«Ընտրությունները հետաքրքիր քաղաքական իրավիճակ է ստեղծել եւ այն, ինչ որ այսօր ունենք, դա ածանցվում է այն արդյունքներին, որոնք ստացվել էին մայսին»,- նախագահական ընտրությունների մասին խոսելիս ասաց Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով, իրական բանակցությունները նախագահական ընտրությոսւններից ընդառաջ սկսվել է մայիսին: Եվ գալիք նախագահական ընտրությունը նրանով է ուշագրավ, որ առաջին անգամ թեկնածուի, կամ քաղաքական ուժի մասնակցությունը չի որոշվել միայն նեղ էլիտայի կողմից, կամ չի շարունակվել փողոցային ակտիվ քաղաքական պայքարով: Ըստ նրա՝ իրականում ամեն ինչ տեղի ունեցավ հաջողված, տարբեր քաղաքական ուժերի միջեւ տեղի ունեցած որոշ կոնսուլտացիաների, բանակցությունների ձեւով: «Այս առումով առաջին անգամն է, որ ունենք այս իրավիճակը: Մենք դեռ չունենք նախագահի թեկնածուների կոնկրետ «մենյուն». գուցե դա ունի իր տեխնիկական դժվարությունը, բայց նաեւ առավելությունը, այն իմաստով, որ դա ստեղծված է բավականին ակտիվ ու հետաքրքիր ներքաղաքական պայքարում: Դրա հետ մեկտեղ, ունենք մի իրավիճակ, որը պայմանավորված է այն բանակցությունների արդյունքում, որ ներկայումս հասկանալի է, որովհետեւ նախագահական ընտրությունները Հայաստանում, թվում է, թե որոշ չափով տեխնիկական բնույթ են կրում, մրցակցային դաշտը, որը պիտի ստեղծվեր, այդ հնարավորությունը նվազել է, բայց եւ հասկանալի է, որ երկարաժամկետ Հայաստանի զարգացման տեսանկյունից այն, որ այս ընտրությունները այդքան մրցակցային չեն լինելու, նույնպես հասկանալի է: ԲՀԿ-ի գոնե թվացող քաղաքական եւ ռեսուրսային ուժը բավականին մեծ դեր կարող էր խաղալ, որ ընտրություններն այլընտրանքային պայքարի բնույթ ունենային: Բայց այն իրավիճակը, որ հիմա արդեն ստեղծվել է, ունի նաեւ իր չակերտավոր առավելությունները. այս դեպքում ընտրություններն ու ընտրական շրջանը ավելի հանգիստ, կայուն կլինեն»,-ասաց Մինասյանը, որը գտնում է, թե սպասվող նախագահական ընտրությունները հերթական անգամ ցույց են տալիս, որ գլխավոր քաղաքական պայքարը ոչ թե գաղափարների միջեւ է, այլ մարդկանց եւ քաղաքական թիմերի, այսինքն՝ ըստ նրա, մի առանձնահատկություն, որը վերջին տարիներին հետաքրքիր եւ երեւացող միտում է Հայաստանի քաղաքական կյանքում:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ