Լրահոս
Օրվա լրահոսը

Ճախրանք, որ վայրէջք չունի

Դեկտեմբեր 21,2012 16:02

Սա Հայաստան է և վերջ:
Լեոնիդ Ազգալդյան

Մի անգամ Ղարաբաղում արտասահմանցի մի լրագրող հարցրեց Լեոնիդ Ազգալդյանին, – Ի՞նչ գույնի էք դուք, այսինքն, ո՞ր կուսակցությանն էք պատկանում: Ծնկաչոք Լեոնիդը մի բուռ հող վերցրեց ու ասաց, – Ահա իմ գույնը…

1992թ. Հունիսի 21-ին Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մերձակայքում զոհվեց «Ազատագրական Բանակ»-ի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանը:

88-ին շատ-շատերի համար Ղարաբաղի պայքարը Թատերական հրապարակ միտինգի գալն էր, ոմանց համար ճառեր արտասանելը: Դեռ այն ժամանակ Լեոնիդը ընկերներին ասում էր. «Այս պայքարը զինված պայքար է դառնալու, պետք է պատրաստվել դրան»: Ու պատրաստվում էր… Համախոհների հետ պատրաստվում էր: Լեոնիդի բնակարանը փորձասենյակ էր դարձել, որտեղ զենք էին պատրաստում: Հետո հավաքեց համախոհներին, ավելի ճիշտ ընտրյալների ու սկսեց զինվոր դաստիարակել, կանոնավոր բանակի զինվոր:

Լեոնիդ Ռուբենի Ազգալդյան: Ծնվել է 1942թ. Թիֆլիսում: 1959թ-ին Երևանում ավարտել է միջնակարգ դպրոցը: 1960-ին ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետը, հետագայում տեղափոխվել և ավարտել` Երևանի պետական համալսարանի նույն ֆակուլտետը: Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում: Տարբեր ժամանակներում Պետպլանի լազերային տեխնիկայի հաշվողական կենտրոնում, Լազերային տեխնիկայի գիտարտադրական միավորումում(ԳԱՄ), Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Լեոնիդ Ազգալդյանը պայքարի առաջամարտիկներից էր: 1990թ.-ի փետրվարից «Անկախության Բանակ՚»-ի հրամանատարն էր: Կազմակերպել է մի շարք շրջանների ինքնապաշտպանությունը, մասնակցել է առաջին ազատագրական մարտերին: 1991թ.-ին համախոհների հետ ստեղծել է «Ազատագրական Բանակ» ռազմական կազմակերպությունը, որի գլխավոր հրամանատարն էր մինչև կյանքի վերջը:

«Նահատակները…

Այդ մեծ մեռլները ամենից քիչ իրենց և իրենց կուսակցության կպատկանեն, ամբողջն` իրենց ցեղին եւ պատմության:

Չկան կուսակցական նահատակներ ու հերոսներ, կա ու կմնա ազգային մարտիրոսագրությունը եւ հերոսականը»:

Արցախյան հերոսամարտը, Լեոնիդը և բազում այլ նահատակներ իրենց կյանքով և խենթացնող նահատակությամբ եկան մեկ անգամ ևս ապացուցելու Ամենայն հայոց սպարապետ Գարեգին Նժդեհի այս խոսքերի մարգարեականությունը:

Ամենահզոր ու ամենաազգային կուսակցությունն իսկ անկարող է իր մեջ պարփակել այնպիսի մեծություն, ինչպիսին Լեոնիդն է:

Եվ նույնիսկ կուսակցական նահատակները իրենց զոհաբերելով այս կամ այն կուսակցության դրոշի տակ, նահատակվելով` նրանք, ազգայնանում են, դառնում` սրբազան մարտիրոսները ողջ ազգի:

Լեոնիդը ապացուցեց, որ կարելի է, և ավելի ճիշտ է նայել ազգային խնդիրներին և գաղափարախոսությանը ոչ կուսակցական պրիզմայի միջով: Ազգային անեղծ տեսակով է, որ հնարավոր է ոչ միայն պահպանել, հզորացնել հայրենիքը, այլև վերագտնել այն սրբազանը, որը հարյուրամյակներ է, ինչ բռնի օտարացվել է իր իրական տիրոջից:

Մարգարեաբար դեռևս ազատագրական շարժման սկզբում կանխատեսելով,որ այն զինված պայքարի է վերածվելու, սկսեց նախապատրաստվել արդեն հասունացող պատերազմին՝ երբևէ չհայտնվելով տարբեր հարթակներից կուրծք ծեծող ճառասացների կողքին:

Լեոնիդը զուր չէ, որ մերժում էր կուսակցականությունը: Միգուցե մեղանչեմ ճշմարտության դեմ, բայց և այնպես միգուցե հենց նրա կուսակցականության մերժման մեջ է թաքնված նրա մահվան առեղծվածը:

«Հրամայողաբար պիտի հոգեփոխվեն կուսակցությունները: Մեր ներքին հակամարտությունները զինակցում են արտաքին թշնամուն` ընդդեմ մեր ժողովրդին և երկրին:

Կույր ատելությամբ հիվանդ` մեր կուսակցություններից ոմանք մոռացել են հայ ժողովրդի ինքնապաշտպանության սրբազան գործը, հանուն որի իբր թե կյանքի են կոչված»:

Բարձունքի վրա չգտնվեց նաև ցավոք մեր մտավորականությունը, որը կրավորական իր կեցվածքով ոչ միայն չելավ պայքարի (չնայած կոչված է այդ պայքարի առաջամարտիկը և գաղափարախոսը լինել), այլև սուրբ նահատակաց արյամբ վաստակած` հաղթանակած, խաղաղությունն է տանուլ տալիս:

Լեոնիդը (Շահումյանի վեհ լեռների վրա Արծվի հայացքը Հայոց երկրի մի մասունքին հառած) ասում էր. «Մենք մինչև հիմա միայն հանձնել ենք հողերը թշնամուն` մեր գյուղերը, հողերը և հոգեբանությունը այնպիսին է, որ դիմադրողական ոգին շատ թուլացել է ազգի մեջ: Այդ պատճառով էլ նույնիսկ գտնվում են մարդիկ, որոնք լինելով բարձրաստիճան` կառավարական և այլ մակարդակով, որ մտածում են, թե մենք պետք է մեր Հայ դատից հրաժարվենք: Դա նրանից է գալիս, որ մեր ազգի մտավորականությունը հիմնականում ցածր ոգու տեր մարդիկ են, մարտնչելու ձևն ու հոգեվիճակը չգիտեն: Դրա համար այդպիսի բաներ կարող է պատահի շատ կա: Իսկ այստեղ, փաստորեն, ֆոռտպոստն է մեր ազգի` Գետաշեն, Շահումյան, Արցախ, մնացած վայրերը, ինքը` Զանգեզուրը: Դրանք գտնվում են անմիջապես ոչնչացման վտանգի տակ և դա դատարկ խոսքեր չեն, դա իրոք այդպես է: Ցանկացած պահի մի փոքր կազմակերպված ուժ կարող է կտրել, կատարել հարձակում և կրկնել 1915 թիվը` հեշտությամբ կատարել: Դրա համար մեր ազգի մարդիկ հավաքվել են հիմա և կազմում են տարբեր գաղափարների տակ զինվորական, զինված ջոկատներ: Այս ընթացքում կատարվեց սելեկցիա` ընտրում: Մնացին նրանք, ովքեր իրոք վեր են կացել իրենց հողը պաշտպանելու, իրոք հասկանում են, որ չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող, իրոք որ սա Հայաստան է: Ինչ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական, կամ միջազգային, կամ ազգային գործիչները.

Սա Հայաստան է և վերջ:

Քանի սրբավայր և պատմական Հայաստանի քանի նահանգ մնաց կարոտ իրատես և իրապես ազգային զորավարի այս վճռական խոսքին…

Նա հաճախ սիրում էր կրկնել. «Երբ կգան կասեն, որ ես զոհվել եմ, չհավատաք, ես Ստամբուլի պատերի տակ եմ զոհվելու»: Նա համոզված էր իրեն բաժին հասած առաքելության իրատեսությանը, և երևի թե համոզված է եղել, որ իրենից հետո դեռ գալու են այդ առաքելության շարունակողներն ու փառավոր ավարտին հասցնողները:

«Ի՞նչ երջանկություն- մեռնել այն լուսավառ հավատքով, որ քո աճյունից շանթանման հերոսներ պիտի ծնին…

Չէ, չի մեռնում հերոսը, նա իր անունն ու անոթն է փոխում…»

…Վերլուծական, ռազմավարական (ստրատեգիական), հազարամյակների խորքից եկող ազգային ոգեղենության հանճարների ինչպիսի համադրում:

Բազմաբևեռ էր նրա հանճարը…

Տարբեր էին նրա զինակիցները: Բայց նա իր առաքինությունների բազմաբևեռ մագնիսով բոլորին ձգում էր դեպ իրեն. մի մասին գաղափարախոսության վեհությամբ, մի մասին` հայրենասիրության խորությամբ, մյուսներին` մարդկային բարձր հատկանիշներով …

Նա համոզված էր, որ իրենից հետո եկողները ավարտին են հասցնելու սրբազան առաքելությունը:

Նա համոզված էր…

Իսկ առայժմ… Առայժմ հայկական շատ բնօրրաններ մնացել են այնտեղ, մնացել են կորսված Հայրենիքի մի մաս…

Թե՞, դեռ կվերադարձնենք…

Գյուլիստան-Բուզլուխ ճանապարհն է, Լեոնիդը քայլում է: Գնում է Բուզլուխի դիրքերը տեսնելու, ծանոթանալու:

… Չգիտեմ այս գյուղը մնաց այնտեղ, մնաց կորսված հայրենիքի մի մաս, թե դեռ կվերադառնանք:

Լեոնիդը ասում էր. «Մենք կգնանք, կգնանք մեր բոլոր ճանապարհներով, մենք պիտի քայլենք, քանի որ դրանք մեր ճանապարհներն են…»

«Մշուշի միջից տեսիլ դյութական,

Բացվում է կրկին Նաիրին տրտում…

Հիշո՞ւմ եք Տերյանին,… հիշեցի՞ք.

Որ երկրի սրտում թախիծ կա այնքան…

Իսկ շարունակությունը ինքներդ ասե՛ք:

Այն տղաները, որոնք Լեոնիդի կողքին էին, չկան. արդեն շատերը զոհվել են:

Շահումյանն է 91-ի Շահումյանը: Խորհրդային բանակն այն ժամանակ այստեղ իշխողն էր: Ավտոշարասյունը այդ բանակինն է:

Գյուլիստանի եկեղեցին է: Միայնակ մի զանգ` փոքրիկ մի զանգ, մնաց այնտեղ: Եկեղեցու բակում խաչքարեր մնացին: Հայաստանն է, նայե՛ք, գուցե հիմա համոզվեք:

Որպես իսկական առաջնորդ՝ նա հայտնվեց, երբ իր կարիքն էր զգացվում, երբ հայրենիքն էր վտանգված: Նա ընտրյալ էր, և իր բանակը կազմված էր ընտրյալներից: Նա չէր փնտրում մարտիկներ, այլ նրանք էին փնտրում զորավար, նման առաջնորդ:

«Առաքյալի սիրտ, իմաստասեր գլուխ, ադամանդ ճակատ – ահա կատարյալ առաջնորդը»: Ահա Լեոնիդը:

Գիտնական – զորավարը այն եզակի մտավորականներից էր, ով հանդգնեց նետվել մարտի: Նա ապացուցեց, որ մտավորականությունն է ժողովրդի ճակատագրի դարբինը: Եվ որ այսօր նոր օր է, և մտավորականությունը երբևէ չի ունեցել ավելի մեծ և պատասխանատու դեր:

Նա պետք է կառուցեր այսօրվա Հայաստանը: Իր երազանքի զինվորներին պետք է դաստիարակեր` ազգի նվիրյալ զինվորներին,որ պետք է ավելի բարձր լինեին Մամիկոնյանների և Անդրանիկի զինվորներից: Դա դարի պահանջն էր: Ավաղ…

Ես չգիտեմ՝ ով է մեղավոր,որ Լեոնիդը զոհվեց, բայց մի պահ խենթանում եմ, և ասում երանի … Երանի, որ զոհվեց ռազմի դաշտում, դարանակալ գնդակից և ոչ դարանակալ դեղահաբից: Միևնույն է նա պիտի զոհվեր, որովհետև նրան չէին ների: Չէին ների նրան հատկապես իր բարոյական հանճարի համար : Բայց Լեոնիդը մահից հետո էլ առավել կենդանի է, քան բազում պաշտոնյաներ, որոնք հոգեկան մեծության բացակայության պատճառով ավելի նման են կավե անդրիի` դրված ոսկե պատվանդանի վրա:

Նա համոզված էր, որ ժողովուրդը մարտական է տրամադրված, և որ ճակատագրական է մեր ժողովրդի համար Ղարաբաղի հարցը:

Ոչ մի հանգամանքում, ոչ մեկ իրավունք չունի Արցախի հարցին այլ լուծում տալ, քան Լեոնիդի և մեր մյուս նահատակների արյան և ռազմական հանճարի տրված լուծումն է:

Իսկ Հայոց մյուս նահանգները ակամա իրենց խնդրի այսպիսի հանգուցալուծում են աղերսում:

Լեոնիդը վստահ էր, որ. «Ժողովուրդը շատ մարտական է տրամադրված, ժողովուրդը պատրաստ է պատերազմի, պատրաստ է անհրաժեշտ ջանքերը դնի: Մեր ռազմական մարզումները շատ ծանր են, բայց մարդիկ գալիս և պատրաստ են ամեն ինչ անեն, միայն կարողանան իրենց երկիրը պահեն:

Ու ես ուզում եմ ընդգծել. այն ազգը, որը կկորցնի Ղարաբաղը, կտապալվի լրիվ: Թուրքը կկորցնի` ուրեմն իրենք, Հայը` ուրեմն Հայը:Դրա համար այստեղ շատ կարևոր հարցեր են լուծվում, սա միայն մի փոքր կտոր հողի հարց չէ»:

«Լուսաբաղձ ժողովուրդ, որն ապրել, պայքարել, շինարարել է գիրքը ձեռքին: Նա գործել ու ստեղծագործել է միտքը երկնքում, ձեռքը երկրի վրա` պիտի ասեր Ալիշանը:

Մեր երկրագնդի վրա երկու ուժեր չեն հոգնում – ժամանակն ու հայը` մեկը կործանելով, մյուսը՝ վերաշինելով:

Ժողովուրդն է մեր ժամանակների աստվածությունը: Ժողովուրդն ավելին է, քան իր պետությունը, իր իշխանությունը, անգամ իր մշակույթը:

Թեև նրա մասին և նրա անունից խոսում են իր բոլոր զավակները, քչերը, սակայն, շատ քչերն են էաբանորեն ճանաչում նրան:

Կան գերագույն պահեր և ժողովրդի գոյության ու ճակատագրին սպառնացող արտաքին վտանգի ժամեր:

Եվ իրենց դիրքերի վրա վտանգի պահին մնում են զորավորները միայն:

Նման վայրկյաններին նա զորավարների մեջ փնտրում է զորավորագույնին և նրա ափի մեջ դնում իր ճակատագիրը:

Այսպես է աշխարհ գալիս ճշմարիտ առաջնորդը»:

Արդյոք հասկացա՞նք մենք, որ Արցախի պայքարը, թեկուզև դրախտ հիշեցնող, բայց և այնպես մի փոքրիկ հողակտորի համար մղվող պայքար չէ, այլ ազգի լինելիության հիմնախնդիրը:

Արդյոք հասկացա՞նք, որ այս պայքարին մենք զոհաբերեցինք մեր ազգի լավագույն զավակներին, որ Հայոց Բագինին վաղուց այսպիսի մատաղ չէր մատուցվել:

Երանի հասկանայինք…

1992-ի հունիսի 6-ին՝ Չայլու գյուղի պաշտպանության մարտերում, զոհվեց Վլադիմիրը(Վլադիմիր Բալայան` «ՙԱզատագրական Բանակ՚»-ի «Արցախ՚» ճակատի հրամանատարը):

Հրաժեշտի ժամանակ Լեոնիդը իր հուզված խոսքի մեջ ասում էր.

«Այն ինչով տարբերվում է անցած տարվա այս ժամանակը ու այսօր, դա Վլադիմիրն էր ստեղծել, նա է ստեղծել, որ ընկճված Ժողովուրդը, ոտնահարված ժողովուրդը ոտքի կանգնեց, վերցրեց զենքը եւ ազատագրեց իր աշխարհը: Դա ամենամեծ գործն , որ կարող էր անել զորավարը:

Նա ցույց տվեց մեզ բոլորիս, որ մենք զենքով կարող ենք մեր երկիրը պահել: Այն մակարդակը, որ ինքը ուներ, կամ ունի, այդ մակարդակի մարդ ամեն ժողովուրդ ծնում է երևի 3-4 դարը մեկ: Դա պետք է պարզ մենք հասկանանք և «ամակը» (ավանդը), որ ինքը դրել է երկրի վրա չթողնենք ոչ մի կաթիլ ետ նահանջի: Դա է ամենակարեւորը մեզ բոլորիս համար, որովհետև ինչ արել է այս մարդը, ամեն մեկը չի կարող անել: Իրոք մեզ բոլորիս նա տվել է մակարդակ, դուխ, զինվորի մակարդակ, նա զոհվել է, նա գնացել է դեպի Աստվածներ, որովհետեւ այնտեղ նրա պահանջը կա: Հավանաբար այդ է իմաստը:

Ուրեմն պետք է երկիրը պահենք, որ նա չլինի նահատակ: Նա զոհ է, ոչ նահատակ: Ուրեմն, որ եթե ուզում էք նրա հոգին նորից վերածնվի, ուրեմն պետք է այս երկիրը պահենք: Ու այն խստությունը, որը ինքն իր հանդեպ էր անում, մենք պետք է ամեն մեկս մեր հանդեպ այդ խստությամբ վերաբերվենք: Այս մարդը ոչինչ չի ափսոսացել, ոչինչ: Ոչ ընտանիք, ոչ առողջություն, ոչ միտք, ոչ էներգիա, ոչ ժամանակ, ոչ մի բան չի ափսոսացել: Ձեզ համար, այս հողի համար»:

Զինվորները առաջին և վերջին անգամ տեսան, որ իրենց հրամանատարը երեխայի նման լալիս էր: Նա զինվոր էր կորցրել: ՈՒ զինվորները տեսան, որ իենց հրամանատարը մի օրվա մեջ ծերացավ:

Վլադիմիրի թաղումից հետո 2 ժամ ոչ-ոքի հետ չէր խոսում: Մենակ կանգնած էր: Հետո ջղայնացած ձեռքը օդի մեջ թափ տվեց ու ասաց.

«Պիտի գնա ու հանդիպի Վլադիմիրին, այնտեղ` երկնքում», և 12 օր հետո զոհվեց Լեոնիդը:

Նա զինվոր էր կորցրել: Զինվոր, որին շատ զորավարներ կնախանձեին, ում շահած բազում մարտերը շատ բանակներ չէին գլուխ բերի:

Քանի բնակավայր փրկվեցին սումգաիթյան ճակատագրից շնորհիվ նման զինվորների:

«Զինվորն ավելին է, քան քաղաքացին, որն իր պարտականություններից ավելի իրավունք է փնտրում»:

Լեոնիդը գիտեր, որ ամենաթանկագինը այն կամավոր տղաներն էին, որ ամբողջ մի ազգի ճակատագիրն էին իրենց ուսերին տանում, որպես ճակատագրով շնորհված սրբազան բեռ:

«Ամենասրբազանը խաչերից, միաժամանակ և ամենածանրը դա ճակատագիրն է հարազատ ժողովրդի:

Այն կրողին և վայ, և պատիվ յոթնիցս»:

«Նրանց, որոնք գոռ մարտերի բոցերում իրենց ոգին են պողպատում, և զարնվում իբրեւ պարտականության ջահել Աստվածներ, երանի:

Արծվին, բարձրունքներում` բիբերն աստղերին, հոգևարող արծվին էլ երանի:

Եվ առյուծին արքայական, որ մեռնելուց առաջ` անապատների հավերժության իր վերջին մռնչյունն է խառնում, երիցս երանի»:

Նա զինված պայքարի չորս տարիների ընթացքում ընդամենը վեց զինվոր էր կորցրել (պարզվում է, հնարավոր է և այդպես մարտավարել):

Նա գնաց դեպի Աստվածներ… դեպի Հայոց Աստվածներ: Նա գնաց հանդիպելու, միանալու իր նահատակ զինվորներին: Գիտակցում էր, որ անկախ հայրենիքը նահատակների սրբազան աճյունից է բարձրանում:

Նա գնաց իր երազած Ազգային բանակի ստեղծումը մեզ ավանդելով (տեսնես ինչ կասեր այսօրվա բանակի մասին, դժվար թե գոհ լիներ, կամ առավել ևս խրախուսեր մեզ): Եվ Ստամբուլի պատերի տակ զոհվելու փառքն ու սրբազան պարտականությունները մեզ շնորհեց:

Նրա հիմնադրած և մինչև կյանքի վերջը հրամանատարած «Ազատագրական Բանակը» Հայկական առաջին բանակն էր անկախ Հայաստանի բանակից և Ամենայն Հայոց Սպարապետի կազմավորած Լեռնահայաստանի բանակներից հետո, որը և դարեր գնացող Հայաստանի բանակի հիմքն էր հանդիսանալու:

Լեոնիդի երազանքը Ազգային Բանակի, իսկ Բանակի թիկունքում հզոր պետություն Հայաստանի ստեղծումն էր: Իսկ բանակը չկար:

Նրա զինվորները պարոն Լեոնիդ էին ասում: ՈՒ նա այդպես էլ չտեսավ Հայոց Բանակը:

Վերջին անգամ Լաչինի ճանապարհը բացելուց հետո էր, ասաց. «Այս հաղթանակները հավասարվելու են զրոյի, որովհետեւ այս հաղթանակների թիկունքում կանոնավոր բանակ չկա»:

Արդեն իրականություն է Լեոնիդի երազանքը` Հայոց, Ազգային, կանոնավոր բանակը: Բայց արդյոք այն Լեոնիդի երազանքն է: Թե այն ավելին պիտի լիներ: Նրա հիմքը Ազգային գաղափարախոսությունը պիտի լիներ:

«Համազգեստը, սպառազինությունը, ինչպես և զորանոցային կյանքը դեռ բավական չեն, որպեսզի զինված զանգվածը արդիական իմաստով համարվի զորք: Այդ արտաքին կճեփից, կեղևից զատ կա հոգեբանական շաղախը, գիտակցական կարգապահությունը, մարտունակությունը, սեղմ ասած` ոգին, առանց որին զինված զանգվածը ամեն ինչ է, միայն ոչ զորք»:

Այլ էր նրա բանակը, քանզի այլ էր Զորավարը:

Գաղափարախոսով ղեկավարվող գաղափարակիրների բանակ, բայց ոչ երբևէ գաղափարազուրկ:

Լեոնիդը (հունարեն առյուծ է նշանակում) ոչ միայն գիտեր մարտերում առյուծանալ իր անվան վայել, այլ նաև հարյուրներին առյուծացնել ու մարտի մղել: Հեթանոս էր էությամբ, զորեղ` ոգով, ազնիվ` հոգով:

«Մահը չունի ավելի մեծ թշնամի քան մարդը, մարտիկը` անմահության թեկնածող»:

Նույնիսկ մահը պարտվեց հասկանալով, որ շատ է շտապել, կամ անհուսալիորեն ուշացել է, որպեսզի կարողանար խլել նրանից անմահությունը: Նա մնաց անպարտելի, որովհետև մահն էր ընտրել իրեն առաջնորդ:

Լեոնիդը կամավորագրված գաղափարակիրների գաղափարախոս առաջնորդն էր, ոգու հրամանատարը: Նա երբևէ կոչումներ չունեցավ և ուսադիրներ չկրեց, երևի այն պատճառով, որ աշխարհը թերևս չի ստեղծել այնպիսի ուսադիրներ, որ կարող էին արժանի լինել նրա ուսերին:

Անընդհատ Սարոյանի խոսքերն են ալեկոծում հոգիս և սղոցում ուղեղս . «Ես ոչ մեկին չեմ դիմում, պարզապես ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»:

Եվ նա նույնիսկ հերոսի կոչման չի արժանացել: Նա, որ ավելի է իմաստավորում մեր գոյը, քան մենքª ողջերս: Բայց իշխանավորները չէ, որ պետք է շնորհեն հերոսի կոչում: Ժողովուրդը վաղուց է Լեոնիդին հերոս կոչել, և համոզված եմ, որ ժողովուրդը նման կերպարներով է դաստիարակելու նոր սերունդներին, և այդ կերպ է հնարավոր միայն նոր առյուծներ` նոր լեոնիդներ ծնել, որպիսիք ազգը դարը մեկ անգամ է ծնում:

Նա բազում ներդաշնակված արժանիքներով անխոցելի կերպար է: Պալատական որոշումներով չէ, որ հերոսի կոչումներ են շնորհվում:

Հերոսի կոչումը բոլոր ժամանակներում շնորհում է ժողովուրդը, իսկ կնիքը որոշման տակ դնում է ժամանակը:

Փառք այն խենթերին, որ ապրում են այնպես, ասես անմահ են, և անմահանում են իրենց խենթացնող մահով:

Ուզում եմ մտովի ծնկել նրա շիրիմի, նրա հիշատակի առջև և երդվել, որ կձգտենք ոչ մի կտոր հայրենի հող չթողնել կարոտ Լեոնիդի վճռական խոսքին. «Սա Հայաստան է, և վերջ»:

Մենք պարտավոր ենք ծնելու նոր լեոնիդներ, եթե ուզում ենք, որ համաշխարհային հերկի ակոսներում մեր ազգային հետքը երբևէ չանհետանա, և կռելու ազգային հավերժության շղթայի մեր բաժին օղակը, որը նրա կռած օղակի օրգանական շարունակությունը պետք է լինի:

Եվ հիմա, երբ նրա նահատակության երկրորդ տասնամյակն է բոլորում և հրաժեշտին հնչած «Կրակ…» հրամաններն ու համազարկերն էլ վաղուց լռել են, դեռ լսելի է նրա խոսքերի արձագանքը… և առավել քան արդիական են խոսքերը.

«…ես ուզում եմ ընդգծել. Այն ազգը, որը կկորցնի Ղարաբաղը, կտապալվի լրիվ: Թուրքը կկորցնի` ուրեմն իրենք, Հայը` ուրեմն Հայը:Դրա համար այստեղ շատ կարեւոր հարցեր են լուծվում, սա միայն մի փոքր կտոր հողի հարց չէ»:
Լեոնիդ Ազգալդյան

(Օգտագործվել են մտքեր Լեոնիդ Ազգալդյանին նվիրված «Սա Հայաստան է, և վերջ…» ֆիլմից (Հեղինակ Էդիկ Բաղդասարյան)):

Գագիկ ԳԻՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31