Մարիետա Սարդարյանը 3-րդ կարգի հաշմանդամ է: Ենթարկվել է վիրահատությունների: Նրա մոտ այս պահին առկա է 5 ճողվածք:
Նա ծնվել է ԼՂՀ-ում, աշխատել է Ճարտարի միջնակարգ դպրոցում՝ որպես մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ուսուցչուհի:
1994թ.-ից Հայաստանում է:
Ամուսնացել է տեղաբնակի հետ, ապրել նրա հայրական տանը: Բազմանդամ ընտանիքը 5000 դոլարի համարժեք գումարով բնակարանը վաճառել է, եւ իրենց տան վաճառքից հատկացվել է 350 դոլար գումար:
Կարդացեք նաև
Հայտնվել են տարբեր վարձակալած բնակարաններում:
Դիմել է ՀՀ էքսնախագահի կնոջը՝ Բելլա Քոչարյանին, որի միջամտությամբ Մ. Սարդարյանին եւ նրա երկու անչափահաս դուստրերին տրվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանի սենյակներից մեկը:
ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գ. Եգանյանի կողմից 30.07.02-ին տրվել է «Հանրակացարանում բնակվելու ուղեգիր»:
Սակայն Մ. Սարդարյանին վտարել են իր զբաղեցրած տարածքից, նրա փոխարեն այնտեղ են տեղավորել Սիրիայի մեր հայրենակիցներից մեկին: Մենք այցելեցինք Մ. Սարդարյանի «նախկին» բնակարանը: Նոր տանտերը սկզբում չէր ցանկանում դուռը բացել, քանի որ, ինչպես հետագայում խոստովանեց, իրեն անընդհատ անհանգստացնում են: Մինչդեռ, մեր նոր զրուցակիցն ասում էր, որ ինքը հազիվ է տեղավորվել մի սենյակում, որտեղ կենցաղային հարցերը մի կերպ կարողանում է լուծել: Մարիետա Սարդարյանն ասաց, որ 10 տարուց ավելի բնակվել է նշված հանրակացարանում. նրա իրերն այս պահին էլ գտնվում են արգելանքի տակ՝ նույն կացարանում:
Նրա վտարման հետ կապված հայցը գտնվում է նաեւ ՀՀ վարչական դատարանի վարույթում:
Նա տեղեկացրեց, որ նշված հանրակացարանի մեկ սենյականոցը քանի որ փոքր էր երկու երեխաների հետ բնակվելու համար, իրեն հատկացվել էր նույն հանրակացարանի 212 եւ 210 սենյակները՝ 30.07.02-ից մինչ 02.11.2007թ. ժամանակահատվածը: Նա իր հայցադիմումում գրել է. «2007թ. նոյեմբերի 2-ին ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների բռնի տեղահանման պետ Ա. Հարությունյանի եւ «Հանրակացարաններ» ՓԲԸ գործադիր տնօրեն Հ. Սեդրակյանի, ՄԱԿ-ի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի երեւանյան գրասենյակի երկու աշխատակիցների մասնակցությամբ ինձ եւ իմ ընտանիքի անդամներին բռնի կերպով տեղահանել են եւ տեղափոխել 412 սենյակ, որի դիմաց տվել են գրավոր համաձայնագիր, առ այն, որ 4-րդ հարկի սենյակները՝ 405 եւ 407, հաշվառված են որպես մեկ միասնական միավոր, ազատվելու դեպքում այն կտրամադրվի ինձ»:
Մ. Սարդարյանը «Առավոտի» հետ զրույցի ժամանակ նաեւ հայտնեց, որ հանրակացարանի տնօրենի թողտվությամբ ինքը ժամանակավոր զբաղեցրել է 423 սենյակը:
Ի դեպ, հանրակացարանի եւ իր միջեւ կնքվել էր վարձակալության պայմանագիր, եւ Մ. Սարդարյանն ասում է, որ վարձավճարը բարեխիղճ եւ ժամանակին վճարվել է իր կողմից:
Պայմանագրի ժամկետը չլրացած, հանրակացարանը դիմել էր դատարան՝ վտարելու հաշմանդամ կնոջն ու նրա անչափահաս երեխաներին: «Գործը դատարանում էր, իմ կողմից դեռ չէին ազատվել սենյակները, ուրիշներին տրվել է ուղեգիր»,- ասում է Մ. Սարդարյանը:
Մ. Սարդարյանը վկայակոչում է 2011թ. մարտի 24-ին ՀՀ կառավարության «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված՝ հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին» թիվ 305-Մ որոշումը, որի համաձայն՝ հանրակացարանային բնակելի տարածքները պետք է նվիրատվություն կատարեն նշված տարածքներում 5 տարուց ավելի բնակվող բնակիչներին:
Մինչդեռ, ըստ նախկին մանկավարժի, պատկան մարմինները թաքցրել են այս որոշման առկայության մասին, «փորձել են ինձ զրկել սեփականություն ունենալու հնարավորությունից»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ