Ասանժ. ««Վիքլիլիքս»-ը 2013 թվականին միլիոնավոր ֆայլեր կհրապարակի»
Լոնդոնում Էկվադորի դեսպանատան պատշգամբից «Վիքիլիքս» կայքի հիմնադիր Ջուլան Ասանժը, հանդես գալով դեսպանատան շենքի մոտակայքում հավաքված մի քանի տասնյակ աջակիցների առջև, խոստացել է, որ 2013 թվականին կայքում կհրապարակվեն միլիոնավոր փաստաթղթեր:
Ջուլիան Ասանժը խոստացել է, որ հրապարակվելիք ֆայլերը «ազդեցություն կգործեն աշխարհի յուրաքանչյուր պետության վրա»:
«Բի-Բի-Սի» լրատվական գործակալության փոխանցմամբ, իր խոսքում «Վիքիլիքս»-ի հիմնադիրն ասել է, թե ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը «Վիքիլիքս»-ի գոյությունը «շարունակվող հանցագործություն» է համարում:
«Քանի դեռ վիճակն այսպիսին է, և քանի դեռ իմ երկրի կառավարությունը չի պաշտպանում լրագրության ազատությունն ու «Վիքիլիքս»-ի հրապարակումը, ես պետք է մնամ այստեղ: Դուռը սակայն բաց է, և այն միշտ է բաց եղել բոլորի համար, ով ցանկանում է, օգտագործելով ստանդարտ ընթացակարգերը, խոսել ինձ հետ կամ ապահովել իմ ապահով տեղաշարժը», – ասել է Ասանժը՝ հավելելով, որ 2012 թվականը շատ հաջող էր իր կազմակերպության համար:
Իր խոսքում Ասանժը գովասանքի խոսքեր է ուղղել նաև ամբողջ աշխարհում ձերբակալությունները լուսաբանող լրագրողներին:
«Ամեն ինչը սկսվում է ճշմարտությունը բացահայտելուց: Մեր քաղաքակրթությունը հզոր է այնքանով, որքանով ճշմարիտ են իր գաղափարները»- ասել է «Վիքիլիքս»-ի հիմնադիր Ջուլան Ասանժը:
«Ամերիկայի Ձայն»