Թե՞ Կրեմլի կուլիսներում այլ գործընթացներ են ծավալվել
Դեկտեմբերի 19-ին Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Ռուսաստանում էր, որտեղ կայացան ՀԱՊԿ-ի, ԵվրԱզԷս-ի եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մի շարք միջոցառումներ։
ՀԱՊԿ գագաթնաժողովում ելույթ ունենալով՝ Ս. Սարգսյանը ուշագրավ հայտարարություն է արել: Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ի հիմնարար սկզբունքներից մեկը անդամ երկրների միջեւ փոխհարաբերությունների առաջնայնությունն է այլ երկրների հետ հարաբերությունների համեմատ: «Կազմակերպության արդյունավետ եւ լիարժեք գործելու համար մենք պետք է պահպանենք հիմնարար սկզբունքները, որոնք դրված են Մինսկի մեր իսկ հայտարարության մեջ, ըստ որի՝ ՀԱՊԿ շրջանակներում ռազմաքաղաքական հարաբերությունները կրում են առաջնային բնույթ՝ ի համեմատ այն երկրների հետ շփումների, որոնք Պայմանագրի մեջ չեն մտնում»,- ասել է նա՝ կազմակերպության բոլոր անդամ երկրներին կոչ անելով չմոռանալ այդ սկզբունքի մասին ու չպաշտպանել այն նախաձեռնությունները, որոնք վնաս են հասցնում Հայաստանի շահերին:
Կարդացեք նաև
Ավելի ուշ Կրեմլում ԵվրԱզԷս-ի եւ ՀԱՊԿ գագաթնաժողովներից հետո փակ դռների հետեւում կայացել է Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Դրանից առաջ ՌԴ նախագահը երկկողմ բանակցություններ է վարել Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների հետ: Ի դեպ, նախատեսված էր, որ Ուկրաինան պետք է միանար Մաքսային միությանը, բայց այդ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի այցը վերջին պահին անսպասելիորեն հետաձգվեց: Մինչդեռ ակնկալվում էր, որ Յանուկովիչը փորձելու է Մոսկվայում հասնել համաձայնության, որպեսզի Ուկրաինան հնարավորինս ցածր սակագին վճարի ռուսական գազի դիմաց։ Միեւնույն ժամանակ Կրեմլն էլ ցանկանում է, որ Ուկրաինան միանա Մաքսային միությանը: Ռուսաստանցի բարձրաստիճան մի պաշտոնյա, ում անունը չհրապարակվեց, օրերս հայտարարել էր, թե միանալով Մաքսային միությանը՝ Ուկրաինան կարող է ավելի ցածր սակագին վճարել ռուսական բնական գազի դիմաց։ Ռուսական «Նեզավիսիմայա գազետան» երեկ հայտնում էր, թե Յանուկովիչի այցը ռուսական կողմի նախաձեռնությամբ է չեղյալ հայտարարվել այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ նա չի պատրաստվում «կարեւոր փաստաթղթեր» ստորագրել:
Ինչեւէ, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Սերժ Սարգսյանը որեւէ փաստաթուղթ չի ստորագրել: Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Մոսկվայում դեկտեմբերի 19-ին տեղի են ունեցել այլ միջոցառումներ, որոնց, սակայն, Ս. Սարգսյանը չի մասնակցել, մասնավորապես խոսքը ԵվրԱզԷս-ի գագաթնաժողովի ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի մասին է, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները: Ասել է թե՝ Մոսկվայում պետք է որոշվեր Հայաստանի՝ ԵվրԱզԷս-ին կամ գոնե Մաքսային միությանը անդամագրվելու հարցը, սակայն Ս. Սարգսյանի մոսկովյան այցի ընթացքում այս հարցում կարծես որոշակիություն չի արձանագրվել: Ս. Սարգսյանին հաջողվե՞լ է դիմադրել Կրեմլի ճնշումներին, թե՞ պարզապես Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի այցի չեղյալ հայտարարելը խառնել է Մոսկվայի ծրագրերը… Սա թերեւս մի հարց է, որի պատասխանը պարզ կլինի մոտ ապագայում:
Սակայն մինչ Ս. Սարգսյանը Մոսկվայում էր՝ Եվրասիական տնտեսական ինտեգրման կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն բավական ուշագրավ հայտարարություն է արել՝ Հայաստանը համեմատելով Կալինինգրադի մարզի հետ՝ նշելով, որ ինչպես Կալինինգրադն է էքսկլավ Ռուսաստանի համար, այդպես էլ Հայաստանը Մաքսային միության համար կլինի էքսկլավ, եւ որեւէ արտառոց կամ անհնար բան չկա: Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանի այցից առաջ Խրիստենկոն նշել էր, որ Հայաստանն ու Մաքսային միությունը հուշագիր կստորագրեն գալիք տարվա սկզբին: Կարելի է ենթադրել, որ համաձայնագիր կարող է ստորագրվել Պուտինի՝ Հայաստան ժամանելու օրերին, որը ակնկալում են տարեսկզբին:
Մյուս ուշագրավ իրադարձությունն այն է, որ Մոսկվայում ընդունվել է ՀԱՊԿ առաջնորդների հայտարարությունը, համաձայն որի՝ ՀԱՊԿ անդամ երկրները մտադիր են ստեղծել հավաքական ագրեսիային դիմակայող պոտենցիալ: Փաստաթղթում նշվում է, որ ռազմական համագործակցության ոլորտում առաջնահերթ ուշադրություն պետք է դարձնել հուսալի պոտենցիալի ստեղծմանը՝ ագրեսիայի եւ անդամ պետությունների դեմ ցանկացած ուժային ակցիայի դիմակայելու համար: Հայտարարության մեջ նշվում է, որ միութենական հարաբերությունների հետագա խորացմանը կնպաստի ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքային օբյեկտների մասին 2011թ. դեկտեմբերի 20-ին ստորագրված արձանագրության ուժի մեջ մտնելը: ՀԱՊԿ հավաքական ուժերին կտրամադրվեն ավիացիա եւ հատուկ գործողությունների ուժեր՝ հայտարարել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նրա խոսքերով՝ ՀԱՊԿ զորքերի մեջ ներառվել է նախկինում գոյություն ունեցած ՀԱՊԿ ռազմական բաղադրիչը, այդ թվում՝ արագ արձագանքման հավաքական ուժեր, խաղաղապահ զորախմբեր եւ այլն:
Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ՀԱՊԿ-ը սկսել է խաղաղարար օպերացիաների անցկացման նախապատրաստությունը՝ ընդգծելով ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտելու անթույլատրելիությունը, քանի որ դա նրա խոսքով՝ կարող է հանգեցնել ամենալուրջ հետեւանքների:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ