Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանի առաջադրումն իր անձնական հարցն է և կապ չունի ոչ դրսի, ոչ ներսի հետ. Սմբատ Կարախանյան

Դեկտեմբեր 22,2012 10:11

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը եթե որոշի մասնակցել 2013թ. նախագահական ընտրություններին, ապա դա կանի ինքնառաջադրմամբ և ոչ թե որևէ կուսակցության, այդ թվում և` ՀՀՇ-ի առաջադրմամբ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Մոսկվայի «Միաբանություն» հայկական ազգային ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանը:

Նա մեզ ասաց, որ ՀՀՇ-ն իր համագումարում միգուցե ՀԱԿ առաջնորդին առաջարկի իր կողմից դառնալ նախագահի թեկնածու, բայց դժվար թե Լ. Տեր-Պետրոսյանն այդ տարբերակն ընդունի: Այնուամենայնիվ, Ս. Կարախանյանն ինքը դեռ չգիտի, Լևոն Տեր-Պետրոսյանը կառաջադրվի՞, թե՞ոչ: «Տեր-Պետրոսյանը շատ պրագմատիկ և խոհեմ քաղաքական գործիչ է: Մի կողմ թողնենք նրան ուղղված ողջ քննադատությունները: Նա պարզապես դեռ հաշվարկում է` արժի՞ մտնել արհեստականորեն ստեղծված քաղաքական դաշտի մեջ, թե՞ ոչ: Մինչև հունվարի 4-ը դեռ առաջադրվելու ժամանակ կա, դա բավականին ժամանակ է: Այսօրվա դրությամբ բնական է, որ ՀԱԿ-ի ակտիվը ցանկություն ունի, որ Լ. Տեր-Պետրոսյանն առաջադրվի: Իսկ նա էլ չի ուզում մասնակցել ուղղակի մասնակցության համար, և հասկանում է, որ այդ իրավիճակը տարբեր մեկնաբանությունների կարժանանա: Բայց դա իր անձնական հարցն է, և կապ չունի ոչ դրսի, ոչ էլ ներսի ուժերի հետ»,- ասաց Ս. Կարախանյանը:

Բայց արդյոք Կոնգրեսը նախագահական ընտրություններին թեկնածու կառաջադրի՞, անկախ այն հանգամանքից՝ խոսքը վերաբերում Լ. Տեր-Պետրոսյանին, թե այլ թեկնածուի: Կարախանյանի համոզմամբ, ամեն դեպքում Կոնգրեսը պետք է մտնի այդ պայքարի մեջ: «Խնդիրն այն չէ, որ իրենք իրենց մասնակցությամբ լեգիտիմացնում են ընտրությունները: Հարցն այն է, որ քաղաքական դաշտը չտրվի արհեստական ուժերին: Այնուամենայնիվ, ընտրություններից հետո բազմաթիվ քաղաքական ուժեր կամ միավորումներ դուրս կգան խաղից: Համոզված եմ: Քաղաքական դաշտում նորից կմնան հիմնական խաղացողները: Այստեղ ուղղակի հարցը քաղաքացիական հասարակության և ժողովրդի, ընտրողների հետ է: Իրավիճակը, մեղմ ասած, այնքան է այլանդակվել, որ մարդիկ մտածում են, թե պետք է ընտրություններ լինեն, որ իրենց փող տան: Չեն մտածում, որ պետք է գնան, ընտրեն և իշխանություն ձևավորեն»,- ասաց Ս. Կարախանյանը:

Ինչ վերաբերում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի առաջադրվելուն, ապա վերջինս դրան նորմալ է վերաբերվում: «Հրանտ Բագրատյանն ի սկզբանե տրամադրված էր առաջադրվել, և դա նրա իրավունքն է: Բայց ընդհանուր գնահատականն այն է, որ այսօր արհեստական ստեղծված քաղաքական պայքարի դաշտ է ստեղծվել: Հայաստանի քաղաքական դաշտի դժբախտությունը կայանում է նրանում, որ իշխանությունների և արևմտյան կենտրոնների միջոցով ստեղծվել է արհեստական դաշտ: Այս իրավիճակը կարող է փոխել միայն Կոնգրեսը, եթե ակտիվ գործողություններով մտնի քաղաքական պայքարի դաշտ»,- թեման այսպես եզրափակեց նա:

Մեզ հետ զրույցում Սմբատ Կարախանյանն անդրադարձավ նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցին: Այդ այցի հետ կապված հայտարարություններ հնչեցին, թե Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ջերմ ընդունելության չի արժանացել: Չի մասնակցել ԵվրԱզԷՍ-ի գագաթնաժողովին ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին մասնակցել են ՌԴ-ի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները: ՀՀ-ն ԵվրԱզԷՍ-ի դիտորդ անդամ է և մշտապես մասնակցել է դրա միջոցառումներին: Ս. Կարախանյանն ասաց, որ ՀՀ-ում շահարկվում է Եվրասիական միությանն անդամակցելու հարցը: Եվ դրա համար ոչ մեկը մեր երկրին չի պարտադրում կամ շանտաժի ենթարկում: Նրա համոզմամբ այդ մասին շահարկումներն արվում են արևմտյան կենտրոնների կողմից: «ՀՀ իշխանություններն ասում են, թե իրենք ՌԴ-ի հետ ռազմավարական դաշնակիցներ են, զարգացնում են առևտուրը, անվտանգության հարցերով համագործակցությունը, երկարացնում են ռուսական բազայի տեղակայման ժամկետը և այլն: Բնական է, որ այս դեպքում էլ հարց է առաջանում, թե ավելի արդյունավետ չէ՞ մասնակցեք ԵվրԱզԷՍ-ին: Բայց եթե չեք ուզում մասնակցել, մի մասնակցեք: Այդ հարցի շուրջ շահարկումներ են գնում նաև ՀՀ իշխանությունների կողմից: ՀՀ իշխանությունները պետք է որոշում ունենան և ասեն, թե չեն ուզում մասնակցել: Եվ ոչ թե գնան Եվրոպայում, ինչպես Տիգրան Սարգսյանը, նախագահը կամ այլ ներկայացուցիչ ու ինչ-որ բան ասեն: Ցանկացած երկիր ուզում է հստակություն ունենա»,- ասաց Կարախանյանը:

Նրա փոխանցմամբ, ՌԴ հետ ՀՀ տնտեսական կապը մեծ է: ՌԴ-ի տնտեսական ներկայացվածությունը ՀՀ-ում շատ մեծ է: Կարախանյանը հիշեցրեց նաև ՌԴ հետ կապված մեր ռազմական անվտանգության հարցը: Հարց է բարձրացվում, թե ՀՀ-ն այսօր կարո՞ղ է իր, ԼՂՀ-ի և Թուրքիայի սահմանների հարցերում անվտանգության ապահովման այլընտրանքային տարբերակներ ներկայացնել ժողովրդին: «ՀՀ իշխանություններն ասում են, թե գնում են եվրաինտեգրման ուղիով, որդեգրում են եվրոպական արժեքներ: ՌԴ-ն ՀՀ-ին գազ եվրոպական գներով կվաճառի, կսկսի անվտանգության հարցերի հետ կապված այլ հարցեր դնել: Ես տեսականորեն եմ ասում, չեմ ասում, թե դրան է գնում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի կողմից ՀՀ-ն ՌԴ էքսկլավի՝ Կալինինգրադի հետ համեմատելուն, ապա Ս. Կարախանյանի կարծիքով` դա ընդամենը սխալ թարգմանություն է եղել, որը հետո շահարկվել է: «Հարցն այն մասին էր, որ Եվրասիական միությանն անդամակցելու համար ՀՀ-ն ՌԴ-ի հետ ընդհանուր սահման չունի: Խրիստենկոն օրինակ էր բերում, որ կան իրավիճակներ, տարածություններ, որոնք նույնպես չունեն ՌԴ հետ ընդհանուր սահմաններ»,- պարզաբանեց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31