Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրիում փոսալցման ու ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող «Գյումրեցի ընկերներ» շինկազմակերպության մոտ 40 աշխատակիցներ, մի շաբաթ է` իրենց աշխատավարձի պարտքերը նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանից են պահանջում: Տեսնելով, որ քաղաքապետարանում որևէ հույս չեն տալիս` պատճառաբանելով, որ նախորդ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ժամանակին պայմանագիր չի կնքել «Գյումրեցի ընկերներ» հետ, հետևաբար և իրենք չգիտեն իրո՞ք պարտք են այս կազմակերպությանը, թե՞ ոչ , բանվորները այժմ էլ բողոքով թակում են Շիրակի մարզպետարանի դռները: Aravot.am-ը Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանից հետաքրքրվեց, թե ի վերջո, ինչպե՞ս է լուծվելու այս ընկերության աշխատակիցների աշխատավարձի հարցը: «Հարցը կլուծվի, երբ Գյումրիի քաղաքապետարանում ավարտվեն Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության վերահսկիչ վարչության աշխատակիցների աշխատանքները, նրանք դեռ աշխատում են, ընդհանրական ակտի պայմաններում կերևա պարտքը և պահանջը, պարտք կլինի, անմիջապես կվճարվի, չի լինի` չի վճարվի: Այսինքն մենք կունենանք ընդհանուր փաստաթուղթ, որտեղ գրված կլինի`Էլեկտրոցանցին` կրեդիտորական պարտք, գազին` դեբիտորական պարտք, «Գյումրեցի ընկերներին» պարտք, չգիտեմ սննդին պարտք, և արդյունքում պարտքը կազմում է X դրամ և դա կվճարվի:Իսկ եթե այդ փաստաթղթում չի լինի ասենք Պետրոսյան Սեյրանի պարտքը, չի վճարվի , պարտքը գոյանում է համապատասխան սահմանված կարգով` պայմանագրային պարտականությունները կատարելիս, եթե պայմանագիր ունենք, ու չեն վճարել, դա պետությունը կվճարի, դա երաշխավորված է: Վաղը մյուս օր դուք կլսեք, որ Գյումրու քաղաքապետարանը կունենա հնարավորություններ գոյացած պարտքերը` հիմնավոր պայմանագրով պարտքերը վճարելու համար»,- պարզաբանեց փոխմարզպետը, որի մոտ և բողոքով ներկայացել էին «Գյումրեցի ընկերները»:
Հիշեցնենք, որ «Գյումրեցի ընկերների» մասին խոսելիս, Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը ավագանու նիստերից մեկի ժամանակ իր վրդովմունքն էր հայտնել` դժգոհելով, որ Վարդան Ղուկասյանը դոտացիայի գումարները` ուղիղ 335 միլիոն դրամ, աշխատավարձ տալու փոխարեն փոխանցել է այս ընկերությանը:
Բալասանյանին նաև զայրացրել էր այն, որ այժմ էլ քաղաքապետարանը իբրև թե պարտք է մնացել այդ ընկերությանը` 427 միլիոն դրամի չափով: «Ի՞նչ է կատարվել, 335 միլիոնին գումարենք 427, մոտավորապես 750 միլիոն դրամ այս ընկերությունը ասֆալտապատման աշխատանքներ է կատարել, այդ ասֆալտապատումը եղել է փոսային նորոգումներով, եւ դա եղել է հիմնականում հուլիս ամսից հետո: Հուլիս ամսից հետո մենք էդքան աշխատա՞նք ենք կատարել փոսալցման», -ավագանու նիստերից մեկի ժամանակ իր կասկածներն էր հայտնել նորընտիր քաղաքապետը:
Կարդացեք նաև
Արձագանքելով այս նույն թեմային` Գյումրու նախորդ քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էլ իր հերթին զարմացել էր Սամվել Բալասանյանի բարձրացրած աղմուկ-աղաղակից ու հասկացրել էր սուսուփուս, գլուխը կախ, տալիք անել ու պարտքերը փակել , քանի դեռ «Գյումրեցի ընկերները» դատի չեն տվել քաղաքապետարանին ու հաշիվների վրա կալանք դրել:
Պարոն Ղուկասյանը զարմանալիորեն նաև հերքել էր, թե այդ կազմակերպությունը պատկանում է իր տղային: «Իմ տղան աշխատակից չունի: Դա ձեր լրատվականի սարքած հերթական հերյուրանքներն է: Դա «Գյումրեցի ընկերներ» կառույցն է, որն անկախ կառույց է, և այդ մարդիկ աշխատել են և, ցավոք սրտի, աշխատավարձ չեն ստացել: Իրենք հսկայական պարտք են էդ կառույցին, ինչքան ես գիտեմ, և իրենք պետք է տալիք անեն, որ այդ մարդկանց աշխատավարձը տան, մինչև դատ-դատաստանը: Լավ կլինի, որ դատարաններում չհայտնվեն, այլ կոմպրոմիսի գնային, և էդ կառույցներին նորմալ, առանց քաղաքապետարանը տրաքացնելու, ոնց որ ես էի տալիս պարտքերը, չափի մեջ հավաքագրում էի եկամուտները ամսական 100-150 մլն, և ութ ամսվա ընթացքում կարելի էր էս պարտքերը փակել: Էսքան աղմուկ, էսքան աղաղակ, էսքան վայնասունը ավելորդություն եմ համարում», -«Առաջին լրատվականի» հետ հարցազրույցում խորհուրդ էր տվել Գյումրու 13 տարվա քաղաքապետը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ