Հայաստանը չի ցանկանում խթանել արտագաղթը երկրից, սակայն չի պատրաստվում սահմանափակել որևէ մեկի տեղաշարժման իրավունքը: Այս մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Ռուսական հեռուստաընկերության թղթակիցը խոսել է Հայաստանում առկա ժողովրդագրական խնդրի մասին, և նշել, թե երկրում կասեցվել է Ռուսաստանի համար կարևոր «Հայրենակիցներ» ծրագիրը: Ի պատասխան Սերժ Սարգսյանը նշել է.
«Իսկապես դա մեր համար լուրջ խնդիր է: Դրա պատճառով մեզ անողոքաբար քննադատում են երկրի ներսում, և իհարկե, ոմանք չարախնդում են նրա սահմաններից դուրս»:
Հանրապետության ղեկավարը նշել է, որ ժողովրդագրությունն ու արտագաղթն այնպիսի խնդիրներ են, որոնց բախվում է ոչ միայն Հայաստանը. «Այս խնդիրը բնորոշ է բոլոր զարգացող երկրներին, սակայն Հայաստանում այս խնդիրն առավել է խորանում, քանի որ մեզ մոտ, ցավոք սրտի, ծնելիությունը ցածր է»:
Կարդացեք նաև
Երկրի ղեկավարը վստահեցրել է, որ չնայած դրան մարդկանց ազատ տեղաշարժը սահմանափակելու մտադրություն չկա:
«Մենք ոչ մի դեպքում չենք պատրաստվում անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծել նրանց համար, ովքեր փորձում են իրենց ճակատագիրը փնտրել օտարության մեջ, քանի որ երկիրը չի կարող իր սեփական քաղաքացիների համար բանտ դառնալ»,– նշել է Սերժ Սարգսյանն ու ընդգծել, որ խնդրի լուծման միակ տարբերակը «այնպիսի պայմանների ստեղծումն է, որոնք մեր քաղաքացիները փորձում են գտնել այլ երկրներում»:
Սակայն, նախագահի խոսքով, դրա համար ժամանակ է պետք. «Համոզված եմ, որ այդ մարդիկ վերադառնալու են Հայաստան, առավել ևս, որ նրանցից ոչ մեկը գործնականում կապը Հայաստանի հետ չի խզում: Նրանք ժամանակ առ ժամանակ վերադառնում են: Ովքեր չեն կարողանում հաջողության հասնել, մշտական հիմունքներով են վերադառնում Հայաստան, իսկ նրանք, ովքեր հաջողության են հասնում, օգնում են աշխատատեղեր ստեղծել: Բոլոր դեպքերում նրանք շարունակում են մնալ հայ և դա լավ է»:
Խոսելով «Հայրենակիցներ» ծրագրի մասին` Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ ծրագիրը չի կասեցվել: «Հարցը հետևյալն է. Հայաստանում ապրում են ընդամենը 30.000 ռուսներ, և եթե խոսքը նրանց մասին է, ապա ես չեմ կարծում, թե Ռուսաստանում 30000-ը եղանակ կստեղծեն, մինչդեռ մեզ համար դա շատ կարևոր է: Ինչո՞ւ խզենք այդ բնական կապերը, կամուրջները»,- նշել է նա ու պարզաբանել, որ որևէ մեկի համար արգելքներ չեն դրվում.
«Պարզապես չենք ցանկանում խթանել Հայաստանից արտագաղթը: Ճիշտ այնպես, ինչպես վարվում ենք մեր Սփյուռքի հետ»:
Նախագահ Սարգսյանը հիշեցրել է, որ այս վերաբերմունքն է անգամ սիրիահայության նկատմամբ. «Մենք չենք խթանում անգամ Սիրայում ապրող մեր հայրենակիցների արտագաղթը, որովհետև համարում ենք, որ այո, Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, բայց չի կարելի խթանել արտագաղթն ու վերջ դնել Մերձավոր արևելքում՝ Սիրայում և մնացած վայրերում, հայկական համայնքի գոյությանը: Իրականում մենք այդ ծրագիրը չենք կասեցրել, բայց ցանկանում ենք, որ այդ մարդիկ մնան մեր երկրում»:
Աղբյուր` Panorama.am