Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր պաշտոնյաների չհիմնավորված եկամուտների մասով քրգործ չեն հարուցում, մինչդեռ դա քրեականացվող հանցագործություն է

Դեկտեմբեր 20,2012 19:24

Այսօր ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարի մասին, նշեց, որ անհրաժեշտ է հակակոռուպցիոն անկախ մարմին ստեղծել, իսկ առաջին հերթին՝ ընդունել հակակոռուպցիոն օրենք:

Aravot.am-ը պարոն Մինասյանից հետաքրքրվեց՝ կաշառք վերցնելու համար, ըստ կաշառքի ծավալի, օրենքով արդեն պատիժ նախատեսված է, եւ վերջերս էլ բժշկասոցիալական գործակալությունում բացահայտվեց, որ տարիներ շարունակ կաշառքներ են տրվել աշխատակիցներին, սակայն ընդամենը ղեկավարն աշխատանքից ազատվեց, իսկ նոր օրենքը ի՞նչ կտա կոռուպցիան գոնե նվազեցնելու առումով: «Հայաստանում հակակոռուպցիոն օրենք չկա, խոսքը գնում է 3 հիմնական սկզբունքների մասին՝ կանխարգելում, բացահայտում եւ պատասխանատվություն: Հիմնական շեշտադրումը կանխարգելման վրա պետք է դնենք, այնպիսի մեխանիզմներ պետք է դնենք, որ արագ բացահայտվեն՝ թե քրեական հանցագործությունը, թե վարչական զանցանքը: Կանխարգելումը, բացահայտումն ու պատասխանատվության ենթարկելը, 3-ն իրարից չպիտի տարանջատել: Եթե, օրինակ, շհատուկ քննչական ծառայությունը գործում է դատախազության ենթակայության տակ,  որն, ի դեպ միջազգային փորձում անկախ մարմին է, մեզ մոտ այդ համակարգը ձեւախեղվել է, երբ մտել է այդ ենթահամակարգի մեջ>,-ասաց պարոն Մինասյանը:

Ինչ վերաբերում է պատասխանատվության ենթարկելուն, ԱԺ պատգամավորի խոսքերով՝  ֆորմալ առումով Հայաստանը ամրագրել է եւ փոփոխություն է իրականացրել քրեական օրենսգրքում գրեթե բոլոր հանցագործությունների մասով, բացառությամբ մեկ կարեւոր եւ սկուզբունքային հանցագործության. «Օրինակ՝ քրեականացման չի հանգեցվել այն, որ յուրաքանչյուր պաշտոնատար անձ իր եկամուտների հայտարարագրման դեպքում պետք է բավարար հիմնավորում ներկայացնի: Եթե իր հրապարկած եկամուտը տվյալ տարում եղել է 10 միլիոն դրամ, իսկ տարվա վերջում աճել է 30 միլիոնով, պետք է հիմնավորի՝ որտեղի՞ց 20 միլիոնը, ես մեղմ թվեր եմ ասում: Իսկ միջազգային պրակտիկայում մեխանիկորեն վարույթ է հարուցվում, եւ սկսվում են կոնկրետ մեղադրանքներ եւ բացահայտումներ: Դա միջազգային կոնվենցիաներում ամրագրված է որպես հանցագործության դեպք եւ քրեականացրել են, մեր օրենսդրությունը չի քրեականացրել»:

Իսկ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կաշառքների վերաբերյալ կառավարության կայացրած՝ աշխատանքից հեռացնելու որոշման հետ պարոն Մինասյանն այնքան էլ համաձայն չէ. «Ընդհանրապես հանրային ծառայողների նկատմամբ այս գործողությունները, որ ձեռնարկվում են, ես որպես քաղաքացի եւ Ազգային ժողովի պատգամավոր, ընդունելի մեթոդներ չեմ համարում: Եթե դուք դիտարկեք հանրային ծառայողների վարձատրությունը, հավատացնում եմ ձեզ, անգամ եթե դուք լինեիք այդ հանրային ծառայողի փոխարեն, միգուցե ավելի լավ քայլեր չանեիք: Հավատացեք, մի երկրում, որտեղ հանրային ծառայողի միջին աշխատավարձը չի անցնում 120 հազար դրամը, մարդը, որը ընտանիք է պահում, ունի սոցիալական պատասխանատվություն, շատ քչերը կլինեն, որ չգնան այդ գայթակղությանը: Դրա համար եմ ասում՝ տվեք եւ պահանջեք, եթե չեք տալիս բավարար աշխատավարձ, պահանջը կառավարման տեսակետից բարոյազրկվում է: Միայն աշխատավարձը բարձրացնելով էլ հնարավոր չէ պայքարել,  բայց նաեւ բարոյական չէ, երբ մարդուն աղքատության վճար ես տալիս ու ասում՝ բարոյական աշխատի: Եթե ինքը դուրս եկավ աշխատանքից, մյուսն եկավ, էլի արդար չի աշխատի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31