Որքան էլ Թուրքիան բախվի ներքին եւ արտաքին դժվարություններին, PKK-ի հետ կռիվները գրեթե ամեն օր նոր զոհեր պատճառեն եւ աննախադեպ սրվեն նրա հարաբերությունները անմիջական հարեւաններ Սիրիայի, Իրաքի ու Իրանի հետ, ավելին, տարածաշրջանում առանցքային դերակատարումը նա հեշտությամբ զիջի Եգիպտոսին, միեւնույն է, Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը որպես առանջնահերթ խնդիր շարունակում է զբաղեցնել Անկարայի օրակարգը:
Պարզապես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալումը, սպառելով թուրքական ժխտողականության դիրքերը, սահմանափակել է ճանաչմանը հակաքայլերով արձագանքելու Թուրքիայի հնարավորությունները: Սպառման գիտակցումը նրան հավասարակշռությունից հանում եւ խուճապի է մատնում: Խուճապային տրամադրություններով էլ նա ծովում խեղդվող մարդու նման կառչում է փրփուրներից:
Թերեւս այդպիսի մի փրփուր պետք է համարել Անկարայում գործող Լոբբիստական ռազմավարական հետազոտությունների կենտրոնը, որը արշավ է կազմակերպել, որ բողոքարկի այն երկրների որոշումները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը կամ կանգնեցրել Մեծ եղեռնի հուշարձաններ: Թվում է, թե այս արշավով նշված կենտրոնն էլ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի առնչությամբ Թուրքիայում մատնված խուճապն է արտահայտում, ինչի մասին նշել ենք:
Haberx.com-ի վկայությամբ, Լոբբիստական ռազմավարական հետազոտությունների կենտրոնը արշավի մասին տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է. «1920-ին Աթաթուրթի ռուսներին ներկայացրած բողոքի նոտայից զատ, 1915-ից ի վեր Թուրքիայի արտգործնախարարությունը ոչ մի նոտա չի հղել Հայոց ցեղասպանությունը օրինագծով ճանաչող երկրներին: Ցեղասպանության ճանաչման օրինագիծն ընդունած երկրների թիվը 22 է, իսկ Մեծ եղեռնի հուշարձան կանգնեցրածներինըՙ 30: Ընդհանուր առմամբՙ աշխարհում այդպիսի 132 հուշարձան է կանգնեցվել: Մեր արշավին մասնակցողների թիվը գերազանցում է 10 հազարը: Մասնակիցների թվում են 300 պրոֆեսոր եւ 100 փաստաբան: Այս արշավով վերջ է դրվում մեր 97-ամյա լռությանը: Մենք Անկարայում հայերին աջակցող երկրների դեսպանատներին ցույց տվեցինք, որ թուրքերն այլեւս լուռ չեն մնալու»:
«Ազգ»