«Նաիրի» կինոթատրոնում այսօր մեկնարկեց Ֆրանսիայում անցկացվող «Ամենակարճ օր» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը, որին այս տարի միացել է նաեւ Հայաստանը:
Լրագրողների հետ զրույցում Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը նշեց, որ արդեն երկրորդ տարին ընթացող փառատոնը կազմակերպել է Ֆրանսիայի կինոկենտրոնը. «Փառատոնը կտեւի դեկտեմբերի 21-ից դեկտեմբերի 31-ը: Մեկնարկի օրը պատահական չէ ընտրված, դեկտեմբերի 21-ը խորհրդանշական է, քանի որ գիշերը եւ ցերեկը հավասարվում են, ինչը շատ քաղաքակրթություններում տոն է համարվում: Այդ օրն ընտրված է կարճամետրաժ ֆիլմն արժեվորելու եւ կարճամետրաժ ֆիլմերի տոն ստեղծելու համար: Փառատոնին մասնակցում են 1-59 րոպե տեւողությամբ բոլոր կարճամետրաժ ֆիլմերը, այդ թվում` անիմացիոն, գեղարվեստական, դոկումենտալ: Ողջ Ֆրանսիայում փառատոնի ընթացքում ցուցադրվում են կարճամետրաժ ֆիլմեր, կազմակերպվում են ռեժիսորների հետ հանդիպումներ: Ընդհանուր առմամբ` փառատոնին միացել է շուրջն 50 երկիր»:
Գեւորգյանը հավելեց, որ փառատոնի շրջանակում Հայաստանի կրթական հաստատություններում, «Նաիրի» կինոթատրոնում, «Նարեկացի» արվեստի միությունում եւ այլուր ցուցադրվելու են ֆրանսիական կարճամետրաժ ֆիլմեր` տարբեր լեզուներով:
Կարդացեք նաև
Փառատոնի անցկացմանն աջակցում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ