Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում մեկնարկեց «Դեպի կրթություն բոլորի համար» խորագրով գիտաժողովը:
Aravot.am-ի հետ զրույցում «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պատասխանատու Զարուհի Բաթոյանը նշեց, որ գիտաժողովի նպատակն է` քննարկել Հայաստանում ներառական կրթության ձեռքբերումներն ու մարտահրավերները. «Մասնակիցների թվում են հասարակական կառույցների ներկայացուցիչներ, կառավարության եւ նախարարությունների անդամներ, Երեւանի եւ Տավուշի մարզի ներառական կրթություն իրականացնող դպրոցների ուսուցիչներ»:
Զարուհի Բաթոյանի խոսքով. «Ներառական կրթությանն առնչվող խնդիրները շատ են, քանի որ ոլորտը պարզապես համակարգ չէ, որը կարելի է ներդնել եւ ավարտել: Ներառական կրթության համակարգը զարգացող գործընթաց է, որովհետեւ կապ ունի մարդու եւ երեխայի կրթության ու զարգացման հետ: Առկա խնդիրներից հատկապես կարեւոր են մասնագետների վերապատրաստումը, ծնողների, հասարակության իրազեկության բարձրացումը: Այդ ուղղություններով աշխատանքներ տարվում են հասարակական կառույցների, ԿԳ նախարարության եւ ծնողական խմբերի կողմից: Այս գիտաժողովն էլ այդ աշխատանքներն ամփոփ ներկայացնելու միջոց է: Հանդիպման ընթացքում կներկայացվեն միջազգային մասնագետների գնահատականները` տարված աշխատանքների վերաբերյալ»:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցն ասաց, որ ներառական կրթություն իրականացնող մանկավարժները հիմնականում պետք է պատրաստվեն Մանկավարժական համալսարանում. «Անկախ նրանից, մանկավարժը հատուկ է, թե` ոչ, պետք է գաղափար ունենա ներառական կրթությունից: Բացի մանկավարժների վերապատրաստումից, ներառական կրթություն իրականացնող դպրոցներում պրակտիկա են անցնում ուսանողները»:
Ներառական կրթության համակարգի կարեւոր ձեռքբերում Զարուհի Բաթոյանը համարում է այն փաստը, որ ներառական կրթությունը պետական քաղաքականություն է. «Այն չի իրականացվում մեկ կազմակերպության մակարդակով: Ներառական կրթությունը նաեւ առաջնահերթություն է կրթության համակարգում: Բացի այդ, այսօր ծնողները հնարավորություն ունեն ընտրություն կատարել հատուկ եւ ներառական դպրոցների միջեւ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ