«Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը լույս է ընծայել «Հայաստան» համապարփակ հանրագիտարանը. այսօր այս մասին «Հայացք» ակումբում հայտնեց «Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր, տնօրեն Հովհաննես Այվազյանը:
Նա նշեց, որ հանրագիտարանը հրատարակվել է մշակույթի նախարարության պատվերով. «Երբ երեք տարի առաջ նախարարության հետ քննարկվեց հանրագիտարան հրատարակելու հարցը, առաջարկ եղավ հանրագիտարանում ներառել ՀՀ վերջին քսան տարվա պատմությունը, բայց ես պնդեցի, որ քսան տարվա պատմությամբ հանրագիտարան չի ստեղծվում: Արդյունքում ստեղծվեց հրաշալի եւ կարեւոր հանրագիտարան, որը համապարփակ կերպով ներկայացնում է մեր պատմությունը, հայկական լեռնաշխարհը որպես բնաշխարհ, Ղարաբաղյան շարժումը: ԼՂՀ-ն ներկայացվում է որպես երկրորդ հայկական պետություն` անկախ եւ ինքնուրույն: Հայաստանը եւ Ղարաբաղը զետեղված են նույն` «Հայաստան» խորագրի ներքո»:
Հեղինակի խոսքով. «Հանրագիտարանի կարեւորությունը կայանում է նրանում, որ ներկայացնում է պետության զարգացման նախապատմությունը` հասնելով այսօրվա իրավիճակին: Հանրագիտարանում զետեղված են Հայաստանի Հանրապետության կյանքի բոլոր կողմերը, այդ թվում` բնակչությունը, ժողովրդագրությունը, ազգագրությունը, թատրոնը, կինոն, վերջին շրջանի պետական գործիչներին եւ այլն»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ