Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտորը՝ բուհի, Հայաստանի եւ աշխարհի վերջի մասին
Դեռեւս այս տարվա հուլիսին, Ժան-Ժակ Մոնտուան՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի նորանշանակ ռեկտորը, «Առավոտին» տված իր առաջին հարցազրույցում ասել էր, թե տպավորված է Հայաստանի պատմությամբ եւ մշակույթով, ու իր համար գունեղ երկիր է հայտնագործել:
Երեկ «Առավոտը» կրկին հանդիպեց նրան:
Կարդացեք նաև
Պարոն Մոնտուայից հետաքրքրվեցինք բուհում կիսամյակի ավարտի հետ կապված տպավորություններով: Նա արդյունքները դրական գնահատեց: «Առօրյա դինամիկ աշխատանքի մեջ գտնվող համալսարանի տպավորություն է: Այս տարի ավելի շատ ուսանողների ենք ընդունել իրավաբանության, մարկետինգի եւ կառավարման ֆակուլտետներում, ինչը փաստում է Ֆրանսիական համալսարանի գրավիչ լինելը: Ֆրանսիականի սաները նաեւ գիտեն, որ կարող են այդ դիպլոմներով ե՛ւ ողջ Եվրոպայով տեղաշարժվել, ե՛ւ աշխատանք գտնել Հայաստանում: Ի դեպ, Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների 3/4-ը աշխատանք է գտնում Հայաստանում: Ընդհանուր առմամբ բավարարված եմ առաջին կիսամյակի արդյունքներով, բայց շարունակելու ենք լինել խստապահանջ եւ ուշադիր, ինչպես նավի ամենաբարձր կետից՝ հետեւել ամեն ինչին: Նման բառապաշար եմ օգտագործում, որովհետեւ ծովափնյա քաղաքում եմ ապրում, իսկ Ֆրանսիական համալսարանը իրոք նման է մի մեծ նավի: Ինչպես ցանկացած նավի, այնպես էլ մեր համալսարանի դեպքում, կարող են լինել եւ փոթորիկներ, եւ խաղաղ ընթացք, եւ խութեր: Կարեւորը նավի ընթացքը լինի կայուն եւ այն հասնի նավահանգիստ՝ նախանշված նպատակներին»,- ասում է ռեկտորը:
Քանի որ նորարարությունն ու դինամիկան բնորոշ են Ֆրանսիական համալսարանին, խնդրեցինք ասել, թե զարգացման ի՞նչ միտումներ է տեսնում: Մեր զրուցակիցը Ֆրանսիական համալսարանը դիտարկելով իր առանձնահատկությունների մեջ, ասաց, որ բուհը հստակ մասնագիտացված է եւ կադրեր է պատրաստում՝ համապատասխան կազմակերպությունների ու գործատուների կարիքների եւ սպասելիքների. «Ներկայումս Ֆրանսիական համալսարանը կառավարման ոլորտների հետ առնչվող նոր կրթածրագրերի, մասնագիտացումների վերաբերյալ մտածումների մեջ է»: Ռեկտորի խոսքով, շուտով լույս կտեսնի Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների տվյալների տեղեկատուն, որ ոչ միայն կհամախմբի նույն բուհի շրջանավարտներին, այլեւ լավ գործիք կլինի գործատուների համար՝ կադրեր ընտրելիս կողմնորոշվելու առումով:
Ի թիվս այլ իրադարձությունների, նա կարեւորեց հատկապես գալիք տարի Սենգորի ամբիոն ունեցող համալսարանների ռեկտորների այցելությունը Հայաստանում Ֆրանսիական համալսարանի Սենգորի ամբիոն: Սա Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում է:
Հետաքրքրվեցինք, թե պարոն Մոնտուան ինչպես է պատրաստվում նշել Ամանորը: «Ընդունված է ընտանեկան տոները ընտանիքում անցկացնել: Սեն Մալո կոչվող փոքր, բայց շատ հայտնի քաղաքում եմ ապրում: Այնտեղ կինս է, զավակներս ու ծնողներս: Կիրակի օրվանից կմիանամ իմ ընտանիքին, որպեսզի այնտեղ անցկացնեմ Սուրբ ծնունդը, մի բան, որ արդեն 60 տարի անում եմ՝ բոլոր ավանդույթներով ու սովորույթներով հանդերձ: Հունվարի 2-ին կվերադառնամ Հայաստան: Այստեղից տանելու եմ հայկական հուշանվերներ, չորացրած մրգեր, որոնք միայն Հայաստանում են այդքան համեղ ու նաեւ փոքրիկ զարդեր ագաթ քարից, որոնք դուր կգան կնոջս ու դստերս: Ինչ վերաբերում է որդուս, նրա նվերն էլ այն է, որ հունվարի 5-ին ժամանելու է Հայաստան»:
Ռեկտորը չմոռացավ նշել, որ Հայաստանում եղած ամիսներին այցելել է եկեղեցիներ, տպավորվել է մասնավորապես Նորավանքի ճարտարապետությամբ եւ աուրայով, անչափ հետաքրքրված է հայկական խաչքարային արվեստով:
Կես կատակ-կես լուրջ հարցրինք, թե ինչպես է վերաբերվում աշխարհի վերջին, որը վաղն է՝ ըստ մայաների օրացույցի:
«Ես միշտ մեկ նախադասություն ունեմ աշխարհի վերջի վերաբերյալ՝ այն, ինչ լինելու է, կլինի: Կարծում եմ՝ անիմաստ է անհանգստանալ, ավելի լավ է մտածել տվյալ պահի մասին: Ես թողնում եմ մյուսներին էսխատոլոգիական վարքագիծ ունենալու մտահոգությունը: Եթե պետք է աշխարհի վերջ լինի, պետք չէ անհանգստանալ, ավելի լավ է գեղեցիկ նշել տոները: Բացի դրանից, մենք ունենք մի հոյակապ հնարավորություն՝ կարելի է ապաստանել Արարատ լեռան գագաթին, ինչպես մի անգամ արդեն արել է մարդկությունը»,- ժպտալով նշեց Ժան-Ժակ Մոնտուան:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ