Aravot.am-ը կինոգետ, գրող Դավիթ Մուրադյանին խնդրեց ամփոփել, թե 2012 թվականն ինչպիսի տարի էր կինոյի համար:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մուրադյանը հայաստանյան կինոկյանքում 3 իրադարձություն առանձնացրեց՝ Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռություն» ֆիլմը՝ դերասանական հայտնություն՝ գլխավոր դերակատարով, Նատալյա Բելյաուսկենի եւ Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմի՝ Օսկարի հավակնորդների ընդարձակ ցանկում հայտնվելը եւ Հարություն Խաչատրյանի «Սահմանի» ցուցադրությունը Լուվրում: «Սովորաբար Լուվրում աշխարհի լավագույն ֆիլմերն են ցուցադրվում, եւ վերջին անգամ շատ վաղուց՝ 2004-ին է հայկական ֆիլմ ցուցադրվել այնտեղ՝ Փարաջանով: Թերեւս այս երեքը կարելի է գրանցել մեր կինոտարվա հաջողությունների ցանկում: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասին էլ չեմ խոսում, որովհետեւ «Ոսկե ծիրանը» մեր ամենամյա կինոտոնն է, եկող տարի էլ տասնամյակը կնշենք: Եթե այս ամենը նկատի ունենանք, 2012-ը՝ իբրեւ կինոյի տարի, վատը չէր»,-ասում է Դավիթ Մուրադյանը: Նա հույս ունի առաջիկա տարում էլ «Կինոյի մասին» օրենքը կմշակվի- վերջնական տեսք կունենա. «Եվ եթե գործընթացը շարունակվի նաեւ ԱԺ-ում, ապա եկող տարին էլ երեւի թե այդ իմաստով նպաստավոր կլինի մեր կինոյի համար»:
Կինոգետի խոսքով. «Ինչ վերաբերում է կինոարտադրությանը, այն վերջին տարիներին ընդարձակվում է, երիտասարդ անուններ են գալիս, բայց ես, այդ ամենը տեսնելով հանդերձ, սպասում եմ նոր խոսքի, որը բոլոր ժամանակներում նոր սերունդն է ասում: Այս կյանքը իր մեջ կրող, դրա բնակիչը հանդիսացող նոր սերունդը դեռ պետք է իր գեղարվեստական ուղերձը տա, այնպես, ինչպես 60-ականներին եղավ, ու հիմա այդ մարդիկ մշակութային լեգենդներ են դարձել: Այն տարիներին նոր կինոխոսք ասացին այն ժամանակ երիտասարդ Փարաջանովը, Դովլաթյանը, մյուսները»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև