Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում նախագահի թեկնածուներին առաջարկում են գովազդի «խղճով» գներ

Դեկտեմբեր 21,2012 22:05

Այսօր Aravot.am-ը Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ արժե քաղաքական գովազդի մեկ րոպեն իր հեռուստաընկերությունում: Նշենք, որ գովազդի գները սահմանելիս, դժգոհություններ էին հնչել, որ դրանք բավականին բարձր են: «10 հազար դրամ ենք սահմանել, և վերջին 5-6 տարվա ընթացքում մեր գովազդի գինը անփոփոխ է եղել, այնպես որ դժգոհելու տեղ չունեն, նույնիսկ կարծում եմ, որ մի քիչ նվազ է, քան հնարավորություն ունեն վճարելու մեր քաղաքական այրերը»,-ասաց Վահան Խաչատրյանը:

Իսկ գների նվազ լինելը թեկնածուներին ուղղորդո՞ւմ է դեպի մարզեր, մեր այս հարցին պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Փորձը ցույց է տվել, որ գովազդները չեն ուղղվում դեպի մարզեր, բայց սա շատ մատչելի գին է: Գովազդային հաղորդումներից բացի, մենք նաև սեփական հաղորդումներ ունենք և փորձում ենք հավասարակշռությունը պահել, դրանք անվճար են, հեռուստաընկերության հիմնած հաղորդումներն են, որոնց ընթացքում լուսաբանում ենք տարբեր քաղաքական գործիչների կարծիքները, որպեսզի հասարակությունը իրազեկված լինի այն մարդկանց մասին, ովքեր որ չեն կարողանում վճարել»:

Իսկ ինչպե՞ս հասկանանք Ձեր ասած անվճարունակ քաղաքական գործիչ բառի իմաստը, եթե փող չունեն այդ դեպքում ինչպե՞ս են համարձակվում իրենց թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնի համար: «Գիտեք, ես կարծում եմ, որ ազնիվ մարդիկ, ովքեր որ կուզենային մասնակցել ընտրությունների, չասեմ նախագահական, բայց պառլամենտականի ժամանակ անպայման չէ, որ պիտի փող ունենային, որ ասելիքը տեղը հասցնեին: Եթե ասելիք ունի՝ թող այս հեռուստաընկերությունով տեղ հասցնի հասցեատիրոջը, սա արված է բազմակարծությունն ապահովելու, հասարակության իրազեկված լինելու համար», -պարզաբանեց ԳԱԼԱ-ի սեփականատերը:

Իշխանական թեկնածուները կօգտվե՞ն այնպիսի մի հեռուստաալիքի քաղաքական գովազդից, որը, չգիտես ինչու, անցած նախագահական ընտրություններին որակվեց որպես ընդդիմադիրների շահերը պաշտպանող ԶԼՄ: «Ես չեմ կարող կանխատեսումներ անել, բայց կարող եմ նախադեպը ասել, որ մեր հեռուստաընկերությունով ԱԺ լրացուցիչ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ական Արման Սահակյանը երբևիցե չի ունեցել վճարովի եթեր, չի օգտվել այս հեռուստաընկերության ծառայություններից: Հիմա չեմ կարող ասել նախագահականի ժամանակ Սերժ Սարգսյանը կօգտվի՞ , թե՞ ոչ»:

Իսկ դուք չեք վարո՞ ւմ այնպիսի քաղաքականություն, որ թեկնածուներին ասեք`« Էստի համեցեք»: «Չէ, մենք նման քաղաքականություն չենք վարում, բոլորը գիտեն մեր տեղը, գիտեն, որ 2-3 հեռուստաընկերություն կա Շիրակի մարզում, և իրենք գիտեն , որ յուրաքանչյուրի գինը հայտարարված է, հրապարակային, գիտեն ինչը ինչոց է, եթե ուզեն կօգտվեն»,- ասաց Վահան Խաչատրյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31