Այս տհաճ միջադեպը տեղի է ունեցել Քութաիսիում, ուր Միխեիլ Սաակաշվիլին այցելել էր դեկտեմբերի 19-ին եւ այցելել իր կուսակցության՝ Միացյալ ազգային շարժման գրասենյակ:
Քութաիսիում նա ելույթ է ունեցել, ասել է, որ Վրաստանում տիրող իրավիճակը ժամանակավոր է, առաջիկա նախագահական ու տեղական ինքնակառավարման ընտրություններում Միացյալ ազգային շարժումը Վրաստանին կվերադարձնի նախկին դիրքերը: Սաակաշվիլին նշել է, որ Վրաստանի նոր կառավարությունը մեկ ամսվա մեջ ավելի շատ սխալներ է թույլ տվել, քան իրենք կառավարման 9 տարիների ընթացքում:
Նույն օրը ավելի վաղ, մինչ Քութաիսի մեկնելը, Սաակաշվիլին վարչապետի «Վրացական դաշինք» կուսակցությանը բնորոշել էր որպես «քանդողների մեծ բրիգադ»:
Քութաիսիում Վրաստանի խորհրդարանի, ինչպես նաեւ Միացյալ ազգային շարժման գրասենյակի շենքի մոտ հավաքվել են Սաակաշվիլիի հրաժարականը պահանջող տասնյակ մարդիկ: Նրանք արգելափակել են կուսակցության գրասենյակի շենքի մուտքը եւ թույլ չեն տվել, որ Սաակաշվիլին դուրս գա շենքից: Թիկնապահները ճանապարհ են բացել եւ նախագահին դուրս ուղեկցել, բայց երբ նախագահական ավտոշարասյունը շարժվել է տեղից, հավաքվածները սկսել են քարեր նետել մեքենաների վրա: Նրանք հարձակվել են նաեւ պատգամավոր Ակակի Մինաշվիլիի վրա եւ նրա հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրել։
Կարդացեք նաև
Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին խստորեն դատապարտել է Քութաիսիում տեղի ունեցած միջադեպը, քննադատել է ոստիկանությանը միջադեպը չկանխելու համար:
Գրավոր հայտարարությամբ հանդես է եկել նաեւ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Նա դատապարտել է միջադեպը, իրավապահներին կոչ է արել հետաքննություն անցկացնել եւ միջոցներ ձեռնարկել նման միջադեպերը հետագայում կանխելու համար: Իվանիշվիլին նաեւ կոչ է արել բնակչությանը ձեռնպահ մնալ հակամարտություններից ու չտրվել սադրանքներին:
Վերջին օրերին Վրաստանի նախագահի ու վարչապետի, նրանց համակիրների միջեւ տարաձայնությունները էլ ավելի են սրվում: Սաակաշվիլիի կառավարության նախկին անդամների ձերբակալությունները շարունակվում են:
Կոռուպցիոն մեղադրանքներով երեկ ձերբակալվել են էներգետիկայի նախկին նախարար Ալեքսանդր Խետագուրին եւ կառավարության նախկին անդամ, այժմ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ղեկավար Նիկա Գվարամիան: Ձերբակալվել են նաեւ էլեկտրաբաշխիչ ցանցի գլխավոր տնօրենը, էկոնոմիկայի նախկին փոխնախարարը։ Նրանք մեղադրվում են 1 միլիոն ԱՄՆ դոլար գումարի անօրինական փոխանցման եւ այլ խախտումների առնչությամբ։
Միխեիլ Սաակաշվիլին քննադատել է չորեքշաբթի օրը իրականացված ձերբակալությունները՝ պնդելով, որ իր նախկին նախարարներին ներկայացված մեղադրանքները «բացարձակապես կապ չունեն իրականության հետ»։
«Շատ շուտով այս ամենը կավարտվի, եւ կավարտվի շատ վատ նրանց համար, ովքեր այս ամենն անում են, ցանկանում եմ նրանց զգուշացնել, – ասել է Սաակաշվիլին՝ ընդգծելով,- «Նրանք շատ մոտ են վտանգավոր սահմանագծին, ես սա ասում եմ որպես այս երկրի նախագահ եւ քաղաքացի»:
Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ու նրա կողմնակիցները վերջին օրերի իրենց քայլերով նաեւ փորձում են օրենսդրորեն սահմանափակել երկրի նախագահի լիազորությունները՝ նրա ենթակայության տակ մնացած ուժային կառույցները հանել նախագահի ենթակայությունից ու հանձնել կառավարությանը:
Դեկտեմբերի 18-ին, խորհրդարանը, որտեղ Իվանիշվիլիի «Վրացական երազանքը» մեծամասնություն ունի, սկսեց քննարկել մեծամասնության կողմից ներկայացրած մի օրինագիծ, որն առաջարկում է նախագահի ենթակայության տակ գտնվող հատուկ ծառայությունները՝ բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը, պետական հաստատությունների պահպանությունը ապահովող ծառայությունը հանձնել կառավարությանը:
Նոր կառավարությունը նաեւ մտադիր է քանդել վերջին տարիներին Թբիլիսիում կառուցված մի քանի ժամանակակից շինություններ՝ համարելով, որ դրանք «անճոռնի են» ու աղավաղում են մայրաքաղաքի դիմագիծը:
Հրաչ Մելքումյան
«Ազատություն» ռադիոկայան