«Հանքային հազվագյուտ նյութեր արդյունահանելու մրցավաքն ամբողջ աշխարհում թափ է հավաքում, և փոքր, սակայն ռազմավարական նշանակություն ունեցող Հայաստանը կարող է կարևոր դաս մատուցել՝ բնապահպանության ջատագովների և տնտեսական պրագմատիկ զարգացման միջև կառուցողական բախման առումով»:
Այս մասին ասված է ամերիկյան «Նեշնլ Ջիոգրեֆիք» ամսագրի կայքում ուրբաթ օրը հրապարակված հոդվածում, որի հեղինակն անդրադարձ է կատարել Հայաստանում հանքանյութերի արդյունահանման, դրա հետ առնչվող բնապահպանական խնդիրներին և պետության ու բնապահպանների միջև երկխոսության ձևավորման հնարավորության:
Հոդվածի հեղինակ Սալիմ Ալին ներկայում գլխավորում է Ավստրալիայի Քվինսլենդի համալսարանի Հանքարդյունաբերության սոցիալական պատասխանատվության կենտրոնը, ինչպես նաև դասախոսում է նույն համալսարանում: Պրոֆեսոր Ալին դասախոսում է նաև ԱՄՆ-ի Վերմոնտի նահանգի համալսարանում:
Հեղինակը հիշեցնում է, որ հետխորհրդային շրջանում ձևավորված բոլոր պետություններից, Հայաստանն ունի ամենալավ ձևավորված սփյուռքը, որի հզորությունը վերջերս դրսևորվել էր Հայաստանի կառավարության տնտեսական ներդրումներ կատարելու որոշումները, մասնավորապես՝ հանքարդյունաբերության ոլորտում, կասկածի տակ առնելու առումով:
Կարդացեք նաև
«Միացյալ Նահանգներ վարչապետ Տիգրան Սարգսյանի կտարած այցի ժամանակ վերջինիս դիմավորել էին Հայաստանի հյուսիսում գտնվող Թեղուտ բնակավայրի մոտակայքում պղնձամոլիբդենային հանքահանման նախագծի շուրջ մտահոգություններ արտահայտող ցուցարարներ: Ցանկանալով հաշտության գալ ցուցարարների հետ՝ վարչապետ Սարգսյանը հրավիրել էր սփյուռքահայ ցուցարարներին վերադառնալ Հայաստան, որտեղ ինքը «մեծ սիրով» պատրաստ էր լսելու վերջիններիս մտահոգություններին», – գրում է հեղինակը: – «Ակտիվիստները որպես «անլուրջ» էին որակել և հերքել այս ժեստը՝ հաշվի առնելով Հայաստանի կառավարության կողմից տարբեր ընկերություններին, այդ թվում՝ Թեղուտի ծրագիրը մշակող՝ Լիխտենշտեյնում գրանցված «Վալեքս» ընկերությանը նախկինում պայմանագրային մեղ պայմաններ տրամադրելու պատմությունը»:
Հեղինակը գրում է, որ կառավարության և սփյուռքում բնակվող բնապահպանական ակտիվիստների միջև վստահության առկա պակասից ելնելով, Հայաստանի ամերիկյան համալսարանը, ՄԱԿ-ի զարգացման գործակալության աջակցությամբ, այս տարվա նոյեմբերի վերջին հրավիրել էր համաժողով: Համաժողովի ընթացքում հիմնական ելույթներից մեկը եղել է հեղինակի խոսքը, որտեղ ինքը ներկայացրել է միջազգային պրակտիկայում հանդիպած՝ բանավեճի հետ առնչություն ունեցող օրինակներ:
«Բացի Թեղուտի նախագծից, բնական պաշարների արդյունահանման նպատակով գործունեություն է ծավալվել ամբողջ Հայաստանում: Ոլորտը արտահանումներից գոյացող եկամուտների կարևոր աղբյուր է, և կառավարությունն այն համարում է գերակա՝ երկրի գյուղական որոշ շրջանների զարգացման գործում: Թեղուտի նախագիծը, այնուամենայնիվ, մնում է նման նախագծերից ամենավիճակահարույցը», – ասված է հոդվածում:
Բնապահպանները, ըստ հեղինակի, պնդում են, որ Թեղուտը զարգացնելու համար գոյություն ունեն այլընտրանքային ճանապարհներ, օրինակ՝ զբոսաշրջությունը կամ մեղվաբուծությունը:
«Այցելությունների ընթացքում ինձ ուղեկցող ակտիվիստները սակայն խոստովանել են, թե Թեղուտի տեղի բնակչության հետ զրույցների արդյունքում հայտնաբերվել էր, որ բնակչության մեծամասնությունը սատարում է հանքի կառուցման գաղափարը», – գրում է հեղինակը՝ հավելելով. «Չնայած տարածաշրջանում առողջապահության ոլորտում անցկացված ուսումնասիրությունների, որոնք վկայում են ծանր մետաղներով հողի աղտոտված լինելու և տեղի բնակչության առողջության վրա ունեցած որոշ ազդեցության մասին, Թեղուտի բնակիչներից շատերը նման վտանգները «հաշվարկված» են համարում: Երևանում և սփյուռքում բնակվող ակտիվիստների կարծիքով սակայն տեղի բնակչությունն շահագործման է ենթարկվում»:
Ըստ հոդվածի հեղինակի, մտահոգությունների և անվստահության հիմքում ընկած են այն խախտումները, որոնք իրականացվել են հանքային արդյունահանման ակտիվացման նախկին ժամանակաշրջաններում. մտահոգություն են առաջացնում նաև հանքային նյութերի արդյունահանման արդյունքում ստացված եկամուտների հոսքի ուղղությունն ու դրանց հետ կապված կաշառակերության դրսևորումները:
«Հանքային նյութերի արդյունահանումը և օտարերկրյա ներդրումները, որոնց բնապահպանական և սոցիալական բաղադրիչները կառավարվում են խելամիտ եղանակով, ունեն երկրի տնտեսությունն ու տարածաշրջանում զբաղեցրած դիրքն ամրապնդելու, այլ ոչ թե ներքին պայքար և սոցիալական խռովություններ առաջացնելու ներուժ: Ողջունելի է նման որոշումներին գիտական հիմք տվող մոտեցումներ ակադեմիական կազմակերպությունների ներգրավվածությունն այս հարցում» – նշում է հեղինակը՝ եզրակացնելով, որ համաժողովի ավարտին ինքը պատրաստակամություն է նկատել լուծում տալու հանքահանման հետ կապված նախագծերում առաջացող խնդիրները՝ դրանց նկատմամբ անզիջում դիրք զբաղեցնելու փոխարեն:
«Ամերիկայի ձայն» ռադիոկայան