Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մշակույթի փոխնախարար. «Մատաղ սերնդի ազգային դաստիարակության առումով որոշակի բացեր են ի հայտ եկել»

Դեկտեմբեր 21,2012 12:15

Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունում փոխնախարար Արթուր Պողոսյանը լրագրողներին ներկայացրեց ՀՀ կառավարության 2012 թ. նոյեմբերի 15-ի նիստում հավանության արժանացած մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թվականների ծրագիրը:

Փոխնախարարի խոսքով. «Վերջին տարիներին մատաղ սերնդի ազգային, մշակութային դաստիարակության առումով որոշակի բացեր են ի հայտ եկել, որոնք մտահոգում են մշակույթի նախարարությանը եւ կառավարությանը, որը հանձնարարել էր շահագիգիռ նախարարությունների հետ այս տարի մշակել  համապատասխան ծրագիր, որը մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության գործում նաեւ նոր մեթոդներ կներդնի»:

Ներկայացնելով ծրագրի հիմնական ուղղությունները` Արթուր Պողոսյանը նշեց, որ աշխատանքներ կտարվեն հանրակրթական համակարգում ներառված պատանիների եւ մանուկների հետ` մանկապարտեզից մինչ ավագ դպրոց. «Քանի որ այդ համակարգի մանուկները եւ պատանիները մեր վաղվա քաղաքացիներն են, խնդիր է դրվում նրանց ազգային արժեքների հիման վրա եւ մշակույթին մոտ դաստիարակություն տալ` հենց մանկապարտեզից սկսած: Իհարկե, հանրակրթական համակարգում գոյություն ունի մշակութային բաղադրիչ, բայց մենք փորձել ենք այն հարստացնել կոնկրետ կրթական ծրագրերով եւ առաջարկներով: Օրինակ, մանկապարտեզներում գործում են խմբակներ, սակայն ուսումնասիրությունների արդյունքում եկել ենք եզրահանգման, որ դրանք իրականացվում են ոչ պրոֆեսիոնալ ձեւով, եւ անհրաժեշտ է գիտամեթոդական մոտեցում: Այդ պատճառով ԿԳ նախարարության հետ համագործակցելով` առաջարկում ենք ստեղծել գիտամեթոդական ձեռնարկներ»:

Փոխնախարարը նաեւ նշեց, որ ծրագրում ներառված է  մշակութաբանություն, գեղագիտություն, ազգագրություն առարկաների ուսումնամեթոդական ձեռնարկների հրատարակումը, որը կիրականացվի ԿԳ նախարարության հետ:

Պողոսյանը հայտնեց, որ հիմնական դպրոցներում կներդրվի Ազգային երգ եւ պար առարկան, իսկ ավագ դպրոցում` Համաշխարհային մշակույթի պատմություն առարկան. «Բացի այդ, մշակույթի նախարարությունը կտպագրի «Դպրոցականի գրադարան» խորագրով մատենաշարը, իսկ մինչ 2013թ-ի վերջը ծրագրվում է ստեղծել Մշակույթի ազգային ինստիտուտ: Ծրագրում  ներառված են նաեւ բազմաբնույթ եւ բազմաթիվ մանկական միջոցառումներ»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31