«Աշխարհի վերջը ճանապարհել ենք, արդեն նոր աշխարհում ենք, բայց նախագահական ընտրությունների համար դեռեւս չունենք թեկնածուների կոնկրետ ցուցակ: Դժվար է խոսել այս թեմայով, քանի դեռ կուսակցությունների կողմից հստակեցված չէ իրենց թեկնածուի անունը: Այս առումով առավել դժվար է խոսել համեմատական գաղափարների մասին»,- այսօր Կովկասի ինստիտուտում «Հայաստանը նախագահական ընտրությունների նախօրեին» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Խոսելով այն մասին, թե ինչպիսի գործընթաց ենք ունենալու՝ Պողոսյանը առաջարկեց ուշադրությունը սեւեռել այն նամակին, որը մոտ մեկ ամիս առաջ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ուղղեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, նշելով, թե ինչ գործընթացային կետեր է տեսնում, որը կնպաստի մի մեխանիզմի ձեւավորման, ինչի արդյունքում, նախընտրական պայքարի ընթացքում բոլոր թեկնածուները կունենան հավասար պայմաններ. սկսած նրանից, որ պետական պաշտոնյաները չզբաղեցնեն համալսարանների ուսխորհուրդներում նախագահական դիրքեր, ուսխորհուրդները լինեն ապաքաղաքականացված, դպրոցները՝ ներգրավված չլինեն նախընտրական խնդիրների մեջ եւ այլն:
«Մենք նույնպես դեռ վերջնական եւ պաշտոնապես չենք հայտարարել Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրման մասին, բայց իմ ցանկությունն է, որ նա առաջադրվի, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը իր մարդկային տեսակով, առաջնորդային հմտություններով, գաղափարներով կբերի նոր տեսլական եւ այն կուսակցությունները, որոնք որոշել են չառաջադրել թեկնածու՝ միանան եւ կարողանանք ձեւավորել պայքար հանուն ձայների եւ հասնենք իշխանափոխության: Այս կերպ հնարավորություն կլինի ասել, որ առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ բաց, ազատ, արդար նախընտրական գործընթաց: Մենք «Ժառանգությունում» ամուր կանգնած ենք մեր դիրքերի վրա, ներկայացնելու ենք նոր ոճի ծրագիր, ունենալու ենք գեղեցիկ նախընտրական պայքար, փորձելու ենք նախորդ սխալների վրա սովորել եւ դասեր քաղելով, նոր մոտեցեւմներով այնպես անել, որ բնակչությանը գրավենք մեր առաջարկներով եւ հավատ ներշնչենք մեր ծրագրերով ու այդպես գնալ ընտրություններին»,- նշեց Պողոսյանը, որի խոսքով «Ժառանգությունը» միշտ ունեցել է փայլուն թիմ. այս անգամ՝ ըստ նրա, թիմը մի քիչ փոքր է, բայց ամեն ինչ անելու են ապացուցելու համար, որ ոչ մի բանով չեն զիջում ոչ մեկի:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ