Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել են 2012 թվականին քաղաքապետարանի իրականացրած սոցիալական ուղղվածության աշխատանքները

Դեկտեմբեր 21,2012 17:21

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, ներկայացնելով 2012 թվականին կատարած աշխատանքների համառոտ հաշվետվությունը, նախ նշել է, որ քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության հիմնական ռազմավարությունն ուղղված է մայրաքաղաքում կարիքավոր ընտանիքների աջակցությանը, սոցիալական ռիսկի խմբերի արդյունավետ կառավարմանն ու աղքատության դեմ պայքարին: Պատվիրակված լիազորություններն իրականացվում են քաղաքապետարանին ենթակա 12 սոցիալական ծառայությունների բաժինների միջոցով: Նպաստների և դրամական աջակցության համար պետական բյուջեից միայն Երևան քաղաքում ծախսվել է շուրջ 7.5 միլիարդ դրամ: Զգալիորեն կանոնակարգվել  և ավելի արդյունավետ է գործում հնարավոր անճշտությունների կանխման համակարգը:  Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ  2012 թվականին իրականացվել են սոցիալապես անապահով խավերին ուղղված բազմաթիվ միջոցառումներ , մեծարման երեկոներ ու  ակցիաներ, որոնցում ներգրավվել են  Հայրենական Մեծ պատերազմի ու Արցախյան ազատամարտի մասնակիցներ, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներ, տարեց երևանցիներ, եղեռնը վերապրած քաղաքացիներ, ովքեր հատուկ ուշադրության են արժանացել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից: Քաղաքապետի հանձնարարությամբ վարչական շրջաններում հաշվառված 21000 կարիքավոր  ընտանիքների էլ ամանորի առիթով կտրամադրվի պարենային օժանդակություն: Սիրիահայ և ռիսկային խմբերի 2500 երեխաների համար նախատեսված ամանորյա միջոցառումներից բացի կտրվեն նաև նվերներ: Քաղաքապետարանը  հատուկ կարիքներով մարդկանց խնդիրների լուծման կամ դրանք մեղմելուն ուղղված մի շարք սոցիալական և այլ ծրագրեր է իրականացրել՝ ակտիվ համագործակցելով հասարակական և միջազգային կառույցների հետ: Քաղաքապետարանի ենթակայության 6 մանկապարտեզներում և 40 դպրոցներում ներառական կրթություն է իրականացվում հաշմանդամ երեխաների համար: Այդ երեխաների մուտքը քաղաքապետարանի բոլոր մշակութային հաստատություններ անվճար է: Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ այցելություններ են կազմակերպվել, որոնց ընթացքում համակարգչային տեխնիկա է նվիրաբերվել խուլ ու համր երեխաների ինտեգրացիոն կենտրոնին, Հայաստանի խուլերի և կույրերի միավորումներին: Քաղաքապետարանը, համագործակցելով հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ , հիմնել է 16 բարեգործական ճաշարան, որտեղ 2300 շահառուներ ամենօրյա տաք սնունդ են ստանում: Ավան վարչական շրջանում գործում է նաև տարբեր ծառայություններով հագեցած տարեցների ցերեկային խնամքի կենտրոն: Ռուզաննա Զաքարյանը հատկանշել է անօթևան քաղաքացիներին ապաստան տրամադրելու`Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անձնական նախաձեռնությունը: Վարչական շրջաններից ստացված տեղեկատվության հիման վրա, Երևանի քաղաքապետարանը,  համագործակցելով հայ-դանիական <<Հանս քրիստիան Կոֆոյետ>> հիմնադրամի հետ, դեռ անցյալ տարի նման մարդկանց համար բացել է հատուկ հաստատություն, որտեղ հոգ են տանում նրանց մասին, ապահովում տաք սնունդով և կենսագործունեության համար բնականոն պայմաններով: Ծրագիրը ի սկզբանե կարճաժամկետ է եղել, բայց, անհրաժեշտությունից ելնելով, քաղաքապետ տարոն Մարգարյանի հանձնարարությամբ  երկարաձգվել է և գործում է մինչ օրս: Առ այսօր կացարան է տեղափոխվել 137 անօթևան Երևանից և հարակից մարզերից, որոնց մի մասը ապահովվել է աշխատանքով ու փոխել բնակության վայրը, ոմանք էլ գտել են հարազատներին, իսկ կենսաթոշակային տարիքի մի քանի մարդիկ էլ տեղափոխվել են ծերանոցներ: Ռուզաննա Զաքարյանն անդրադարձել է նաև քաղաքացիների դիմումներին, որոնք քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկ առ մեկ ուսումնասիրվում են`համապատասխան ընթացք տալու համար:

 

  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

 և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31