Վանաձորի ավագանու անդամ Խորեն Վարդանյանի համոզմամբ, թեեւ համայնքում կան լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ, այնուամենայնիվ, միայն համայնքի սահմանափակ բյուջեով դրանք վերջնական տեսքի բերել հնարավոր չէ:
«Համայնքը ունի բազմաթիվ խնդիրներ, որոնց մեծ մասը լուծում է ինքնուրույն, բայց քանի որ համայնքի բյուջեն սահմանափակ է, ուստի համայնքի ավագանու անդամները փորձում են համագործակցել հ/կ-ների հետ եւ, տեսնելով նրանց ծրագրերը, փորձում են գալ փոխհամաձայնության որոշակի լուծումների»:
Ըստ նրա` համայնքի խնդիրները գլոբալ ու խորքային հասկանալու համար միայն ավագանու կողմից դրանք բարձրաձայնելը բավարար չէ:
«Անհրաժեշտ է այդ գործընթացում ներառել հասարակության լայն շերտերը, անցկացնել սոցհարցումներ, կազմակերպել խմբային հանդիպումներ»,-Aravot.am-ի հետ զրույցում նշում է Խորեն Վարդանյանը:
Կարդացեք նաև
Այդ նպատակով էլ նա եւ Վանաձորի ավագանու երկու անդամ Վանաձորի «ՀԿ կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի գրասենյակում քաղաքի տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ իրենց մասնակցությունն ունեցան կազմակերպված Ֆոկուս խմբային քննարկմանը:
Հանդիպման նպատակն էր վեր հանել համայնքի խնդիրները և այն ներկայացնել ՏԻՄ-ին, որպեսզի դրանք հնարավորության դեպքում ներառվեն համայնքի զարգացման քառամյա ծրագրում:
«ՀԿ կենտրոնը» «Քաունթերփարթ Ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ իրականացնում է «ՏԻՄ եւ քաղաքացիական հասարակության աջակցության» ծրագիր: Ծրագրի շրջանակներում մենք կազմակերպում ենք համայնքային ժողովներ, փորձում ենք Ֆոկուս խմբային քննարկումներ ծավալել, որոնց արդյունքում վեր հանված համայնքային խնդիրները ներկայացվելու են ՏԻՄ-ին»,-մեզ հետ զրույցում ասում է Վանաձորի «ՀԿ կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի «ՏԻՄ եւ քաղհասարակության աջակցության» ծրագրի մարզային համակարգող Անժելա Սաղաթելյանը:
Ֆոկուս խմբային հանդիպման արդյունքում վեր հանվեցին համայնքային նշանակություն ունեցող մի շարք խնդիրներ և դասակարգվեցին ըստ առաջնահերթության:
Որպես համայնքի առաջնային խնդիրներ առանձնացվեցին մանկապարտեզներում առկա խնդիրները`վերանորոգում, գույքի և խաղալիքների համալրում, ծառայությունների որակի բարձրացում, ուսուցիչների վերապատրաստում, խմբասենյակներում տեսախցիկների տեղադրում, փողոցային փոքր աղբամանների տեղադրում, վերգետնյա անցումների կառուցումը որոշ թաղամասերում, ինչպեւ նաեւ քաղաքի հին լուսացույցերի փոփոխումը նորերով, հետիոտների համար լուսացույցերի, փողոցներում, պուրակներում նստարանների տեղադրում:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ