Արցախյան գոյամարտի տարիներից բավականին ժամանակ է անցել, բայց անհետ կորածների ընտանիքները դեռ շարունակում են հավատալ հրաշքի եւ ամեն օր սպասում են իրենց հարազատների վերադարձին:
Կապանցի Մելինե Դավթյանը մեկն է նրանցից, ում հոգում դեռ չի մարել կամավոր պատերազմ մեկնած եւ անհետ կորած հորը` Սամվել Դավթյանին, կենդանի տեսնելու հույսը: 7 տարեկան էր, երբ վերջին անգամ տեսավ հորը. «Վերջին անգամ կամավոր գնաց… Շատ բան չեմ հիշում, աղոտ եմ հիշում անգամ հորս դեմքը, մի քանի լուսանկար ունեմ ընդամենը: Իհարկե, դժվար է առանց հայր: Շատ է պատահել, որ ցանկացել եմ հայրս կողքիս լինի, օգնի, աջակցի…», – ասաց Մելինեն:
Կարդացեք նաև
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ունեցած տվյալներով` Սյունիքի մարզում 43 անհետ կորած կա, որոնցից 19-ը Կապանի տարածաշրջանում է, 20-ը` Գորիսում, իսկ 4-ը` Սիսիանում:
Անհետ կորածների ընտանիքների համար ԿԽՄԿ-ն հանրապետության մարզերում իրականացնում է բազմաթիվ մարդասիրական ծրագրեր, որոնք ուղղված են այս ընտանիքներին սոցիալական, հոգեբանական աջակցություն տրամադրելուն: Սյունիքի մարզում ԿԽՄԿ-ն 10 անհետ կորածների ընտանիքների տնտեսական սատարման ծրագրի շրջանակներում այս տարի յուրաքանչյուր ընտանիքին տրամադրվել է մինչև 450 հազար դրամի աջակցություն՝ եկամտաբեր գործունեություն ծավալելու, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական պայմանները բարելավելու նպատակով: Մելինեի ընտանիքին էլ է ընդգրկվել ծրագրում եւ ԿԽՄԿ-ի կողմից աջակցություն ստացել: «Եթե սկզբում պետության կողմից փոքրիկ աջակցություն ենք ստացել, ապա այժմ ընդհանրապես մոռացել ու չեն հիշում մեզ: Այս ընթացքում միայն ԿԽՄԿ-ն է որոշակիորեն աջակցել, օգնել, որ մասնագիտություն ձեռք բերեմ, սարքավորումներ գնեմ եւ կարողանամ այդ մասնագիտությամբ աշխատելով` գումար վաստակեմ», – ասաց Մելինեն:
Ըստ ԿԽՄԿ-ի տնտեսական ապահովության բաժնի աշխատակից Արմեն Քարամյանի՝ գործունեության ոլորտներն ընտրել են ընտանիքները` հաշվի առնելով սեփական ունակություններն ու բնակության վայրի առանձնահատկությունները: Հիմնականում ընտրվել են այն ընտանիքները, որոնք ներուժ ունեն եւ իրենց կողմից ներկայացրած բիզնես պլանն իրագործելու հնարավորություն: Ծրագիրն իրականացվում է մարզի տարբեր վայրերում: Գյուղերում այդ գումարները նպատակաուղղվել են անասնապահության զարգացմանը, իսկ քաղաքներում՝ փոքր բիզնես հիմնելուն:
«Կապանում մեկ այլ ընտանիք էլ հագուստի վաճառքով զբաղվելու համար փոքրիկ կրպակ է հիմնել, մյուսին էլ աջակցել ենք ճագարաբուծության զարգացման հարցով եւ այլն: Գորիսի Վերիշեն գյուղի անհետ կորածի մի ընտանիք մեր տրամադրված գումարով 2 մայր խոզ է գնել, որոնք արդեն 15 ձագ ունեն։ Այլ գյուղերում ցլիկներ, ոչխարներ կամ ճագարներ են ձեռք բերվել եւ այլն: Մեր կողմից անվերադարձ տրվող այդ գումարները պետք է օգնեն նրանց ոտքի կանգնել եւ կայուն եկամուտ ապահովել»,- ասաց Արմեն Քարամյանը՝ հավաստիացնելով, որ իրենք հետեւողական են ծրագրի իրականացմանը եւ երեք ամիսը մեկ այցելում են այդ ընտանիքներին՝ կատարելով արդյունքների մոնիթորինգ։
Սիսիանի տարածաշրջանի Մուծք գյուղի բնակիչ Վահան Սիմոնյանը, հարազատների պատմելով, բանակից վերադառնալուց հետ գնացել է կռվի եւ 1993թ.-ի մարտի 31-ին Լաչինում 11 հոգանոց ջոկատի հետ կատարված դեպքից հետո (9 հոգի զոհվել են, 2-ը` անհետ կորել) այլեւս նրան չեն տեսել, անհետ կորածների մեջ էր: «1994թ.-ին մի քանի անգամ գնացել ենք, հետաքրքրվել ենք, բայց որոնումներն արդյունք չտվեցին, մինչեւ օրս հույսներս չենք կորցնում», – ասաց անհետ կորածի եղբայր Վահագնը: Նա իր հարազատների հետ ապրում է Մուծքում, անասնապահությամբ ու դաշտավարությամբ զբաղվում: ԿԽՄԿ-ի տրամադրած 450 հազար դրամի սահմաններում 9 ոչխար է գնել, որպեսզի նրանցից ծնված գառները վաճառելով եկամուտ ստանա հետագայում:
«Ոչխարները, որ շատ լինեն գոնե տնտեսությունը կզարգանա, եկամուտը կավելանա: Երեւանից են հիմնականում գալիս գառ առնում մեզանից, տարի է լինում լավ է ծախվում, տարի կա` ոչ», – ասաց Վահագնը եւ ուրախությամբ նշեց, որ արդեն իսկ գառ է ծնվել գնված ոչխարներից:
Գորիսի Հարթաշեն գյուղի բնակիչ Ալինա Հովհաննիսյանը ամուսնու` Վարազդատ Գրիգորյանի անհետ կորելուց հետո, 3 երեխաներին առանց ամուսնու է մեծացրել, նրանց ամուսնացրել, այժմ էլ թոռներ ունի: Ասում է` դժվար էր հոգեբանորեն հաղթահարել այդ տարիները, սպասել է, փնտրել է, բայց վերջին նորությունը 1996թ-ին էր, երբ Ադրբեջանում գերի ընկած եւ փոխանակվելուց հետո հայրենիք վերադարձած Խաչիկ գյուղի բնակչից տեղեկացավ, որ իր ամուսնուն Բաքվի բանտերից մեկում է տեսել` առավոտյան շարք կանգնելիս:
«Եկող տարի արդեն 20-րդ տարին կլրանա նրա անհետ կորելուց: 8 հոգանոց ընտանիքով դժվարությունները հաղթահարելով շարունակում ենք ապրել: Վերջերս Կարմիր Խաչի այդ ծրագրով 2 մայր խոզ ենք ձեռքբերել, որից մեկն արդեն 8 ձագ է տվել, մյուսն էլ շուտով կծնի: Կողքից էլի օգնություն էր մեր ընտանիքին, ձագերը կմեծանան, կվաճառենք կամ միսը կծախենք, մեր բազմանդամ ընտանիքը եկամուտ կստանա դրանից եւ ապրելու հոգսը մի քիչ կթեթեւանա», – հավելեց տիկին Ալինան:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ