Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի հիվանդություններով զինակոչիկը պիտանի՞ է ծառայության

Դեկտեմբեր 21,2012 15:17

Այսօր «Կոնգրես» հյուրանոցում «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության պատրաստած «Բժշկական ծառայությունների հետ կապված զորակոչիկների և զինծառայողների մարդու իրավունքների խախտումների վիճակի մասին» զեկույցի շնորհանդեսը սկսվեց 40 րոպե ուշացումով: Զեկուցող Արթուր Սաքունցը եւ մի քանի իրավապաշտպան հայտնվել էին խցանման մեջ: Մինչ նրանց ներկայանալը ցուցադրվեց «Ինձ բացակա չդնեք» փաստագրական տեսաֆիլմը, որը նվիրված էր ջրծաղիկից անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանին:

Տեսաֆիլմից հետո հանդես եկավ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը: Նա ներկայացրեց, թե ինչպես է Հայկը դիմային նյարդի բորբոքմամբ դեկտեմբերի 9-ին տեղափոխվել Կենտրոնական ռազմական հոսպիտալ, ապա դեկտեմբերի 25-ին նրան տեղափոխել են ինֆեկցիոն բաժանմունք, որտեղ հետազոտվել է զինծառայողը եւ ախտորոշվել է ջրծաղիկ: Փաստաբանը, որը Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատարանում ներկայացնում է Հայկի հոր շահերը, տեղեկացրեց, որ մինչ Կենտրոնական հոսպիտալ տեղափոխվելը, զինծառայողը 16 ժամ, առանց հանգստի գտնվել է պահակային ծառայության մեջ, եւ այդ հանգամանքը քրեական գործի նախաքննության ժամանակ հաշվի չի առնվել: Նա նաեւ նշեց, որ ըստ գործի նյութերի, առկա են համապատասխան գրառումներ, համաձայն որոնց՝ Հայկին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվելու կապակցությամբ էպիկրիզ է կազմվել, սակայն նա հիվանդանոց է տեղափոխվել ոչ թե էպիկրիզ կազմելու, այլ հաջորդ օրը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պատասխանատու Արթուր Սաքունցը ներկայացրեց «Բժշկական ծառայության հետ կապված զորակոչիկների եւ զինծառայողների մարդու իրավունքների խախտումների վիճակը» զեկույցը: Նա տեղեկացրեց, որ զեկույցում իր մասնագիտական դիրքորոշումն է արտահայտել նաեւ ռազմական բժիշկ-փորձագետ Արթուր Մինասյանը: Իրավապաշտպան Սաքունցը տեղեկացրեց, որ նախազորակոչային տարիքի անձանց եւ զորակոչիկների առողջական վիճակի զննությունը կարգավորվում է «Զինապարտության մասին», «Պաշտպանության մասին» օրենքներով, ՀՀ պաշտպանության նախարարի 2010թ. 175-Ա հրամանով:

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ նորակոչիկներից շատերը ունեն մի քանի հիվանդություններ, պիտանի են ճանաչվում զինծառայության համար եւ առողջական վիճակի ոչ պատշաճ ախտորոշման պատճառով հանդիպում են լուրջ խոչընդոտների:

«Առողջական վիճակի զննության իրականացման կարգում սահմանված հիվանդությունների ցանկի փոփոխությունները հասկանալի չեն զինծառայողների ծնողներին եւ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված առանձին հիվանդությունների բնութագրերը՝ հատկանիշները, նույնպես հստակ ձեւակերպված չեն: Բժշկական եզրակացությունների նկատմամբ զորակոչիկների եւ նրանց հարազատների անվստահությունը պայմանավորված է նաեւ դրանցում գրառված ձեւակերպումների անհստակությամբ»,- ասաց Ա. Սաքունցը:

Ի դեպ, նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ զինծառայողների առողջական վիճակի փորձաքննությունները իրականացվում են մի քանի ռազմաբժշկական հանձնաժողովների կողմից. ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով, որի նախագահին եւ մասնագետներին նշանակում է պաշտպանության նախարարը, այսինքն՝ կախյալ մարմին է, հոսպիտալային ռազմաբժշկական հանձնաժողով, որը կազմավորվում է հոսպիտալի պետի հրամանով, հոսպիտալառազմաբժշկական օդաչուական հանձնաժողով, կենտրոնական պոլիկլինիկայի ռազմաբժշկական հանձնաժողով, հանրապետական հավաքակայանի ռազմաբժշկական հանձնաժողով, զինկոմիսարիատներին կից ռազմաբժշկական հանձնաժողովներ:

Տեղեկացվեց, որ 2012թ. զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների խախտման հետ կապված, Վանաձորի իրավապաշտպան գրասենյակ է դիմել 24 քաղաքացի, որոնցից 16-ի բողոքներն առնչվել են զինծառայության ընթացքում բժշկական ծառայությանը:

Այսօրվա միջոցառմանն աջակցել էր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» հասարակական նախաձեռնությունը, որի նախագահ Լարիսա Մինասյանը ուշադրություն հրավիրեց զինծառայողների բժշկական սպասարկման խնդիրներին, անհրաժեշտ համարելով համակարգված մոտեցումներն ու լուծումները:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31