Հայաստանի հավաքականը Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը 10 քաշային կարգերից մասնակցեց յոթին` ոչ պաշտոնական թիմային հաշվարկով 32 երկրների մեջ գրավելով 4-րդ հորիզոնականը: Սակայն Կալինինգրադի ռինգ մտան նաեւ այլ հայ բռնցքամարտիկներ, որոնք հանդես էին գալիս այլ երկրների դրոշի ներքո: Aravot.am-ի հարցին, թե նպատակահարմար չէ՞, արդյոք, նրանց հրավիրել, հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ասաց. «Իմաստ չեմ տեսնում: Եթե ցանկանանք էլ, արդեն ուշ է, որովհետեւ այդ հայ տղաները պատրաստվում են մասնակցել մայիսին Մինսկում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը: Իսկ ԱԻԲԱ-ի կանոններով, եթե մարզիկը ցանկանում է փոխել երկիրը, նա պետք է երեք տարի ոչ մի պաշտոնական մրցման չմասնակցի: Այնպես որ, նրանք արդեն այս ցիկլում չեն տեղավորվում: Միայն մի դեպքում կարելի էր նման քայլի գնալ, եթե դրսի ինչ-որ բռնցքամարտիկ առնվազն երկու գլխով բարձր լիներ մերինից: Իսկ նման բան չկա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ