Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վենետիկի 55-րդ միջազգային բիենալեի հայկական տաղավարի կազմակերպման խափանման մեջ արվեստագետները մեղադրում են Մշակույթի նախարարությանը

Դեկտեմբեր 20,2012 17:51

Այսօր «Հայելի» ակումբում Մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը եւ արվեստի քննադատ Լիլիթ Սարգսյանը խոսեցին Վենետիկի 55-րդ միջազգային բիենալեի հայկական տաղավարի կազմակերպման խափանումից: Լիլիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ շուրջ հարյուր տարվա պատմություն ունեցող Վենետիկի միջազգային բիենալեն ժամանակակից արվեստի ամենանշանավոր, կայացած ֆորումն է աշխարհում եւ անցկացվում է երկու տարին մեկ.  «Մեզ հետաքրքրում է Հայաստանի տաղավարի տեղը, դերը եւ նշանակությունը, քանի որ յուրաքանչյուր տաղավար ներկայանում է իր երկրի դրոշի ներքո, այսինքն` վերածվում է ազգային տաղավարի, արտացոլում է պետության մշակութային քաղաքականությունը եւ ներկայացնում է պետության վերաբերմունքը ժամանակակից արվեստի հանդեպ: Երբ երկիրը բիենալեի կազմկոմիտեից ստանում է հրավեր-նամակ, նշանակում է կոմիսար, ով ապահովում է տաղավարի բացման համար նախատեսված դրամահավաքը եւ նշանակում է համադրողի, ով իր հերթին զբաղվում է արվեստի վերաբերյալ հարցերով: Նա ընտրում է արվեստագետներին, եւ մշակվում է բիենալեին ներկայացվելիք նախագիծը»:

Լիլիթ Սարգսյանին խոսքով. «2010թ-ին բիենալեին մասնակցության կազմակերպման ընթացքը բեկումնային էր, քանի որ ՆՓԱԿ-ից հետ կազմակերպչական աշխատանքները ստանձնեց Մշակույթի նախարարությունը: Նոյեմբերի 21-ին նախարարության կայքում տեղադրվեց հայտարարություն, համաձայն որի` ընդունվում են հայտեր` ֆորումին Հայաստանի մասնակցության հայեցակարգի եւ հայկական տաղավարի բովանդակային ձեւավորման առաջարկությամբ: Հայտարարության մեջ նշվում է, որ առաջարկների ընդունման վերջնաժամկետն է դեկտեմբերի  15-ը, իսկ հաղթող առաջարկի հեղինակը կընդգրկվի Վենետիկ մեկնող պատվիրակության կազմում: Զանգահարեցի նախարարություն եւ փորձեցի պարզել նախագծի վերաբերյալ մանրամասներ, սակայն ասացին, որ ոչինչ չգիտեն, անգամ` կոմիսար եւ համադրող չի նշանակվել:  Նախկինում, երբ կազմակերպչական գործառույթը ՆՓԱԿ-ին էր, նման խնդիրներ չէին առաջանում: Բացի այդ, նախարարությունը հայտարարություն է տարածել բիենալեի հայտարարությունից երեք ամիս հետո, այսինքն` արվեստագետներն ունեին պատրաստվելու ընդամենը 26 օր ժամանակ»:

Իսկ Սեյրանուհի Գեղամյանի պնդմամբ «Նախարարությունը մինչ այդ համապատասխան քայլեր չի ձեռնարկել, քանզի որպես պաշտոնական կառույց`  բիենալեից չի ստացել պաշտոնական նամակ-հրավեր` չնայած այն հանգամանքին, որ 2013թ-ի բյուջեում ամրագրել է կազմակերպմանն աջակցելու մասին: Իսկ նախորդ անգամ մենք ստացել էինք հրավեր: Նախարարությունը ոչ թե միջոցառումը կազմակերպողն է, այլ կազմակերպմանն աջակցողը: Խնդիրն այն է, որ ոչ մեկ նախագծի առաջարկով հայտ չի ներկայացրել մեզ: Եթե հայտ ներկայացվեր, ձախողում չէր լինի»:

Ասուլիսին ներկա արվեստագետները պնդում էին, որ ցանկացել են հայտ ներկայացնել եւ հետաքրքրվել են մանրամասներով, սակայն նախարարությունից պատասխանել են, որ իրենք էլ չգիտեն դրանց մասին, քանի որ հրավեր չեն ստացել:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31