Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՐԵԼ ԵՎ ՀԻՇԵԼ

Դեկտեմբեր 21,2012 17:19

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ

Գլուխ տասնվեցերորդ

ԱՊՐԵԼ ԵՎ ՀԻՇԵԼ

Եվ Ներսիսյանը Ֆերեշեթին ասաց՝ «իմ դասախոսություններին դրսերից գալիս էին, ճիշտ է, բայց նույն այդ դասախոսություններից փախչողներ էլ էին պատահում», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ըտենց բան ինչ-որ չեմ հիշում», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «եթե կարծում եք թե՝ ալկոհոլը հիշողության վրա դրականորեն է անդրադառնում, չարաչար եք սխալվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իմ դասախոսություններից փախչողներ իսկապես եղել են» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ընդ որում՝ շատ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «այլ հարց է, որ ես փախչողներին մշտապես չտեսնելու եմ տվել եւ երբեք նրանց չեմ պատժել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որովհետեւ ձեր խոնարհ ծառան երբեւէ քինախնդրությամբ չի տառապել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «եթե մարդը խորշում է քեզանից, զոռով չես կարող ստիպել, որ դասախոսություններդ ունկնդրի», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու Ներսիսյանին ասաց՝ «ես էն եմ հիշում, որ ուրիշ ինստիտուտներից գալիս լցվում էին, որ քո դասախոսությունները լսեն», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «խոսելուց առաջ մտածիր՝ նոր խոսիր», եւ Ֆերեշեթը  զարմացած հարցրեց՝ «ի՞նչ մտածեմ», եւ Ներսիսյանը փռթկացնելով ասաց՝ «եթե փախչողները չփախչեին, դրսից եկողների համար լսարանում նստելու տեղ չէր լինի», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դրսից էկողները հիմնականում ոտի վրա էին կանգնում», եւ Ներսիսյանը ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «հիշում եմ, բարեկամս» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բարեբախտաբար, ալկոհոլը ձեր խոնարհ ծառայի հիշողության դեմ էլ է անզոր գտնվել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «այլապես չէի մտաբերի, որ իմ դասախոսություններից փախչողներ, այնուամենայնիվ, լինում էին», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես ըտենց բան չեմ հիշում» ու մի քիչ էլ մտածեց եւ ուսերը թոթվելով ավելացրեց՝ «ինչ մեղքս թաքցնեմ», եւ Ներսիսյանը տհաճությամբ նայեց Ֆերեշեթին, մի քիչ մտածեց ու անսպասելի գոռաց՝  «ինչո՞ւ եք ուզում, որ այս թշվառ ազգը բացառապես ապուշներից բաղկացած լինի», եւ մինչ զարմացած իրար կնայեինք, Ներսիսյանը ձայնը ցածրացնելով Վահանին հարցրեց՝ «այդ տղայի անունն ինչ է՞ր», եւ Վահանը ժպտալով հարցրեց՝ «ո՞ր տղայի», եւ Ներսիսյանը փռթկացնելով ասաց՝ «այդ ուզվորի», եւ Վահանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Սուրեն», եւ Ներսիսյանը Ֆերեշեթին սեւեռուն  նայելով հարցրեց՝ «ի՞նչ եք կարծում՝ եթե այդ Սուրեն կոչեցյալն իմ դասախոսություններին կանոնավոր հաճախեր, այսօր «Մերսեդես» կունենա՞ր», եւ Ֆերեշեթը բավական երկար մտածեց ու ասաց՝ «շատ հնարավոր ա՝ ունենար» եւ մի քիչ էլ մտածեց ու Ժպտալով ավելացրեց՝ «քո դասախոսություններին կանոնավոր հաճախածներն էսօր ոչ միայն «Մերսեդես» ունեն, այլեւ՝ իշխանություն» եւ ժպտալով ավելացրեց՝ «էսօր ամբողջ իշխանությունն իրանց ձեռն ա», եւ Ներսիսյանը բավական երկար մտածեց ու ասաց՝ «եթե իսկապես իմ դասախոսություններին կանոնավոր են հաճախել, դժվար թե կարողանան իշխանությունը երկար պահել», եւ, փաստորեն,  Ներսիսյանի էդ խոսքից ընդամենը մի ամիս անց Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, նրա հետեւից՝ երեւելի գրեթե բոլոր իշխանավորները՝ բացառությամբ մի քանիսի, եւ հետաքրքիրն էն է, որ Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրն ու նաեւ էդ հրաժարականին հաջորդած օրերին ոչ մի անգամ չեմ հիշել տվյալ իշխանությունների մասին Լեւոն Ներսիսյանի էդ ասածը , եւ ահա հանկարծակի հիշելով՝ կարող եմ ասել, որ տարեմուտի էդ գիշեր մաեստրոն մարգարեացավ, բայց էդ պահին իր մարգարեանալը մեր կողմից չէր կարող նկատվել ու իմացվել, որովհետեւ տարեմուտի էդ գիշեր իշխանությունների հրաժարականի շորշոփները բացարձակապես չէին նշմարվում, եւ էդ գիշեր  անձամբ Լեւոն Ներսիսյանն էլ իր մարգարեության գծով առանձնապես չծավալվեց ու չխորացավ, եւ, ենթադրում եմ, իր անվանակցի հրաժարականի օրն ու հաջորդած օրերին էլ իր մարգարեությունն ու իր էդ ասածը հիշած չի լինի՝ ինչպես որ ձեր խոնարհ ծառան չէր հիշում եւ հիմա՝ շուրջ տասնչորս տարի անց հանկարծակի հիշեց,  եւ սա առաջին դեպքը չի՝ որ հիշողությանս ուշահաս ու ուշածին էս հանկարծակի փայլատակումները ոչ միայն ընթերցողներիս են զարմացնելու, այլեւ՝ անձամբ ինձ էլ, ընդ որում՝ ինձ էն աստիճանի են զարմացնում, որ շատ հաճախ ինձ թվում է թե՝ էս բաները ոչ թե հիշում, այլ էսպես ոտի վրա հորինում եմ, ավելի ճիշտ՝ ոչ թե ոտի վրա եմ հորինում, այլ՝ էս ճերմակ թղթերի առաջ նստած, իսկ ավելի ստույգ՝ էս դեղնավուն թղթերի առաջ նստոտած եմ հորինում ու  բստրում, եւ տեսածներիցս ու լսածներիցս երբեմն-երբեմն էնպիսի մանրամասներ ու մանրուքներ են մտապատկերիս մեջ վերականգնվում, որ նույնիսկ հավատալու էլ չի, եւ չնայած Ներսիսյանի էդ օրվա  էդ ու մյուս ասածներն ամենեւին էլ մանրուքներ չէին, այդուհանդերձ, հիշողությանս ու մտքիս մեջ հիմա՝ էսքան տարի անց են վերականգնվելով արտատպվում, եւ միանգամայն բնական է, որ էսքան ուշացումով ու էսքան հանկարծակի մտքիս մեջ վերականգնվելով ու արտատպվելով՝ որոշ ու որոշակի բացթողումներն ու հավելագրումներն, այնուամենայնիվ, միանգամայն հնարավոր են եւ նույնիսկ անխուսափելի, մանավանդ որ՝ իմ նպատակը ոչ թե մարդկանց ասածները բառացիորեն հիշելն է, այլ՝  մարդկանց հիշելը, ընդ որում՝ հատկապես լավերին ու լավագույններին հիշելը, ինչպես նաեւ՝ էդ լավերին ու լավագույններին առնչվող դեպքերն ու իրադարձությունները հիշելը, եւ լավերին ու լավագույններին հիշելը հատկապես հիշողներիս համար է շահավետ ու շահեկան, որովհետեւ եթե լավերին ու լավագույններին ես հիշում, արդեն իսկ  անունդ կապվում է էդ լավերի ու լավագույնների  հետ, իսկ եթե լավերի ու լավագույնների լավ ու լավագույն խոսքերն ու ասածներն ես հիշելով արտագրում ու վերականգնում, հիշելդ արդեն ոչ միայն քեզ համար է լավ, այլեւ՝ հիշվողի, եւ առաջին հերթին՝ հիշվողին լավագույն կողմերով հիշողների համար, որովհետեւ հատուկենտ որոշներին էս անվերջանալի  վեպս դեռեւս հաճույք ու բավականություն է պատճառում հիմնականում էն պատճառով, որ էդ հատուկենտներն էլ են ճանաչում ու սիրում էս վեպիս հատկապես լավ ու լավագույն հերոսներին, եւ քանի որ ընթերցողներս բացառապես ու բացարձակապես հայեր են, եւ քանի որ ինքս էլ եմ բացարձակապես հայ, հիմնականում մահացածներին եմ լավագույն կողմերով հիշում ու մահացածների մասին եմ լավ  բաներ գրում, որովհետեւ հատուկենտ ընթերցողներս էլ ու ինքս էլ բացառապես ու  բացարձակապես հայեր լինելով՝ հիմնականում մահացածներին ենք լավ ու լավագույն համարում եւ հիմնականում մահացածներին ենք սրտանց ու անմնացորդ սիրում, բայց էս ասածս Լեւոն Ներսիսյանին բացարձակապես չի վերաբերում, որովհետեւ լուսահոգին, ի տարբերություն այլ լուսահոգիների, կյանքի օրոք նույնքան սիրելի ու սիրված էր՝ ինչքան որ ներկայումս է սիրելի ու սիրված, եւ չնայած ինքը՝ մաեստրոն մշտապես էն կարծիքին էր, թե ինքը, այնուամենայնիվ, հասարակության կողմից չհասկացված անձնավորություն է, ինքն, այնուամենայնիվ, մեր էն բացառիկներից է, որոնք կյանքի օրոք ավելի նկատվեցին ու արժեւորվեցին, քան՝ կյանքից հետո, որովհետեւ իրեն սիրողներից ու գնահատողներից շատերն իրենից առաջ  հեռացան էս բազմաբարդ ու բազմասյուժե կյանքից, եւ իրեն սիրողները, իրեն հասկացածներն ու գնահատածները հիմա էլ հեռանալով՝ օրեցօր ու ժամառժամ են պակասում, եւ մնացածներս էլ ենք մի օր անվերադարձ հեռանալու՝ մեզ հետ տանելով լավերի ու լավագույնների մասին մեր կիսատպռատ ու թերի, բայցեւ բացառիկ հիշողություններն ու տպավորությունները, եւ էդ իմաստով էս հիշողություններս էլ են առանձնահատուկ կարեւորություն ստանում, եւ հատկապես ու առանձնապես Լեւոն Ներսիսյանի դեպքում են կարեւորություն ստանում, որովհետեւ Լեւոն Ներսիսյանը, ի տարբերություն այլ գրականագետների, մշակութաբանների ու  ու փիլիսոփաների, գրավոր աշխատություններ չի թողել, ավելի ճիշտ՝ գրավոր աշխատություններ չէր գրել, որ թողներ կամ չթողներ, եւ, փաստորեն, մեր ժամանակների ամենասիրված դասախոսը գիտական որեւէ աստիճան չուներ, եւ դա էր պատճառը, որ համերկրացիներս  Ներսիսյանին Համալսարանից հավերժություն չճանապարհեցինք, եւ Լեւոն Ներսիսյանի հուղարկավորության ընթացքը Կինոյի տնից սկսվելով՝ ավարտվեց Թոխմախի  պանթեոնում, եւ, հիշում եմ, ահավոր տոթ էր, եւ Թոխմախի ծառերի ու Հրանտի շվաքում էինք կանգնած, եւ Հրանտը ժամանակ առ ժամանակ մեզ ինչ-որ բան էր ուզում ասել, բայց կոկորդը սեղմվում էր, ու նաեւ հիշում եմ, որ էդ օրը Վանոյի առաջին դատավարությունն էր, եւ խոսակցություններից գիտեմ նաեւ, որ Ներսիսյանի վերջին բնակարանների հարցում Վանոյի մատն էլ էր խառը, եւ չնայած էդ օրը Վանոյի առաջին դատն էր, Վանոյի կինն էլ էր Ներսիսյանի հուղարկավորությանը ներկա, եւ որպեսզի էդ գերծանր ցերեկվա ամսաթիվը ճշտեմ, քիչ առաջ  ինտերնետ մտա, բայց ինտերնետում Լեւոն Ներսիսյանի մասին որեւէ տեղեկություն չգտա՝ Տիգրան Մանսուրյանի,  Հակոբ Մովսեսի, Խաչատրյան Թաթիկի ու Բեյլերյան Հրաչի հիշողություններից բացի, եւ հիմա առ Լեւոն Ներսիսյան էս մեծ ու ահավոր լռությանն ինտերնետի միջոցով հաղորդակցվելով՝ սկսում եմ ինքնավստահորեն ենթադրել, որ իր մասին էս գեղարվեստական հուշագրությունս էլ է հարկավոր, ցանկալի եւ նույնիսկ անհրաժեշտ, որովհետեւ Լեւոն Ներսիսյանն իրենից կախված ամեն ինչ  արել է, որպեսզի իրեն չտեսածներն ու իրենով չհիացածներն իրենից հետո իր մասին որեւէ բան չիմանան, բայց Լեւոն Ներսիսյանն անձամբ բանավոր հանճար լինելով ու հանդիսանալով՝ հաշվի չէր առել, որ, այնուամենայնիվ, կգտնվեն մարդիկ, որոնք իր էդ անկրկնելի բանավորը կփորձեն գրավոր կերպով կրկնել, վերարտադրել ու վերականգնել, եւ հատկապես ու առանձնապես իմ տարբերակը չէր կարող ենթադրել, որովհետեւ ոչ իր ուսանողն եմ եղել եւ ոչ էլ՝ իր մշտական այցելուներից, եւ չնայած իր, Ֆրունզիկի ու Շերենցի սրճարանային մի հատիկ օրվա մասին մի ամբողջ հատոր եմ գրել, իր սրճարանային սեղանակիցն էլ առանձնապես չեմ եղել, եւ Ամարյան Վազգենի «Դեղձի կորիզի» հետ կապված էլ եմ, փաստորեն, Լեւոն Ներսիսյանին ահագին անդրադարձել, եւ Մանսուրյանի հետ այցելությանս էլ եմ բավականաչափ  անդրադարձել, եւ ահա տարեմուտի մեր ամենավերջին այցելությանն էլ ահագին անդրադարձա, եւ մի քանի օր առաջ, երբ էդ բաները գրում էի, թերթերից տեղեկացա, որ Լեւոն Ներսիսյանի վերջին  բնակարանի պատշգամբի տակ  տեղադրված կիսանդրին գողացվել է, եւ մինչ իր մասին շարունակում եմ գրել, արդեն թերթերից տեղեկացված եմ, որ կիսանդրու հեղինակ Արա Շիրազն արդեն միանգամայն նորն է  նույն տեղում տեղադրել, ու էս իրադարձությունն արդեն վկայում է, որ Լեւոն Ներսիսյանը շատերի կողմից է հիշվում ու հիշվելու, ու էս վերջին իրադարձությունն ինձ մտովի  ճանապարհում է յոթանասունականների վերջերի Նկարիչների սրճարան, ուր մաեստրոն իր օրվա  մեծ մասն էր անցկացնում՝ հիմնականում Շերենցի, Ֆրունզիկի, Մարգունու, հայր եւ որդի Շիրազների, ինչպես նաեւ քանդակագործ Ռուբոյի ընկերակցությամբ, եւ մի քանի անգամ էլ ինձ է բախտ վիճակվել էդ շրջապատը համալրել, եւ եթե նույնիսկ  էս հիշողություններովս որոշներին ձանձրույթ եմ պատճառում, Նկարիչների սրճարանի օրերից մեկին էլ եմ տրամադրվել անդրադառնալ, եւ քանի դեռ մաեստրոյին ավելի լավ, ավելի ճիշտ ու ավելի մոտիկից ճանաչողները լռություն են պահպանում, ես առիթից օգտվելով՝ իր մասին որոշ բաներ էլ կավելացնեմ, եւ, համոզված եմ, մինչեւ էս հատվածներս «Առավոտում» տեղադրվեն, իր մասին ուրիշներն էլ արդեն լիքը բաներ գրած կլինեն, ընդ որում՝ շատ ավելի խելացի եւ շատ ավելի կարեւոր բաներ:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31