Թուրքիայի կրթության նախարար Օմեր Դինչերը պատմական այց է կատարել հայկական Մխիթարյան դպրոց, որը գտնվում է Ստամբուլի Շիշլիս Փանգալթը թաղամասում: Այդպիսով, Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ
Դինչերը դարձավ առաջին կրթության նախարարը, որն այցելեց հայկական դպրոց: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը:
Անցած տարի դպրոցի աշակերտները գնացել էին Դինչերի մոտ` խնդրելու, որ հայերի նկատմամբ թշնամական հիշատակումները հանվեն դասագրքերից, ինչն էլ առիթ դարձավ, որ Դինչերն այցելի այդ դպրոց:
Կարդացեք նաև
Դպրոցի տնօրեն Գարեգին Բարսամյանը, մինչ Դինչերի այցը, «Հյուրիեթ»-ին ասել էր, որ իրենք շատ ուրախ են, որ նման պատմական այց է լինելու իրենց դպրոց:
«Ազգային փոքրամասնությունները կարծում են, որ միայն իրենց են խնդիրներ բաժին հասնում, բայց դա այդպես չէ, – ասել է Դինչերը այցի ժամանակ, – անցյալում ոչ միայն փոքրամասնություններն ու ալևիներն էին ենթարկվում իշխանության ճնշումներին ու իրավունքների և ազատությունների խախտման զոհը դառնում, այլև սունիները: Մեր նպատակն է տարածել մարդու իրավունքների և ազատությունների գաղափարները»:
Նախարարը խոսելով Թուրքիայում վերջերս քննարկվող հարցի մասին, ըստ որի՝ համալսարան ընդունվելու համար դիմորդները պետք է կրոնի վերաբերյալ հարցերի պատասխանեն, ասել է. «Ցավոք, այդ ծրագիրը ճիշտ չի մատուցվել հանրությանը: Հարցերը տրվելու են «Կրոնի և էթիկայի» դասընթացների շրջանակում: Խոսքը կոնկրետ կրոնի մասին չէ: Ազգային փոքրամասնությունների համար նախատեսված դպրոցների աշակերտներին հարցերը կտրվեն իրենց ուսումնական ծրագրից»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ