Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին գյուղապետը բողոքում է, որ ոստիկանությունը չի բացահայտում իր 68 խոզերը եւ 2 խոշոր եղջերավոր անասունները թունավորողներին

Դեկտեմբեր 21,2012 10:23

2010թ. սեպտեմբերի լույս 4-ի գիշերը Իջեւան քաղաքի Մետաղագործների-58 հասցեում թունավորել են Գանձաքարի նախկին գյուղապետ Անաստաս Հակոբյանի 2 գլուխ խոշոր եղջերավոր անասունները եւ 68 խոզերը` պատճառելով 5, 5 միլիոն դրամի վնաս: Ա. Հակոբյանը Իջեւանի հակակոռուպցիոն կենտրոնին տեղեկացրել է,  որ դեպքի մասին ինքը նույն օրը հաղորդել է ոստիկանության Իջեւանի բաժին, սակայն այդ օրը նրա հաղորդագրությունը ոստիկանությունում չեն ընդունել եւ համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկել:   Հակոբյանը սեփական նախաձեռնությամբ նմուշներ է վերցրել անկված անասունների մսեղիքից,  անասունների այդ օրվա կերից, խմելու ջրից եւ ստուգման տարել հանրապետական անասնաբուժական համաճարակային եւ ախտորոշիչ կենտրոն: 2010թ. սեպտեմբերի 6-ին այդ ստուգման արդյունքները ստանալով` նա ներկայացրել է ոստիկանության Իջեւանի բաժին,  որից հետո ոստիկանությունում այդ նյութերը գրանցել են: Չանցած մեկ ամիս, փոխվել է գործով քննիչը եւ քրեական գործի վարույթը կասեցվել է: Մեկ տարի ութ ամիս անց  Ա. Հակոբյանն ինքնուրույն ձեռնարկել է գործի բացահայտման միջոցառումներ: Նա գրավոր դիմել է Իջեւանի ոստիկանության բաժին եւ Տավուշի քննչական բաժին`նշելով այն վկայի անունը, որի միջոցով կարող է գործը բացահայտվել,սակայն վկան չի հրավիրվել եւ չի հարցաքննվել: 2012թ. հունվարի 12-ին Իջեւան քաղաքի երկու բնակիչներ գրավոր հայտարարություն են ներկայացրել Անաստաս Հակոբյանին, որ լուրեր ունեն այն մասին, թե նրա անասունները ում միջոցով են թունավորվել: Մայիսի 13-ին Հակոբյանը  դիմել է Տավուշի մարզի դատախազին եւ մայիսի 21-ին դատախազից պատասխան է ստացել, որ իր դիմումի պատասխանը կստանա ոստիկանության Տավուշի քննչական բաժնից: Ա. Հակոբյանը դիմել է Իջեւանի հակակոռուպցիոն կենտրոն: Կենտրոնն այդ դիմումն ուղարկել   ՀՀ Գլխավոր դատախազին, վերջինս էլ  գրությունը հասցեագրել է  Տավուշի մարզի դատախազություն:  2012թ. օգոստոսի 8-ին Տավուշի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության  առաջին դասի խորհրդական Աշոտ Գեւորգյանը գրություն է  ուղարկել  Տավուշի մարզի քննչական բաժնի պետ Կ. Հակոբյանին, հայտնելով, որ քննչական բաժին է ուղարկվում Անաստաս Հակոբյանի դիմումը՝ այն  իրենց վարույթում գտնվող քրեական գործին կցելու եւ համատեղ ընթացք տալու համար: Դատախազ Ա. Գեւորգյանը քննչական բաժնի պետին հայտնել է, որ անհրաժեշտ է ստուգել Ա. Հակոբյանի դիմումի մեջ նշված փաստերը, կատարել անհրաժեշտ քննչական գործողություններ եւ արդյունքների մասին հայտնել դիմումատուին եւ մարզի դատախազությանը: Անաստաս Հակոբյանն  ասաց, որ  ներկայումս քրեական գործը նոր, երիտասարդ քննիչի են տվել՝ Գասպարյան ազգանունով: Հակոբյանի խոսքերով՝   բազմաչարչար գործով նա արդեն երրորդ քննիչն է: Հակոբյանն ասում է , որ ինքը Տավուշի քննչական բաժնում ցուցմունք  է տվել, հայտնել գործի բացահայտման  համար կարեւոր անուններ, փաստեր,նշել  կարեւոր 3-4 վկաների անուններ, սակայն ոստիկանությունը ըստ էության  չի զբաղվում  գործի քննությամբ:

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31