Այսօր ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստից հետո Aravot.am-ը հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց` Ձեր հարաբերություններն այսօր Դավիթ Հարությունյանի հետ ինչպիսի՞ն են, ինչպես՞ եք այսօր շփվել` նա պատասխանեց. «Մինչեւ էթիկայի հանձնաժողովում միասին աշխատելը եւ դրանից հետո մեր հարաբերությունները որեւէ կերպ չեն փոխվել: Եղել է ժամանակ, որ պարոն Հարությունյանը պատգամավոր է եղել, ես պատգամավոր չեմ եղել, այդ ժամանակներից ի վեր մեր հարաբերությունները որեւէ կերպ չեն փոխվել»:
Մենք ճշտեցինք, որ նկատի ունենք վերջին լարված միջադեպից, թեժ խոսակցությունից հետո կարծես թե հիմա նորմալ շփվում եք` նա պարզաբանեց. «Գիտեք ինչ, այն, որ մենք այսօր որեւէ անձնային խնդիր չենք ունեցել, դա եւս մեկ անգամ ապացուցում է իմ տեսակետը, որ այդտեղ որեւէ նեղ քաղաքական խնդիր չի եղել: Հակառակ դեպքում, այո, այդպիսի բան պիտի որ չստացվեր: Ես որեւէ խնդիր չեմ ունեցել, ըստ ամենայնի, որեւէ խնդիր չեմ նկատել պարոն Հարությունյանի կողմից: Այսինքն, ամեն ինչ ընթացել է օրենքի սահմաններում եւ բարեկրթության սահմաններում: Որեւէ խնդիր չկա: Դուք գիտեք, որ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում նախատեսված է բանավեճ: Ես հույս ունեմ, որ բանավեճի արդյունքում բոլոր հարցերը կհամարվեն փակված»:
Մենք հիշեցրինք քաղաքական վերջին հեռուստատեսային բանավեճը` ընդդիմության եւ իշխանության միջեւ` Վլադիմիր Կարապետյանի եւ Սամվել Ֆարմանյանի, որը սարսափելի լարված մթնոլորտում ընթացավ: Հարցին` հնարավո՞ր է, որ Դավիթ Հարությունյանի հետ Ձեր բանավեճն էլ նույնպիսի ավարտ ունենա` նա պատասխանեց, որ որեւէ կանխատեսում չի կարող անել, բայց ինքը, որպես բանավիճային կողմ, իր հետ տանելու է տեսակետներ, փաստարկներ, փաստեր. «Համենայնդեպս, խնդիրը լարվածություն առաջացնելը կամ լարվածություն չեզոքացնելը չի: Մենք պետք է խոսենք մեր տեսակետների, դրանց տարբերության մասին: Ի վերջո յուրաքանչյուրը պետք է փորձի հանրությանը համոզել, որ հենց իր տեսակետն է, որ բխում է ՀՀ օրենքներից, Սահմանդրությունից, ԱԺ կանոնակարգից: Մնացածը կերեւա եթերի ժամանակ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ