Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Էս ի՞նչ պրովոկացիոն հարցեր եք տալիս»

Դեկտեմբեր 21,2012 12:47

Հարցազրույց Լեւոն Ազատի Սարգսյանի հետ

– Պարոն Սարգսյան, Ձեր ընտանիքում ամենաընդունակ երեխան երեք եղբայրներից ո՞ր մեկդ է եղել։

– Ծնողներիցս հարցրեք, ինչո՞ւ եք ինձ հարցնում։

– Իսկ ո՞վ էր ձեզնից ավելի լավ հաշվում, այսօր արդեն տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանը, մինչև այս էնդշպիլը, բոլոր գործընթացները «նա բիս» հաշվեց։

– Բա, եթե ինքը գտնվում է քաղաքականության մեջ, պե՞տք է հաշվի, թե՞ ոչ. բա ո՞վ հաշվի, եթե ոչ ինքը։

– Իսկ ձեր մանկության օրերին այդ հատկանիշը, այդ ձիրքը նրա մեջ նկատո՞ւմ էիք։

– Իհարկե, նա մեր ավագ եղբայրն է։ Կրտսեր եղբոր համար ավագ եղբայրը բոլոր բնագավառներում միշտ ձգտելի է։

– Իր ո՞ր հատկանիշն է Ձեզ համար ամենա-ամենաձգտելին։

– Բոլոր հատկանիշներն էլ, բայց հատկապես ազնվությունը, պարզությունը և բարությունը։

– Դուք փոքր ժամանակ մտածո՞ւմ էիք, որ ինքը կմեծանա, կդառնա «կոսմոնավտ»՝ նախագահ։

– Ոչ, իհարկե։ Ես գիտեի, որ եղբայրս դպրոցն ավարտելուց հետո անպայման բարձրագույն կրթություն կստանա և հասարակության համար պիտանի մարդ կդառնա։

– Ինքն իր տեսակով Ձեր հո՞րն է նման, թե՞ մորը։

– Վայ, կդժվարանամ ասել, գիտե՞ք։ Անկեղծ՝ դժվարանում եմ։

– Նրանցից ո՞վ էր ավելի «հումանիտար»։

– Կրթությո՞ւնը նկատի ունեք, նրանք երկուսն էլ բանվոր մարդիկ են եղել. 37 թվականը թույլ չի տվել, որ նրանք սովորեն։

– Չէ, հումանիստը նկատի ունեմ։ Ուզում եմ հասկանալ՝ կարմայական կապով Ձեր մեծ եղբայրը դեպ ո՞ւր է գնում։

– Կարմայական կա՞պը որն է. էդ հնդկական տերմին է՞։

– Արևելյան փիլիսոփայական կատեգորիա է. Դուք դա շատ լավ գիտեք։

– Ես արաբագետ եմ, արաբագիտության մեջ կարմայական կապ չկա։

– Իսկ հե՞շտ է լինել նախագահի եղբայր։

– Չգիտեմ, երևի և հեշտ է, և դժվար։

– Ձեր եղբայրներից որի՞ն եք ավելի շատ սիրում։

– Երկուսին էլ։ Էս ի՞նչ պրովոկացիոն հարցեր եք տալիս, ես չեմ հասկանում։

– Վերջին պրովոկացիոն հարցը, տեսակետ կա, որ քաղաքական «կոնկուրենտ ֆիրման» փորձում է Սերժ Սարգսյանի խիստ հաշվարկված ընթացքը կասեցնելու համար հետեւյալ «պլան-բարբարոսը» կիրառել, հնարավորինս «ճ» կլասի թեկնածուներ առաջադրել՝ Սուրենավանից և այլ «ավաններից», որպեսզի նախագահական ընտրություններն անլրջանան, վերածվեն «կլոունադայի»։ Որպեսզի գործընթացը փսորվի։

– Դե եթե, Ձեր բնութագրմամբ, «կոնկուրենտ ֆիրման», իմ հասկանալով՝ քաղաքական ընդդիմախոսները, ուժեղ է, թող դուրս գա և բաց դաշտում ընդդիմախոսի, պայքար մղի, իսկ եթե, Ձեր ասած, «ճ» կլասի թեկնածուներ են դնում, դա արդեն իրենց խնդիրն է։

– Դա նաև քաղտեխնոլոգիա է:

– Ես քաղաքագետ չեմ։

– «Կոնկուրենտ ֆիրման» ցանկանում է «այդով» հարցականի տակ դնել Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը։

– Ինքը միշտ եղել է լեգիտիմ։ Ինքը եղել է միշտ շատ լուրջ։ Եվ անլուրջ թեկնածուների խնդիրն իր խնդիրը չէ, դա հասարակության խնդիրն է։ Եթե հասարակությունը զարգացած է ու կայացած, միշտ կլինեն լուրջ մրցակիցներ։

«Պրովոկացիոն» հարցերը՝ Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31