Հանրապետությունում որոշ ապրանքատեսակների գների 10-12% աճ կա, եւ գնաճը նախատոնական օրերին դեռ կպահպանվի: Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում այսպիսի կարծիք հայտնեց «Սպառողների միություն» հ/կ-ի նախագահ Արմեն Պողոսյանը:
«Սպառողների միության» նախագահի կարծիքով` ավելի մեծ ուշադրություն պետք է դարձվի հատկապես սննդի անվտանգությանը:
«Հանրապետությունում այլեւս անհնար է գտնել չմակնշված ձու, մինչդեռ մի քանի տարի առաջ միակ տեղը, ուր կարելի էր մակնշված ձու գտնել, մեր կազմակերպության չհրկիզվող պահարանն էր: Սա առաջընթաց է»,- ասաց պարոն Պողոսյանը` նկատելով, որ ոչ ոք երաշխավորված չէ վտանգավոր եւ կասկածելի ապրանքներ ձեռք բերելուց:
Կարդացեք նաև
Իրավապաշտպանի հավաստմամբ` կաթնամթերքն եւ մսամթերքը անվտանգության տեսանկյունից համարվում են ամենավտանգավորները, որովհետեւ ավելի շուտ են փչանում:
«Մենք գնում ենք հաց, որը բավականաչափ քաշ չունի, գնում ենք շաքարավազ, որի մեջ շատ է խոնավությունը: Սա մեծ հարված է սպառողի գրպանին: Հոկտեմբերի 18-ին այս առթիվ մենք նամակ ենք ուղարկել նախագահի Վերահսկողական ծառայություն, բայց մեր նամակը կորել ա:»,- տեղեկացրեց պարոն Պողոսյանը` համոզմունք հայտնելով, որ նամակը նորից կուղարկվի:
«Մեր կազմակերպության կողմից հավամթերք եւ ձու է գնվել ու հանձնվել լաբորատորիա: Գնել ենք թե տեղական արտադրողի ապրանքը եւ թե ներմուծված ձու ու հավամթերք: Արդյունքները մի քանի օրից պարզ կլինեն»,- տեղեկացրեց «Սպառողների միության» նախագահը` նկատելով, որ արդեն երկու տարի է, ինչ հանրապետությունում սննդային թունավորումներ չեն գրանցվել:
Աշոտ ԱԹԱՅԱՆ