Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» տնօրենն ասում է, որ ամառային սրահը չի տեսահսկվել

Դեկտեմբեր 21,2012 18:51

Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանի, Դավիթ Ադամյանի, Արման Բաղդասարյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Խաչատրյանի եւ Արթուր Բաբլոյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը:

Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են բռնությունների, եւ բռնությունների հետեւանքով մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան համար:

Շարունակվեց գործով վկա, «Դավիթ ԴՎՍ» ՍՊԸ տնօրեն Հրաչյա Զորաբյանի հարցաքննությունը:

Վկային հարցեր տվեց տուժողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը:

Նրա հարցադրումները մի քանի անգամ ընդհատվեցին ամբաստանյալների պաշտպանների կողմից, քանի որ ըստ նրանց առարկումների, տուժող կողմը «նախաքննություն է իրականացնում, նոր հանգամանքներ պարզելու նպատակով»:

Տիգրան Եգորյանը դրանից «չկոտրվեց» շարունակեց հարցնել, թե քանի հոգի են աշխատել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, ինչ հաշվապահական փաստաթղթերի արխիվ կա, նրանք պայմանագրով են ընդունվել աշխատանքի, քանի հավաքարար կա, քանի տարի են աշխատում անվտանգության աշխատակիցները, ինչպես են աշխատանքի ընդունվել մատուցողները, ավագ մատուցողն ու մենեջերն ինչպիսի գործառույթներ ունեն:

Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը տեղի տվեց, հարցնելով.«Ինչ կապ ունի, նրանք իրենց պարտականությունները կատարել են, թե՞ ոչ»: Իսկ ամբաստանյալ Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանը հայտարարեց.«Թող հարցեր տա այն մեղադրանքի շրջանակներում, որն առաջադրվել է իմ պաշտպանյալի նկատմամբ»:

Հարցերի «արգելափակման» ժամանակ էլ պարզվեց, որ ռեստորանային համալիրի ամառային սրահը չի տեսահսկվել, որ անցյալ տարվանից տեսանկարահանման համակարգը պատշաճ չի իրականացվել, որ անվտանգության աշխատակիցներից միայն Գարիկ Մարգարյանն է, որ աշխատել է անվտանգության մի քանի աշխատակիցներից՝ Արման Խաչատրյանից, Արման Բաղդասարյանից հետո:

Ըստ վկայի, նրանց աշխատանքի ընդունելիս հաշվի է առնվել ոչ թե նրանք ինչ մարտարվեստի, հնարքների են տիրապետում, այլ որ նրանք Ավանի բնակիչներ են, խմելու սովորույթ չունեն, կոնֆլիկտային իրավիճակները հանդարտեցնելու շնորհ ունեն:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.-Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով խնդրում էր իր մոտ դրված «Ազատություն» ռադիոկայանի տեսախցիկը հեռու տանել, քանի որ ըստ նրա, իր եւ իր պաշտպանյալի առանձնազրույցը չի ուզում ձայնագրվի:

Դատավորը փորձեց հարթել իրավիճակը, առաջարկելով, մեր գործընկերոջը տեղափոխվել դատական նիստերի ձախ թեւում հանգրվանած մեր գործընկերների մոտ: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը տեղից հայտարարեց, որ այս դատարանը միակն է, որտեղ խախտվում են լրատվամիջոցների իրավունքները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31