Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱԺ-ից դուրս արտիստ եմ»

Դեկտեմբեր 21,2012 13:52

Հարցազրույց սիրված երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ

– Դուք Ձեզ շոու-բիզնեսի՞, թե՞ արվեստի ներկայացուցիչ եք համարում:

– Ես շոու-բիզնեսում չեմ, հետեւաբար ներկայացրել ու կշարունակեմ հրամցնել արվեստ:

– Պատգամավորի Ձեր գործունեությունը քաղաքական ոլորտում է: Հիմա Դուք երգիչ եք քաղաքակա՞ն դաշտում, թե՞ քաղաքական գործիչ՝ երգարվեստում:

– Ես քաղաքական գործունեություն եմ ծավալում Ազգային ժողովում, իսկ ԱԺ-ից դուրս արտիստ եմ: Ի դեպ, քաղաքական դաշտում մշակույթի ու արվեստի գործիչներ նախկինում եղել են, բայց թույլ տվեք բարձրաձայնել, որ նրանք գործել են պասիվ:

– Այսօրվա արվեստագետների հիմնախնդիրը կարծես ստեղծագործականից տեղափոխվել է սոցիալական հարթություն. դերասանները տրտնջում են, թե իրենց կողքին հայտնվում են փողոցի մարդիկ, նույնն ասում են նաեւ Ձեր կոլեգաները: Սակայն պրոֆեսիոնալները պատեհ առիթը բաց չեն թողնում գումար աշխատելու ու երեւալու համար…

– Ֆիլմերում կամ սերիալներում ուրիշ է: Ռեժիսորը կոնկրետ դերի համար ավելի մատչելի հոնորարով պայմանագիր է կնքում Ձեր ասած դրսի մարդու հետ, ինչը չէի ասի, օրինակ, երգարվեստում: Ուրիշ բան, որ երգարվեստում հանդիպում են շքեղ տեսահոլովակներ՝ սարսափելի երգերով: Ինչ խոսք, դրան մի օր պետք է վերջ տրվի…

– Շուշան Պետրոսյան պատգամավորը ԱԺ-ում շուրջ 6 ամիսների ընթացքում ի՞նչ նախաձեռնություններով է հանդես եկել:

– Մի քանի առաջարկներով ու կոչերով հասցրել եմ հանդես գալ: Օրինակ՝ այլ մասնագիտություն ունեցողի համար՝ լինի դա պատգամավոր, պետական պաշտոնյա, որ չի տիրապետում մշակութային ոլորտին, անհարմար չէ պրոֆեսիոնալից կարծիք հարցնել, եւ հակառակը: Ինքս մշակույթի մարդ եմ, սակայն բացարձակ չեմ ամաչում այլ ոլորտների մարդկանցից տեղեկանալ, կարծիք հարցնել: Օրեր առաջ ինձ դիմեց «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Արմինե Պետրոսյանը՝ միջոցառմանը աջակցելու խնդրանքով: Տեղեկանալով, որ միջոցառումը կազմակերպվում է Տավուշի մարզի սահմանամերձ լքված գյուղերին օգնելու համար, ես այդ մասին ԱԺ-ում հանդես եկա առաջարկությամբ: Արդյունքում՝ Դրամատիկական թատրոնում կայացած երեկոյի ընթացքում կազմակերպված էր նկարների աճուրդ, որից գոյացած գումարը կփոխանցվի Տավուշի մարզի Վազաշեն գյուղ: Աճուրդին էլ հետեւեց երգիչ կոլեգաներիս ելույթը: Սա կլինի շարունակական, քանի որ Վազաշենը Տավուշի լքված գյուղերից մեկն է: ԱԺ-ում կոչ եմ արել, անկախ կուսակցական պատկանելությունից, մասնակցել ստորագրահավաքի՝ ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը…» ֆիլմը, որի սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը ճանաչված դերասան Միքայել Պողոսյանն է, «Օսկարի» կինոակադեմիային ներկայացնելու համար՝ ընդդեմ ադրբեջանցիների աղմուկի, թե իբր սցենարը իրենցից է գողացված, ինչին ի պատասխան՝ ժամանակին Միքայել Պողոսյանը կարճ ու կոնկրետ նշեց, որ ֆիլմը ոչ թե պատերազմի մասին է, այլ խաղաղության… Մինչ ԱԺ-ում կոչով հանդես գալը, այս թեման ես քննարկել եմ կինոգետ Դավիթ Մուրադյանի հետ: Երազում եմ Երեւանում հիմնվի մեկենասության դպրոց, ինչի վառ օրինակը մեր Մանթաշովն է, ով երբեք գումար չի տվել Թամանյանին կամ Կոմիտասին, այլ կողքից նկատելով կամ գուցե ուսումնասիրելով նրանց տաղանդը՝ հովանավորել է:

– Վերջին շրջանում ԱԺ-ում զբաղվածությունը «կողոպտել» է Ձեր բեմական կյանքը, հաճախ Ձեզ չենք հանդիպում TV-ներում եւ համերգասրահներում: Հետեւաբար չմասնակցելով միջոցառումներին, զրկվում եք նաեւ հոնորարից, արդյոք պատգամավորի աշխատանքը կոմպենսացնո՞ւմ է դա:

– Քրտինքով աշխատած հոնորարը միշտ էլ սիրով եմ ծախսել: Ստանալուն պես առաջին հերթին շտապել եմ գրախանութ ու ձեռք բերել ինձ համար ամենաթանկ գիրքը: Ինչ վերաբերում է TV-ներով չերեւալուն, հայաստանյան եւ ոչ մի հեռուստաընկերություն, կոնկրետ այս տարի՝ ինձ չհրավիրեց ամանորյա նկարահանումների: Օրերս եմ վերադարձել Ռիգայի TV-ներից մեկի կազմակերպած «Սիմֆոնիա Ռիգա» փառատոնից, որին մասնակցում էր 24 երկրի ներկայացուցիչ, ես էլ ընդգրկված էի ժյուրիի կազմում: Ավարտին կայացած գալա համերգին հանդես եկա երկու երգով՝ մեկը Խաչատուր Ավետիսյանի, մյուսը ջազային կատարումով: Երեւան հասնելուն պես իմ նախընտրած «Ուլիխանյան» ակումբում ջազմեն ընկերներիս հետ, կներեք անհամեստությանս համար, հիանալի համերգ ունեցանք: Հավաստիացնում եմ, որ ունենք հիանալի մշակութային ընդհատակ, որը ոչ գլամուրային է, ոչ էլ մոդային հետեւող: Ունենք նաեւ հիանալի գրողներ: Կարճ ասած՝ արվեստի բոլոր ոլորտների պրոֆեսիոնալներ, ովքեր ներկայացնում են բարձր արվեստ:

– Ազգային ժողովը ժամանակին օրենք ընդունեց բալետի արտիստի՝ ընդհանուր հիմունքներով թոշակի անցնելու մասին, մինչդեռ խորհրդային տարիներին 20 տարի բեմական կյանքից հետո նրանք թոշակի էին անցնում…

– Առաջիկայում խոստանում եմ այս հարցը հնչեցնել ԱԺ-ում: Իսկ գիտե՞ք, որ նկարիչներն, օրինակ, ընդհանրապես թոշակ չեն ստանում, իսկ նրանց արվեստանոցների հարկի չափը նույնն է, ինչ կազինոներինը եւ խանութներինը: Մշակույթի ոլորտում ռեֆորմներ են հարկավոր:

– Ինչպես եւ սպասվում էր, ՀՀԿ-ի նախագահական քարոզարշավի երգը վստահված է Ձեզ:

– Ոչ միայն ինձ…

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31