Եվրամիության արտաքին հարաբերությունների գլխավոր հանձնակատարի խոսնակ Մայա Կոչիյանչիչը այսօր ներկայացրեց Եվրամիության պաշտոնական տեսակետը Հայաստանի` Ռուսաստանի ու մի քանի այլ նախկին խորհրդային հանրապետությունների հետ մաքսային միության մեջ մտնելու հնարավորության վերաբերյալ։
Քեթրին Էշթոնի խոսնակը «Ազատություն» ռադիոկայանի բրյուսելյան թղթակից Ռիկարդ Յոզվիակի հետ զրույցում փաստորեն խուսափեց ուղղակիորեն հաստատել Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեայի այն հայտարարությունը, թե Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի եւ «ԵվրԱզԷս»ի միջեւ։
«Իմ կարծիքով, միշտ ավելի լավ է պարզել հենց սկզբնաղբյուրի հետ։ Շատ հաճախ նման հայտարարությունները սխալ են ներկայացվում։ Մենք այժմ բանակցում ենք Ասոցացման համաձայնագրի եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի շուրջ։ Հայաստանը ազատ ու ինքնիշխան է ցանկացած համաձայնագրի մեջ մտնելու հարցում, այդ թվում նաեւ երրորդ երկրների հետ համաձայնագրի մեջ մտնելու առումով», – ասել է Մայա Կոչիյանչիչը։
Խոսնակը հավելել է, որ Հայաստանի անդամակցությունը ազատ առետրի պայմանագրին՝ երրորդ երկրների հետ չի հակասում Եվրամիության հետ խորացված ու համապարփակ ազատ առեւտրի բանակցություններին։
Կարդացեք նաև
Սակայն խնդիրը, նրա խոսքով, այստեղ վերաբերում է առավելապես մաքսային միություններին. – «Եթե Հայաստանը որոշի միանալ որեւէ մաքսային միության, ապա դա անհամատեղելի կլինի Եվրամիության եւ Հայաստանի միջեւ կնքվելիք երկկողմանի Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի հետ։ Բանն այն է, որ Մաքսային միությունը ընդհանուր արտաքին առեւտրական քաղաքականություն ունի եւ անհատ երկրները, որոնք անդամակցում են այդ մաքսային միությանը այլեւս ինքնիշխան չեն իրենց արտաքին առեւտրի քաղաքականության բնագավառում»:
Ինչպես հայտնեց խոսնակը, Եվրամիությունը Հայաստանի հետ համագործակցության խորհրդի նիստ է անցկացրել մի քանի օր առաջ, որի ժամանակ Հայաստանը հաստատել է իր հավատարմությունը Խորը եվ համապարփակ ազատ առեւտրի շուրջ ընթացող բանակցություններին։
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանի եւ ԱՊՀ մյուս երկրների հետ Մաքսային միության մեջ մտնելը հակասում է Եվրամիության հետ ընթացող բանակցությունների շրջանակում Հայաստանի հանձնառած պայմանավորվածություններին, հակասում է Եվրամիության հետ ազատ առեւտրի պայմանագրին, ուստիեւ Եվրամիությունը զգուշացնում է Հայաստանին` մի’ մտիր Ռուսաստանի հետ մաքսային միության մեջ, մի’ անդամակցիր «ԵվրԱզԷս»-ին։