Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վերջի սկիզբը

Դեկտեմբեր 21,2012 13:14

Վերջ, տեղ հասանք։ Արդեն պաշտոնապես իրականություն են դառնում այն կանխատեսումները, որ եթե Հայաստանը շարունակի «զարգանալ» նույն տեմպերով, շատ մոտ ապագայում մեր երկիրն ընդամենը դառնալու է արոտավայր՝ հարեւան խաշնարած ցեղերի համար։

Երեկ հայտնի դարձավ, որ առաջիկայում Հայաստանի եւ Իրա¬նի միջեւ համաձայնագիր է ստորագրվելու, որի համաձայն՝ Սյունիքի մարզը վարձակալությամբ արոտավայրեր է տրամադրելու Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգին, եւ նրանք այստեղ հինգ հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն են պահելու։ Ուշադրություն դարձրեք՝ խոսքն Արեւելյան Ադրբեջան նահանգի մասին է, որի բնակչության մոտ 80 տոկոսն ազգությամբ ադրբեջանցիներ են։ Հենց նրանք էլ վարձակալելու են Սյունիքի մարզի արոտավայրերը։ Պայմանագիրն առայժմ հինգ տարով է ստորագրվում, խոսքն առայժմ ընդամենը հինգ հազար գլուխ անասունի մասին է, բայց կարեւորը սկիգբն է։ «Համագործակցության ընդլայնումը» տեխնիկայի խնդիր է, եւ հասկանալի է, որ կովերին հետեւելու են ոչխարի հոտերը՝ արդեն հարյուր հազարներով (ու համապատասխան «սպասարկող անձնակազմով»):

Համաձայնվեք՝ այս ամենի մեջ նաեւ հզոր սիմվոլիկա կա։ Ինքն իրեն դարաբաղյան պատերազմի հերոս ներկայացնող նախագահը, առաջնորդվելով «Նժդեհյան գաղափարախոսությամբ», նույն այդ Նժդեհի փրկած Սյունիքը վարձակալությամբ տալիս է ադրբեջանցիներին։ Եվ ոչ մի նշանակություն չունի, որ այդ ադրբեջանցիներն Իրանի քաղաքացիներ են։ Անհնար է, չէ՞, պատկերացնելը, որ որեւէ հայ, թեկուզ՝ ԱՄՆ քաղաքացի, կկարողանա տարածքներ վարձակալել Ադրբեջանում։ Բայց Սերժ Սարգսյանի «մեթալիտետն» ուրիշ է։ Հիշո՞ւմ եք, մի երկու տարի առաջ էլ հրապարակավ հայտարարեց, թե եթե Ադրբեջանը լուրջ ներդրումներ անի Ղարաբաղում, գուցե ղարաբաղցիները ցանկություն հայտնեն մնալ Ադրբեջանի կազմում։ Հիմա փաստորեն Արևելյան Ադրբեջան նահանգը ներդրումներ է անում Սյունիքում, «մերոնք» էլ մտածում են՝ դե անիմաստ աճող խոտ ա (մեր գյուղացիները վաղուց գերադասում են ասֆալտ փռել Ռուսաստանի տարբեր քաղաքներում), տանք ադրբեջանցիներին, ինչ էլ տան՝ քյար ա։

Փաստորեն, մեկ-երկու տարի առաջ, երբ Սերժ Սարգսյանը բոլորին կոչ էր անում կանգնել գյուղացու կողքին, ադրբեջանցի գյուղացիներին նկատի ուներ։ Համենայն դեպս՝ որեւէ հայ գյուղացի չի նկատել, որ իր կողքին ինչ-որ մեկը կանգնած է (հասկանալի է՝ բացի հարկեր հավաքողներից): Բայց նժդեհականներն ինչ անում են՝ էլի հայ գյուղացու համար են անում։ Արոտավայրերի վարձակայության դիմաց, օրինակ, ոչ թե փող են վերցնելու, այլ Արեւելյան Ադրբեջանում արտադրված տրակտորներ։ Իսկ հիշո՞ւմ եք, թե մի քանի ամիս առաջ ինչ հիսթերիա էին բարձրացրել նժդեհականները, երբ ԲՀԿ-ն գյուղերին տրակտորներ էր նվիրում։ Պարզվում է՝ ադրբեջանցիներից վերցնելը նրանց համար ավելի ընդունելի է։ Իսկ «Սյունյաց արծիվները», ոնց էլ լինի, ըմբռնումով կմոտենան, վերջին հաշվով, պետական կարեւորության խնդիր է լուծվում, համ էլ՝ հո հիմար չե՞ն, որ ընդդիմանան իրենց առաջնորդի որոշմանը։

Մի խոսքով՝ իրականությունը սա է. բանն այնտեղ է հասել, որ տարածաշրջանի՝ տարածքով ամենափոքր եւ արոտավայրերով ամենաաղքատ երկիրն իր տարածքը վարձակալությամբ տրամադրում է հարեւաններին։ Եվ սա՝ այն դեպքում, երբ այդ երկիրն իրեն անհրաժեշտ գյուղմթերքների գոնե կեսը չի կարողանում արտադրել։ Որովհետև արտադրող չկա, երկիրր դատարկվել է։ Իսկ ինչպե՞ս է վարվում բիզնեսմենը, եթե որոշել է կամաց-կամաց «փակել բիզնեսը»։ Ճիշտ է. սկսում է տարածքը վարձով տալ։ Երեւանում ամենաշատը հենց այդ ցուցանակներն են տարածված, «տարածքը վաճառվում է կամ տրվում է վարձով»։ Հայաստանի դեպքում, հասկանալի է, վաճառքը բացառված է (որեւէ մեկը թույլ չի տա), դրա համար էլ վարձով են տալիս։ Թե ում՝ նշանակություն չունի, «բիզնեսն ազգություն չի ճանաչում»։ Իսկ Սերժ Սարգսյանը հենց որպես բիզնեսմեն էլ ղեկավարում է երկիրը։

Այնպես որ, մի քանի օր առաջ նրա արտասանած պաթետիկ ճառը փոքը-ինչ թերի է։ Պետք էր ավելի ազնիվ լինել եւ մինչեւ վերջ ասել ճշմարտությունը՝ «Սա Հայաստան է, եւ վերջ, պարզապես տրվում է վարձով»։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31