայաստանում պրակտիկորեն հնարավոր չէ, դրա համար հասարակությունն էլ ընտրություններին այլ ձեւով է վերաբերվում։ Ավելին՝ հասարակությունը դուրս է բերված քաղաքական դաշտի ուղեծրից եւ ավելի շատ սոցիալական, տնտեսական խնդիրների մասին է մտածում։ Սա է նաեւ պատճառը, որ օլիգարխիկ կառույցի վրա հիմնված կուսակցության առաջնորդը կարող էր համարվել լավագույն թեկնածուներից մեկը։ Այս պարագայում քաղաքական ընտրություններ անցկացնելը գրեթե անհնար է։
Որեւէ մեկը, կարծում եմ, չի կասկածում մեր ունակություններին՝ ծրագրեր ներկայացնելու, բանավիճելու, խոսելու, բայց եթե ընտրությունները քաղաքականացված չեն՝ վերածվում են զուտ առքուվաճառքի, եւ եթե հասարակությունն ընդառաջ է գնում այդ պրոցեսներին, ապատիայի մեջ է, պատրաստ չէ դուրս գալ փողոց, մնում է միայն քաղաքական բոյկոտը։

-Կարծում եք, բոյկոտի մեխանիզմը կաշխատի՞։

-Կարծում եմ, բոյկոտի գաղափարը գնալով թափ է հավաքում։ Եթե ելույթ ունենայի, ընդդիմության իմ գործընկերներին կոչ կանեի չմասնակցել ընտրություններին։ Սերժ Սարգսյանը հավաքելու է 65-70 տոկոս ձայն, մնացած 30 տոկոսը որպեսզի կարողանան բաշխել, պետք է լինեն մարդիկ, որոնց վրա կարելի է բաշխել այդ ձայները եւ ցույց տալ, որ եղել են այլընտրանքային ընտրություններ։
Քանի որ սա է իրավիճակը, իմ կարծիքով ՝ ավելի լավ է դուրս գալ խաղից, թողնել, որ Սերժ Սարգսյանը հաղթի 98 կամ 88 տոկոսով, քան մասնակցել եւ հետո բացատրել, թե ինչու այս անգամ էլ չստացվեց։

-ԲՀԿ-ի թեկնածու չառաջադրելու փաստն ինչպե՞ս եք գնահատում. համաձա՞յն եք, որ դա ահագին հեշտացրեց իշխանությունների գործը։

-Չեմ կարծում, թե իշխանության գործը հեշտացավ։ Մրցակցությունը որ պակասեց՝ փաստ է։ Բայց իրավամբ, այսօր հաղթել իշխանությանը կարելի է միայն հեղափոխությամբ։ Հակառակ դեպքում պարտվողի դերում ես։
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, քաղաքական գործընթացներում շատ բարդ է լինել քաղաքական պայքարի սուբյեկտ, եթե քաղաքական դաշտի կողմից որպես այդպիսին չես ընկալվում։ Գագիկ Ծառուկյանը երկու ճանապարհ ուներ՝ կամ ոտքի հանել ժողովրդին, գնալ հեղափոխական ճանապարհով, որի ոչ ցանկությունը ուներ, ոչ քաղաքական փորձը, կա՛մ դուրս գալ պայքարից, ինչն էլ արեց։

-Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը չանսա ձեր կոչին, կամ Տեր-Պետրոսյանը, այնուամենայնիվ, որոշի մտնել խաղի մեջ, հնարավո՞ր է, որ աջակցեք նրանցից որեւէ մեկին։

-Արդեն ասել եմ՝ ոչ մեկին չեմ աջակցելու։ Չնայած բոլոր թղթային հարցերը արդեն լուծել եմ, բոլոր ռեսուրսները պատրաստ էին եւ կարող էի առաջադրվել, իմ որոշումը մնում է անփոփոխ՝ չեմ ուզում պրոցեսին մասնակցել եւ դրանով լեգիտիմացնել մարդկանց։
Կատեգորիկ դեմ եմ առաջադրումներին, որպես ընկեր՝ Րաֆֆի Հովհանիիսյանին հաջողություն եմ մաղթում, բայց մնում եմ իմ կարծիքին։ Տպավորություն ունեմ, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ չի առաջադրվի։

Լ.ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31