Aravot.am-ն այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին խնդրեց մեկնաբանել ՀԱԿ-ում ստեղծված այսօրվա իրավիճակը, երբ Հրանտ Բագրատյանն առաջադրվում է, իր եւ նրա «գծերը» տարբերվում են Կոնգրեսի մյուս թեւից, խնդրեցինք մեկնաբանել նաեւ կոնգրեսականների հարվածները սոցցանցերում՝ Նիկոլ Փաշինյանի դեմ: Բացի այդ, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը Galatv.am-ին ասել էր, որ ՀԱԿ-ում ընդամենը կերակրատաշտից օգտվելու քաշքշոց է: Մեր հարցին՝ այս ամեն ինչն ինչպե՞ս եք բացատրում եւ համաձա՞յն եք Աշոտ Մանուչարյանի հետ՝ նա պատասխանեց. «Այսօր ձեռնպահ կմնամ որեւէ մեկնաբանությունից: Աշոտ Մանուչարյանի ասածներն էլ զերծ կմնամ մեկնաբանելուց: Չեմ ուզում որեւէ բան ասել: Հրանտ Բագրատյանի առաջադրվելն էլ մեկնաբանելուց առայժմ զերծ կմնամ»:
Մեր հարցին՝ իսկ հնարավո՞ր է, որ Դուք էլ այնուամենայնիվ առաջադրվեք՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց կտրուկ. «Ոչ, դա հնարավոր չի: Ինձ այդ կետն ուղղակի զարմացնում է: 6 ամիս անընդհատ ասել եմ, որ չեմ պատրաստվում առաջադրվել եւ նախագահական ընտրություններին որպես թեկնածու առաջադրվելու ցանկություն չունեմ: Այդ մասին պաշտոնապես եմ հայտարարել»:
Մեր հարցին՝ իսկ Հրանտ Բագրատյանին սատարելու որոշում կայացրե՞լ եք՝ նա պատասխանեց. «Ես դրա հետ կապված շատ հստակ դիրքորոշում եմ հայտնել, որ քանի դեռ հայտնի չի դարձել Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրվել-չառաջադրվելու որոշումը, այդ թեմայով որեւէ մեկնաբանություն առայժմ չեմ ցանկանում անել: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ հիմա՝ այս պահին մեկնաբանություն չեմ անում, բայց դա չի նշանակում, որ երբեւէ այդ թեմայով չեմ խոսի: Ուղղակի հիմա այնպիսի իրավիճակ է, որ ցանկություն չունեմ: Ըստ էության ամեն ինչ ասված է, ամեն ինչ չէ՝ շա՛տ բան ասված է, շատ բան հայտնի է: Շատ տեսակետներ կան: Հիմա մի ժամանակ է, երբ որ պետք է կայացվեն ինչ-որ որոշումներ: Իմ մասով ինչ ունեի ասելու՝ ասել եմ: Հաջորդ պահին, երբ որ կլինի մի նոր բան ասելու անհրաժեշտություն, իհարկե, կանդրադառնամ դրան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ