Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Արտեմ Հարությունյանը՝ Արամ Մանուկյանի, «Ստալինի շինելի» եւ գրականության մասին

Դեկտեմբեր 21,2012 15:40

Aravot.am-ը բանաստեղծ Արտեմ Հարությունյանից հետաքրքրվեց՝ ինչպիսի՞ տարի էր 2012 թվականը գրականության համար:

«Տարին իմ պրիզմայով կնայեմ, բայց ընդհանուր առմամբ այն դրական եմ գնահատում: Շատ բան է փոխվել անկախությունից հետո, կա՛ խոսքի ազատություն, մասնավորապես գրական խոսքի»,-կարծում է Արտեմ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է իրեն, կարեւոր է համարում Գրողների միության հրավերով ԱՄՆ-ում, հատկապես UCLA-ում դասախոսությունները` Փիթեր Բալաքյանի հետ համատեղ, եւ հանդիպումները հայ հասարակության հետ: Բանաստեղծը նշում է, որ այնտեղ էլ ավարտել է նոր պոեմը՝ «Ծածկագիր տեսիլքներ հայոց հողի» վերնագրով: Գործը նվիրված է Արամ Մանուկյանին եւ ընդգրկում է այն դժնի ժամանակները, երբ Հայաստանի անկախությունն ու գոյությունը մազից էին կախված:

«Ավերված երկիր, գաղթականներ, սոսկալի վիճակ…Փորձեցի այդ ամենը տալ պանորամայի, մեծ ընդգրկման չափանիշներով: Նոր գործեր էլ եմ գրել, օրինակ, մյուս պոեմս՝ «Ստալինի շինելը», որը տպագրվել է «Գրական թերթում»: Ինչ վերաբերում է «Ծածկագիր տեսիլքներին», այն արտատպել են «Ալիքը» եւ «Ասպարեզը»: 2012-ին գրչակիցներս էլ բավականին ակտիվ եղան՝ Գուրգեն Խանջյանը, Անահիտ Թոփչյանը, Դավիթ Հովհաննեսը , Էդվարդ Միլիտոնյանը, մյուսները… Հարկավոր է պրոպագանդել մեր գրականությունը, դուրս բերել Հայաստանի սահմաններից, անպայման թարգմանել: Պետք է 4-5 հոգուց բաղկացած քննադատների խումբ լինի, որ անթոլոգիաների համար ճիշտ գործեր ընտրի՝ խուսափելու համար գրամոլային նյութերից»,- նշում է մեր զրուցակիցը:

Արտեմ Հարությունյանը կարծում է, որ հեռուստաալիքներով օրական գոնե 15 րոպե պետք է պոեզիա հնչի. «Ախր պոեզիան սոցիալական զենք է…Հատկապես Հ1-ով ժամերով անհամ ֆուտբոլային խաղեր են դնում, փոխանակ գրականություն պրոպագանդելու: Շատ դեպքերում սխալ է հասկացված գրականության դերն ու բնույթը: Գրականությունը մեծ մասամբ ժամանց է ընթերցողների համար, մինչդեռ հաճույքից բացի, պետք է փորձեն ժամանակակից դեպքերը վերծանել ու ներկայացնել»:

10 միավորանոց սանդղակով գնահատելու դեպքում բանաստեղծը 8 միավոր կտար այսօրվա գրականությանը: Նա ասում է. «Սրություն է հայտնվել, խոստովանական լիրիկա, որը ազատ է»:

Ինչ վերաբերում է ընթերցողին, նրա ասելով. «Ընթերցող հասարակայնությունը խեղճ է, հազիվ 3-4 միավորի է ձգում, եւ հետո, ստալինյան էպոխայի շատ բաներ ընկած են մարդկանց ուղեղի վրա»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31