Դեկտեմբերի 21-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստորագրվեց Հայաստանում զբոսաշրջային այցելությունների վիճակագրական հետազոտության իրականացման վերաբերյալ Մտադրությունների հուշագիր:
Հուշագիրը ստորագրվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի, ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի (USAID EDMC) և GIZ–ի §Հարավային Կովկասում տնտեսության խթանում¦ ծրագրի կողմից:
Փաստաթուղթը ստորագրեցին` ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ, Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, USAID EDMC ծրագրի ղեկավար Բրունո ԿՈՐՆԵԼԻՈՆ, GIZ-ի “Հարավային Կովկասում մասնավոր հատվածի զարգացում” ծրագրի հայաստանյան խմբի ղեկավար Դագմար ԲՈՏԸ:
Մտադրությունների հուշագրի ստորագրմամբ ազդարարվեց Հայաստանի սահմանային զբոսաշրջային այցելությունների վիճակագրական լայնածավալ հետազոտության մեկնարկը:
Կարդացեք նաև
Հետազոտությունը կիրականացվի 2013թ. հունվարից մինչև դեկտեմբերի 31-ը (առաջին անգամ նման ձևաչափով հետազոտություն իրականացվել է 2006-2007թթ.-ին):
Հարցումներ կարվեն Բագրատաշեն, Մեղրի, Այրում և Բավրա սահմանային անցման կետերում, ինչպես նաև Երևանի Զվարթնոց և Գյումրի օդանավակայաններում:
Հետազոտությունը կնպաստի Հայաստանի զբոսաշրջության ոլորտում վերլուծությունների իրականացմանը, վերլուծության արդյունքների հիման վրա ոլորտի` միջազգային չափանիշներին համապատասխան վիճակագրության վարմանը, վերլուծության արդյունքների և վիճակագրական տվյալների հիման վրա պետական քաղաքականության (այդ թվում` միջազգային շուկայում Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացմանն ուղղված) մշակմանը:
Հետազոտության վերջնական արդյունքները հասանելի կլինեն հանրությանը և կարող են օգտագործվել մասնավոր հատվածի կողմից համապատասխան վերլուծություններ կատարելու, մրցունակ զբեսաշրջային արդյունք ձևավորելու, գործարար ծրագրեր մշակելու համար:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն