Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում շատ թաղամասեր օրական ընդամենը 2-3 ժամ են ջուր ստանում, իսկ Մեղրիից հեռու գտնվող Արաքսաշեն թաղամասի բնակիչները` հազիվ 1 ժամ: Մեղրեցիները բազմիցս են դժգոհել, որ իրենց ոչ միայն շուրջօրյա ջուր չի մատակարարվում, այլ եղած ջուրն էլ անորակ է եւ նորմային չի համապատասխանում: Նորընտիր քաղաքապետը համայնքի կարեւորագույն խնդիրներից է համարում քաղաքի ջրամատակարարման բարելավման ու բնակչությանը որակյալ ջրով ապահովման հարցը, որի լուծումն իր առաջնահերթ նպատակներից է համարում: «Մեղրիում ջրատարով մատուցվող ջուրը մաքրության իր տեսանկյունից չի համապատասխանում ոչ մի նորմայի: Խմելու ջրի որակը վատթարացել է հատկապես ջրատար կայանում իրականացված շինարարական աշխատանքներից հետո: Ջրատար խողովակաշարը իր հետ մազութ է բերում: Ըստ էության, այդ մազութը կա’մ շռայլորեն են ծախսել, կա’մ ոչ ճիշտ ժամանակին, չգիտեմ թե ինչի համար էր անհրաժեշտ այդքան մազութ պատերին, դա մասնագետը մենակ կարող է ասել, բայց որ ջուրն այսօր առհասարակ կեղտոտ է մատուցվում ժողովրդին, դա արդեն փաստ է: Հիմա մենք ստիպված պետք է փոխենք նաեւ խողովակաշարը: Ոչ թե միայն ազատվենք կայանի այդ ողջ մազութից, այլ դրան զուգահեռ ստիպված ենք նոր խողովակաշար կառուցել, որպեսզի կարողանանք բնակիչներին նորմալ ջուր տրամադրենք», – նշեց Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննսիյանը, ով նաեւ կարեւորում է քաղաքի ջրագրաֆիկի կարգավորման հարցը: Ջրառատ Մեղրիում ներկա դրությամբ կա ջրի սակավություն, քաղաքացիները 24 ժամ շարունակ ջուր չեն ստանում, նույնիսկ այգիներն են ստիպված լինում ջրել խմելու համար տրամադրվող եղած ջրով: «Մեղրիում կա ոռոգման 3 առու, եւ վերին առու, որտեղով հոսում է ոռոգման ջրի ողջ պաշարի մոտ 40%-ը, դրանք տարիներ շարունակ եղել են փլուզված վիճակում: Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ոռոգման առուները նորոգել, քաղաքացուն տալ ոռոգման ջուր, որից հետո նոր կարելի է նրան պարտադրել, որ իր այգին ջրի ոռոգման ջրով, ինչի արդյունքում ջուրը կսկսի բավարարել ժողովրդին: Երբ որ քաղաքացու մոտ են ջրի կորուստ հայտնաբերում, պատժում են քաղաքացիներին, իսկ մնացած դեպքերում չգիտեմ ում է անհրաժեշտ պատժել, թեեւ հակված էլ չեմ պատժելու, առավել շատ ուզում եմ մտածել, որպեսզի խողովակաշարը, ջրատարը փոխվի: Ժողովրդին այնքան ենք հնարավորություններից զրկել, որ եթե ստացվի նրանց նորմալ ջուր տալ, մարդիկ կսկսեն իրենց երջանիկ զգալ»,- ասաց պարոն Հովհաննիսյանը եւ հավելեց, որ խնդրի կարգավորման ուղղությամբ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվել եւ դրական առաջընթաց կա:
Վերջերս Մեղրի այցելած «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորնեի հետ հանդիպում-քննարկում է կայացել խնդրի վերաբերյալ եւ նախնական պայմանավորվածությամբ ջրամատակարար ընկերությունը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ անել եւ աշխատանքներ տանել հարցի կարգավորման ուղղությամբ: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի մամլո ծառայությունից տեղեկացրեցին, որ Մեղրու ջրամատակարարման խնդրի լուծման ուղղությամբ դեռեւս քննարկումները շարունակվում են, ավարտական փուլում են գտնվում եւ դրանց վերջնական հաստատումից հետո միայն տեղեկատվություն կտրամադրվի Մեղրիում նախատեսվելիք աշխատանքների եւ իրականացվելիք ծրագրերի մասին: Իսկ Մեղրիում այսքանով խնդիրները չեն ավարտվում, լուրջ անելիքներ կան առողջապահության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում: Քաղաքապետը նախապես ոչինչ խոստանալ չի ուզում, եւ ասել, որ այդ բոլոր խնդիրներն անպայման կլուծի առաջիկա տարիներին` ճիշտ չի գտնում, բայց հավաստիացնում է, որ անհրաժեշտ բոլոր քայլերը կձեռնարկի եւ հետամուտ կլինի հեռավոր Մեղրիում առկա խնդիրների հնարավոր լուծման եւ բնակիչների հոգսերի թեթեւացման ուղղությամբ:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ