Ասում է «Գելափ» կազմակերպության ներկայացուցիչը
Երեկ կայացած ասուլիսում ներկայացվեցին «Արմնյուզի» պատվերով կատարված եւ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի ու Բալթյան հետազոտությունների՝ Gallup կազմակերպության կողմից անցկացված հարցումների արդյունքները:
Հայաստանի 1020 չափահաս քաղաքացիների շրջանում Gallup կազմակերպության անցկացրած հանրապետական հարցումների արդյունքում հարցվածների 42 տոկոսը փետրվարի 18-ին նախատեսված նախագահական ընտրություններին հաստատ կմասնակցի, 36 տոկոսը՝ հավանաբար կմասնակցի, 11 տոկոսը՝ հավանաբար չի մասնակցի, 7 տոկոսը հաստատ չի մասնակցի, իսկ 4 տոկոսը դեռ չգիտի:
Հարցվածների 49 տոկոսը քվեարկելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին, 21 տոկոսը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին է նախընտրել, 6 տոկոսը՝ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, 5 տոկոսը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին, 3 տոկոսը՝ Վահան Հովհաննիսյանին, 2 տոկոսը՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին, 1 տոկոսը՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին:
Կարդացեք նաև
Ասուլիսի բանախոսը՝ Gallup-ի ներկայացուցիչ տիկին Ալիշառուսկիեննեն, նաեւ ասաց, որ Ծառուկյանին նախընտրած հարցվածներից հետաքրքրվել են, թե նրանց նախընտրած երկրորդ թեկնածուն ով է, նրանցից 36 տոկոսը Ծառուկյանի չառաջադրվելու դեպքում ասել են՝ կընտրեն Սերժ Սարգսյանին, 13 տոկոսը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, 4 տոկոսը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, 18 տոկոսը՝ այլ թեկնածուի, իսկ 20 տոկոսը պատասխանել է՝ չգիտեմ:
Հարցումների շրջանակում մասնագետները հետաքրքրվել են նաեւ այն մասին, թե ո՞ւմ չէին ընտրի քաղաքացիները: Պարզվել է, որ 39 տոկոսը «երբեք չի ընտրի» Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ոչ մի դեպքում ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին չի ընտրի հարցվածների 16 տոկոսը, Ռոբերտ Քոչարյանին՝ 12 տոկոսը, Սերժ Սարգսյանին՝ 11 տոկոսը, Րաֆֆի Հովհաննիսյանին՝ 7 տոկոսը, Հովիկ Աբրահամյանին՝ 6 տոկոսը, Վարդան ՕսՕսկանյանին՝ 5 տոկոսը, Գագիկ Ծառուկյանին ու Վահան Հովհաննիսյանին՝ 4 տոկոսը, իսկ Հրանտ Բագրատյանին՝ 3 տոկոսը:
News.am-ին տված հարցազրույցում Ռասա Ալիշառուսկիեննեն խոսել է հասարակական անվստահության կոնտեքստում արված հարցումների մասին ու նշել, որ այդ խնդիրն առկա է գրեթե բոլոր հետխորհրդային երկրներում: «Մենք դրան բախվում ենք շատ երկրներում, քանի որ խորհրդային շրջանում հասարակական կարծիքի հարցումներ չեն կատարվել: Հասարակությունը շատ քիչ բան գիտի այն մասին, թե ինչպես են անցկացվում սոցիոլոգիական հարցումները, ինչի հետ է դա կապված, եւ ինչ են դրանք ցույց տալիս: Պետք է ժամանակ անցնի, որպեսզի մարդիկ համոզվեն նման հետազոտությունների անհրաժեշտության մեջ»,- ասել է նա: Տիկին Ալիշառուսկիեննեն նաեւ հավելել է, որ երբեմն խնդիրներ են ծագում քաղաքական հարցումներ անցկացնելիս, երբ այս կամ այն քաղաքական գործիչները ցածր տոկոսներ են ստանում. «Այդպես է լինում ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի այլ երկրներում: Քիչ տոկոսներ ստացած քաղաքական գործիչները անվստահություն են հայտնում հարցման արդյունքներին, փոխանակ ինչ-որ քայլեր ձեռնարկեն իրենց վարկանիշը բարձրացնելու համար»:
Ինչ վերաբերում է Հայաստանում իրականացրած հարցումներին՝ «Գելափի» ներկայացուցիչը հիշեցրել է, որ ստացված արդյունքները բնորոշում են ընթացիկ իրավիճակը: Ռասա Ալիշառուսկիեննեն նշել է, որ հանրային կարծիքի պատկերը կախված կլինի այն բանից, թե կոնկրետ ովքեր կմասնակցեն նախագահական մրցավազքին: «Ներկա պահին Սերժ Սարգսյանը շատ առաջ է, սակայն իրավիճակը կարող է փոխվել՝ կախված այլ թեկնածուների առաջադրումից»,- նկատել է նա:
Gallup կազմակերպության անցկացրած հարցումները իրականացվել են դեկտեմբերի 5-16-ը:
Մ. ՂԱԶԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ