Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշխարհի վերջին պետք չէ պատրաստվել

Դեկտեմբեր 21,2012 12:39

PanArmenian Photo

«Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ պետք է անենք մենք այսօր, երբ ողջ աշխարհը պատրաստվում է աշխարհի վերջին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ փոխնախագահ Արմեն Երիցյանը պատասխանեց. «Նոր տարվան պատրաստվեք։ Ես առաջարկում եմ աշխարհի վերջին չպատրաստվել, եթե ինչ-որ մի ազգություն պետք է վերանա, ապա մենք նրանց թվին չենք դասվում, դա մեզ հետ ընդհանրապես կապ չունի»։ Նախարարը հավելեց նաեւ, որ եթե աշխարհի վերջը լիներ, ապա իրենք ԱԻՆ շենքի բացմանը չէին նախապատրաստվի եւ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին այդ միջոցառմանը չէին հրավիրի։

– Պարոն Երիցյան, ամբողջ աշխարհը պատրաստվում է աշխարհի վերջին, Դուք՝ որպես ԱԻ նախարար, ի՞եչ քայլեր եք անում՝ կանխելու աշխարհի վերջը։

– Նախ պետք է այդպիսի բաների չհավատալ։ Երկրորդ՝ ընդհանրապես, երբ վերցնում ենք մայաների օրացույցը, նման բան չկա, ես դա խորությամբ եմ ուսումնասիրել։ 2000թ., երբ ԱՄՆ-ում հայտնաբերեցին այդ մեռած Մայա քաղաքը, այդ ժամանակ տնակի նման մի բան են հայտնաբերել, որը 840-ական թվականների էր, որտեղ պատի վրա գրված է եղել նաեւ Մայայի օրացույցը։ Այնտեղ նշված է եղել, որ մարդկանց մոտ 6 հազար տարվա պատմություն կա։ Այնտեղ կոնկրետ գրված է եղել, որ լինելու է սերնդափոխություն, բայց աշխարհի վերջ եւ այլն՝ նման բան գրված չի եղել։ Դա բիզնես ծրագիր է, որը լուրջ բիզնեսմեններն ամեն օր շրջանառության մեջ են դնում։ Եւ հիմա Հայաստանում էլ կան նման բիզնեսմեններ, ովքեր ուզում են իրենց «չեղած» ապրանքները վաճառել։ Ասեմ նաեւ, որ իմ երեխաներն էլ են սկսել հավատալ, ամեն օր ասում են՝ պա՛պ, բա մենք սրանից չառնե՞ք, ո՞նց պատրաստվենք, լույս չի լինելու, մութ է լինելու, բայց կարող եմ ասել, որ նման բան չկա։

– Այսինքն՝ նման կանխատեսումներ անող գիտնականները խելագարության կանխավարկածո՞վ են առաջնորդվում։

– Ես տարբեր գիտնականների աշխատություններ եմ ուսումնասիրել, բայց այդպես կոնկրետ գիտնական, որ նման բան ասի, չկա։ Ես մի բան եմ առաջարկում՝ ոչ թե պատրաստվենք աշխարհի վերջին, այլ պատրաստվենք Նոր տարվան։ Եթե ինչ-որ ազգություն պիտի վերանա, ապա մենք նրանց թվին չենք դասվում, դա մեզ հետ ընդհանրապես կապ չունի։

– Հոլանդացի Յոհան Գյուբերսը 20 տարի պատրաստվել է դեկտեմբերի 21-ին, անգամ Նոյան տապանի պես մի կառույց է պատրաստել, կենդանիներ է վերցրել իր հետ, որպեսզի այդ օրը պատսպարվեն։

– Մեզ նման բան պետք չէ, հիմա այդ մարդն էլ այդ շեղումն ունի։ Ես կարծում եմ, որ դա լուրջ շեղում է, եւ միայն կարող եմ ցավակցել նրան՝ որպես գիտնականի։ Այս ամենն ասում եմ ավեփ քան վստահ, որովհետեւ դեկտեմբերի 22-23-ի հետ կապված՝ շատ պլաններ ունեմ։ ԱԻՆ շենքը պիտի բացեմ, որին երկրի նախագահին եմ հրավիրել: Եթե ես իմանայի, որ դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջն է, ես իմ շենքի բացումը կանեի 18-ին։

– Որքան էլ փորձեք հակառակը համոզել, միեւնույն է, ողջ աշխարհը պատրաստվում է աշխարհի վերջին, իսկ Հայաստանում ամբողջ քաղաքական դաշտի միակ անհանգստությունն այն է, թե ԲՀԿ-ն ինչու չսատարեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Ըստ Ձեզ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վախեցրի՞ն, ճնշո՞ւմ գործադրեցին նրա վրա։

– Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը շատ լուրջ եւ ուժեղ քաղաքական գործիչ է, եւ եթե Ծառուկյանն իր թեկնածությունը չի դնում, դա միայն իրեն պատիվ է բերում։ Գիտեք, որ ԲՀԿ-ն էլ իր հետետւմ կանգնած ժողովուրդ ունի, որ իր հետեւից կգնա։ Բայց ես համոզված եմ, որ մի մեծ զանգված կա, որ Սերժ Սարգսյանի հետեւից է գնում։ Կարծում եմ, որ մեր երկրին լուրջ կատակլիզմներ պետք չեն, որովհետեւ բոլոր կողմերից, ատամները «սրած», դրան են սպասում։ Այնպես որ, շատ խելացի որոշում է կայացրել Ծառուկյան Գագիկը։ Ես կարծում եմ, որ դա իր սահմանադրական իրավունքն է՝ Սարգսյանին սատարելը կամ չսատարելը։

– Պարոն Երիցյան, առաջինը ՕԵԿ-ն էր հայտարարել, որ նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, բայց վերջինս ընդամենը օրեր առաջ է հայտարարել իր առաջադրման մտադրության մասին։ Եւ ՕԵԿ-ի այդ պահվածքը ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը համարեց երրորդ դասարանցու տրամաբանությունից զուրկ վարք, երբ չկա թեկնածու, ինչպե՞ս կարելի է սատարել նրան։

– Դա եղել է ՕԵԿ-ի դիրքորոշումը եւ մեր կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի որոշումը։ Մենք ասել ենք, որ եթե Սերժ Սարգսյանն իր թեկնածությունն առաջադրի, ապա մենք լինելու ենք իր կողքին։ Ու եղանք։

Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31