Մեկնարկում է ընդդիմադիր ուժերի համագումարների շարքը:
Նախագահական ընտրություններին մասնակցության ձեւաչափը հստակեցնելու եւ իրենց որոշումները հրապարակելու նպատակով կուսակցական հավաքներ են անցկացնելու «Հանրապետություն», «Ժառանգություն» կուսակցությունները եւ Հայ ազգային կոնգրեսը, ՀՅԴ-ն, «Ազատություն» կուսակցությունը:
Նկատենք, որ ընդդիմադիր ուժերից «ամենահամարձակը» ՀԱԿ-ից դուրս եկած «Հանրապետություն» կուսակցությունն է, որն իր համագումարն անցկացնելու է այսօր՝ չերկնչելով «աշխարհի վերջի» մասին ազդարարվող բանդագուշանքներից:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե «Հանրապետության» ղեկավար Արամ Սարգսյանը անպայման իր թեկնածությունն է առաջադրելու 2013-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում: Իսկ երբ Արամ Զ.Սարգսյանը մեկնեց Միացյալ Նահանգներ, շատերը աներկբա պնդեցին, թե «Զավենիչը ԱՄՆ-ից դաբրոյով է գալու եւ որպես արեւմտամետ գործիչ նրա հաղթելու հնարավորությունները մեծանում են»:
Վերջին օրերին, սակայն, Արամ Զավենիչի զինակիցները անտրամադիր ակնարկում են, որ իրենց կուսակցական ղեկավարի շանսերը փոքր են, այնպես որ նրա առաջադրումը անիմաստ է: Ավելին՝ հայտարարում են, որ իրենք խորհուրդ չէին տա նրան, որ առաջադրվեր:
«Հանրապետության» քաղխորհրդի անդամների այս տրամադրություններից կարելի է ենթադրել, որ այսօրվա համագումարում Արամ Զավենիչը իր առաջադրման վերաբերյալ սենսացիոն հայտարարություն չի անի: Եթե նա իր թեկնածությունը չի առաջադրում, ապա հազիվ թե կուսակցությունը որոշի սատարել ընդդիմադիր ուժերից որեւէ թեկնածուի: Համենայն դեպս քաղխորհրդի անդամներն իրենց հրապարակային ելույթներում նման մտադրության մասին ոչինչ չեն ասել:
Այնպես որ «Հանրապետություն» կուսակցության դեպքում կարծես թե ամեն ինչ պարզ է: Եթե, իհարկե, այսօրվա համագումարում «էքսցեսներ» չարձանագրվեն:
Իսկ ահա «Ժառանգություն» կուսակցության պարագայում ամեն բան հայտնի էր դեռ վաղուց, որի համագումարը տեղի է ունենալու վաղը` դեկտեմբերի 22-ին:
Հայտնի է այն առումով, որ «Ժառանգության» ղեկավարը դեռեւս հոկտեմբերի 1-ին հայտարարեց, որ առաջադրելու է իր թեկնածությունը: Ավելին՝ հավակնում է լինել «հավաքական թեկնածու»: Թե ինչ է դա նշանակում, մինչ օրս չի բացատրել, ավելի ճիշտ, այդ մասին քանիցս եւ երկար խոսել է, սակայն ոչ ոք այդպես էլ չի հասկանում, թե ինչ է դա: Ոմանք շփոթում են միասնական թեկնածուի հետ, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորում է «հավաքական թեկնածուն» եւ միասնական թեկնածուն չխառնել իրար:
Ինչեւէ, վաղը «Ժառանգությունը» հրավիրում է բոլորին «համապարփակ հանրային ժողովի», որը տեղի է ունենալու «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում:
«Քաղաքացիական հասարակության եւ քաղաքական գործընթացների միջեւ արհեստական ջրբաժանը կամրջելուն միտված այս յուրահատուկ հավաքը բաղկացած կլինի քաղաքացիների ելույթներից եւ երաժշտական կատարումներից: Հովհաննիսյանը հանդես կգա հիմնական հայտարարությամբ, եւ հավաքը կավարտվի «Ժառանգություն» կուսակցության հակիրճ ու հատուկ համագումարով»,- ծանուցում է կուսակցության լրատվական ծառայությունը:
Մի քիչ թարս ու շիտակ է, բայց դե սովոր ենք «Ժառանգության» յուրահատուկ ոճին: Փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանն իր հիմնական հայտարարությունն անելու է ոչ թե կուսակցության հակիրճ ու հատուկ համագումարում, այլ «համապարփակ հանրային ժողովում»` երգ ու պարից հետո:
Այն, որ «Ժառանգությունն» ու նրա առաջնորդն իրենց քաղաքական գործունեությունը պարբերաբար զարդարում են համերգային ծրագրերով, նորություն չէ: Հիշենք 2010-ի մարտին Րաֆֆի Հովհաննիսյանի «Ծոմ ազատության» ակցիան Թատերական հրապարակում, որն ավարտվեց երաժշտական կատարումներով. ազգագրական խմբերը, ասմունքողներն ու երգիչները իրենց ելույթներով «ծաղկեցրին» Հովհաննիսյանի ծոմից դուրս գալու «պատմական պահը»:
Նույն կերպ «Ժառանգությունը» նշանավորեց խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին հայտարարություն անելու պահը:
Դե, հիմա էլ երգ ու պարով մտնում են նախագահական ընտրապայքարի մեջ:
Հայտնի չէ, սակայն, այս անգամ Ձախ Հարութը երգելո՞ւ է, թե՞ ոչ:
Վաղը Հովհաննիսյանն անշուշտ հայտարարելու է իր թեկնածությունն առաջադրելու մասին, իսկ ինչպես արդեն գիտեք, նրան միայն պակասում է առաջադրման համար անհրաժեշտ գումարը, ինչը ձեռք բերելու համար «Ժառանգության» առաջնորդը հանգանակություն էր կազմակերպել: Հավանաբար իր հիմնական հայտարարության մեջ նա կանդրադառնա նաեւ հանգանակության արդյունքներին:
Այնպես որ անակնկալներ հազիվ թե կարելի է սպասել «Ժառանգության» հանրային ժողովից կամ հակիրճ համագումարից:
Որոշ առումով անակնկալներ կարելի է սպասել ՀՀՇ համագումարից, որը նույնպես տեղի է ունենալու շաբաթ օրը: Ոմանք ասում են, թե ԲՀԿ որոշումից հետո այժմ ՀԱԿ առաջնորդի որոշման շուրջ է «ծավալվում ներքաղաքական ինտրիգը»:
Ըստ էության, ՀՀՇ-ի վաղվա համագումարում, որին մասնակցելու է Տեր-Պետրոսյանը, հերթական «ինտրիգն» էլ պատմություն կդառնա, քանի որ նշվում է, թե նա հնարավոր է հրապարակի նախագահական ընտրությունների վերաբերյալ իր «անձնական որոշումը», եւ կամ այդ մասին խոսի ակնարկներով:
Բայց քանի որ, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ, այսինքն` Տեր-Պետրոսյանի զինակից Հրանտ Բագրատյանը հայտարարեց նախագահի թեկնածու առաջադրվելու իր ցանկության մասին, չի բացառվում, որ ՀՀՇ համագումարում Տեր-Պետրոսյանը հրաժարվի ակնարկներով խոսելուց եւ ուղղակի հրապարակի իր որոշումը:
Երեկ արդեն ՀԱԿ-ի գործիչներից մի քանիսը հայտարարեցին, որ Բագրատյանի հայտարարությունը պայմանավորված է Տեր-Պետրոսյանի որոշմամբ: Այն է` ՀԱԿ առաջնորդը որոշել է չառաջադրել իր թեկնածությունը, ինչն էլ Բագրատյանին մղել է այդ քայլին:
«Հայոց աշխարհ»