Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շրջանառության նոր հարկով ՓՄՁ-ն վնասներ չի՞ կրի

Դեկտեմբեր 21,2012 13:58

Մեկն ասում է՝ ստվերի դեմ են պայքարում, մյուսը՝ հարկերն են ավելանում

ԱԺ-ն արդեն ընդունել է «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը, եւ այն գործելու է հունվարի 1-ից: Այս օրենքով, ըստ էության, նոր հարկատեսակ է սահմանվում որոշ տեսակի բիզնեսի համար: Ու թեեւ օրենքի հիմնավորման մեջ նշված է, որ այս օրենքի տակ «մտնող» ձեռնարկությունների հարկային բեռը թեթեւանալու է, սակայն որոշ մասնագետների կարծիքով՝ գուցե մի քանի ընկերությունների համար իսկապես ձեռնտու օրենք է, սակայն ընդհանուր առմամբ բազմաթիվ փոքր ու միջին ձեռնարկություններ մեծ վնասներ կունենան: Որոշ մասնագետներ էլ կարծում են, որ այս նոր օրենքով  պետությունը դիմեց խորամանկ քայլի եւ ընդամենը մեկ հարկատեսակով փորձ է անում ստվերի եւ կոռուպցիայի դեմ պայքարել:

Ըստ նոր օրենքի՝ տարեկան 58.35 միլիոն դրամ շրջանառություն ունեցող առեւտրային կազմակերպությունները հարկ են վճարելու են շրջանառության 3.5%-ը եւ այլեւս ավելացված արժեքի հարկ կամ շահութահարկ չեն վճարելու: Բացի այս, նոր հարկատեսակով աշխատողները նաեւ ազատվելու են առաքվող, տեղափողվող ապրանքների ու արտադրանքի մասին առաքելու մատյաններ վարելու պարտավորությունից:

«Առավոտի» հետ զրույցում ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանն ասաց, որ կառավարության բերած հիմնավորումներն ուղղակի հիմնազուրկ են, որովհետեւ օրինակ՝ եթե կառավարությունը նշել է, որ 3.5 %-ը հաշվարկել են եւ գտել են, որ բավարար է, իրականում այդպես չէ. «Մենք տարբեր նամակներ ենք ստացել, եւ հարկ վճարողների ասոցիացիայից տեղեկատվություն են տվել, որով հիմնավորվում է, որ 2.5%-ից ավելին այս հարկատեսակը չի կարող լինել: Դա բերելու է փոքր առեւտրային օբյեկտների փակմանը եւ գերկենտրոնացմանը սուպերմարկետներում: Այսինքն՝ ըստ էության սա բերելու է աշխատատեղերի փակման: Մինչ այս օրենքը գործում էր ավելացված արժեքի հարկի արտոնության ռեժիմը, այսինքն՝ մինչեւ 58.35 միլիոն դրամի շրջանառություն ունեցողը ԱԱՀ չէր տալիս, միայն շահութահարկ, եւ եկամտահարկ՝ եթե ԱՁ էր, եւ 11% փաստաթղթերի շրջանառության տեսակետից, հիմա պատկերացրեք՝ փոքր սուբյեկտը, որն ուզում է ազնիվ ու արդար աշխատել եւ ունի անհրաժեշտ փաստաթղթերի հիմնավորումները, առնվազն նրա շահութաբերությունը 20% պետք է լինի, իսկ  շրջանառությունը 58.35 միլիոն, որպեսզի կարողանա 3.5 տոկոսի չափով համարժեք հարկ վճարել: Բայց մենք գիտենք, որ նույն առեւտրային օբյեկտներում, տարբեր վերլուծություններով, 10-12% է շահութաբերությունը»:

Արտադրություն կազմակերպողների համար նոր օրենքով շրջանառության հարկի շեմը 3.5-5%-է, եւ առաջին հայացքից թվում է, թե սա էլ յուրովի աջակցություն է միջին ընկերություններին, սակայն պարոն Մինասյանի վերլուծությամբ՝ ճիշտ հակառակն է ստացվում: Պատգամավորի խոսքերով՝ թեեւ կառավարությունը ոսկերչությունն ու ադամանդագործությունը գերակա ճյուղ է համարում, բայց նոր օրենքով կառավարությունն ինքն իրեն հակասում է. «Ադամանդագործների եւ ոսկեգործների ձեռք բերված հումքը արժե շատ թանկ, իրենց կողմից վաճառքի գնի եւ ինքնարժեքի տարբերությունը շատ քիչ է, այսինքն՝ շահութաբերութունը շատ քիչ է, բայց ստիպված են լինելու ամբողջ շրջանառության նկատմամբ տոկոս վճարել»:

Բացի այն, որ նոր օրենքը առանձնապես օգտակար չէ փոքր ու միջին ձեռներեցների համար, այն նաեւ, ըստ պատգամավորի՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մի դրույթ է խախտում: Օրինակ՝ ինչպես Արծվիկ Մինասյանն ասաց, հարկերի մասին օրենքով նմանատիպ օրենքները ուժի մեջ կարող են մտնել ընդունումից 30 օր հետո, իսկ այս օրենքն արդեն գործելու է 11 օր հետո. «Սա, մեր կարծիքով, լուրջ հիմնախնդիր է  Սահմանադրության հետ կապված, եւ մյուս քաղաքական ուժերի հետ քննարկում ենք, որպեսզի դիմենք Սահմանադրական դատարան եւ վիճարկենք օրենքը գործողության ուժի մեջ մտնելու առումով, հատկապես որ կապված է մյուս օրենքների՝ ԱԱՀ-ի, Շահութահարկի, ստուգումների մասին օրենքների հետ: Իսկ, ըստ էության, նոր օրենքը բարդացնում է տնտեսվարող սուբյեկտի վիճակը»:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ գտնում է, որ պետությունը ստվերի դեմ է պայքարում, նոր հարկատեսակով պետությունն ամենեւին էլ չի բարդացնում տնտեսվարողների վիճակը, պարզապես վերջ է դրվում այն մանիպուլյացիաներին, որոնց միջոցով որոշ գործարարներ կարողանում էին քիչ շահույթ ցույց տալ եւ հետեւաբար քիչ էլ շահութահարկ վճարել. «Հիմա՝ նոր օրենքի դեպքում, կապ չունենալով, թե որտեղ ինչ կձեւակերպվի, կնվազեցնեն շահույթը, թե չէ, ամբողջ շրջանառության նկատմամբ 3.5% են վճարելու: Այդ թիվը կարող է ավելի վատը լինել, քան նախկինում էր, բայց դա չի նշանակում, որ պետությունը վատացրել է: Հիմա հնարավորություն չունեն շահույթը քիչ ցույց տալու, պետությունը խորամանկ է գտնվել, այնպիսի ձեւակերպում է տվել, որպեսզի թաքնված փողերը լեգալիզացնի մի հարկատեսակով: Մեխանիզմը հեշտացրել է, բայց նաեւ հարկման չափն ավելի կլինի, ու պետությունը կշահի: Կլինեն բիզնեսներ, որոնք կտուժեն, բայց դա արհեստական է, որովհետեւ այն ժամանակ ձեռնտու տարբերակով ավելի քիչ էին հարկ մուծում, հիմա արդեն շրջանառությունից կմուծեն»:

Պարոն Մակարյանը, սակայն, մի մտավախություն ունի եւ նոր օրենքի պարագայում ստվերայնություն է տեսնում. մի տեղ ասենք՝ հանկարծ այնպես չստացվի, որ ստուգող մարմինը՝ ՊԵԿ-ի աշխատակիցները, անակնկալ այցելեն գործարարին ու սկսեն խրոնոմետրաժ անել կամ հաշվարկներ ու ասեն՝ քիչ ես ցույց տալիս շրջանառությունդ, ու սկսեն «հետապնդել» գործարարին՝ դիտարկելով որպես շրջանառության իրական ծավալը թաքցնելու միտում. «Այսինքն՝ պետք է հաշվի առնեն, որ նույն տիպի ընկերությունները որտեղ են գործում՝ քաղաքի կենտրոնում, մարզում կամ քաղաքի ծայրամասում, որովհետեւ դրանից ելնելով էլ եկամուտները տարբեր են լինում: Պետությունը պիտի հոգ տանի, որպեսզի բոլոր մակարդակներում արդար լինի ու ստվերի դեմ պայքարի նաեւ խոշորների դեպքում»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31