Դեկտեմբերի 21-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում սկսվեց Իծաքար գյուղի 38-ամյա բնակիչ Ռոբերտ Հարությունյանի եւ Պառավաքար գյուղի 34-ամյա բնակիչ Սամվել Գրիգորյանի դատավարությունը: Նրանք մեղադրվում են այն բանում, որ 2011 թվականի դեկտեմբերից մինչեւ 2012թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում սեռական հարաբերություն են ունեցել Իծաքար գյուղի բնակչուհի, 1996թ. նոյեմբերին ծնված Տ. Գ.-ի հետ: Տղամարդիկ մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով («Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ»), այդ հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուր հիսունապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Երկու տղամարդիկ էլ ամուսնացած են, Ռ. Հարությունյանը չի աշխատում, իսկ Ս. Գրիգորյանը պայմանագրային զինծառայող է: Ս. Գրիգորյանը պաշտպան չունի դատարանում, Ռ. Հարությունյանն օգտվում է պաշտպանի ծառայություններից: Դատավոր Զոյա Զաքինյանի որոշմամբ դատական նիստն անցկացվել է դռնփակ: Քանի որ վկաները չեն ներկայացել, դատավորը հետաձգել է դատական նիստը, հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 24-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ